Դպրոցի տնօրենների նշանակման հետ կապված միջնորդությունները ամենատարբեր տեղերից են. ԿԳՄՍ նախարար

ԼԼիլիթ Ասատրյան

Դպրոցի տնօրեն նշանակելու նոր կարգը գործելուց հետո պաշտոնի թեկնածուներից շատերի ներկայացրած զարգացման ծրագրերը դրական եզրակացություն չեն ստանում, ինչն էլ պատճառ է դառնում, որ փորձեր արվեն խնդիրը միջնորդություններով լուծել: Դրան ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ուզում եմ հիշեցնել, որ ցանկացած միջնորդության փորձ այս գործընթացում աշխատելու է ոչ թե կողմ, այլ դեմ։ Իսկ ծրագրերն այլոց մոտ գրել տալու, գրագողության փորձերը կասեցնելու ենք հենց սկզբից:

Առաջարկում եմ կենտրոնանալ բովանդակային աշխատանքի վրա, դա է հաջողելու միակ ճանապարհը։

«Ում են դիմում և որտեղից են գալիս այդ միջնորդությունները»,- հարցրինք նախարարին:

Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Կարծում եմ՝ որևէ մեկի համար գաղտնիք չեմ բացահայտել. մենք ապրում ենք մի հասարակությունում, ցավոք, որտեղ դեռ պետք է բավական ճանապարհ անցնենք՝ հասկանալու, որ օրենքը, ընթակարգերը գործում են, նշանակություն ունեն, և եթե կան կարգեր, այլևայլ ճանապարհներ պետք չէ փնտրել: Էնպես որ այդ միջոցները, որ փորձեր են արվում գործադրվել, ամենատարբեր տեղերից են:

Նախարարն ընդգծում է՝ զիջումներ չեն լինելու, սկզբունքային և խիստ հետևելու են, որ ամեն ինչ արվի ըստ ընթացակարգի: Պատվիրված ու գրագողություն պարունակող զարգացման ծրագրերի մասին նրա հայտարարությունն էլ հիմնված է օրինակների վրա:

Կարծում եմ, որ համապատասխան հանձնաժողովն իր առաջիկա նիստում հստակ եզրակացություն կտա այդ ծրագրերի վերաբերյալ և դրանք ներկայացնող անձանց աշխատանքի:

Բացի դրանից՝ գերատեսչությունը փոփոխություն է նախաձեռնել հավաստագրի տրամադրման կարգում: Նախատեսվում է գրագողությունը հաստատվելու դեպքում անձին զրկել հավաստագրից, որի առկայությունը պարտադիր պայման է դպրոցի տնօրեն դառնալու համար: Գրագողություն պարունակող ծրագրերը, Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ, քիչ չեն՝ բացահայտված դեպքերը մոտ 30 տոկոսի են հասնում:

Հիշեցնենք, դպրոցների տնօրենների լիազորություններն ավարտվելու դեպքում գործում է տնօրենների նշանակման նոր կարգը։ Ըստ այդմ՝ տնօրենի պաշտոնին հավակնողների առաջարկած զարգացման ծրագրերը նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը եզրակացություն տալուց առաջ ուղարկում է անկախ փորձաքննության, իսկ սահմանված շեմը չհաղթահարած անձանց հետ պայմանագիր կնքվել ուղղակի չի կարող։ Արդեն իսկ իրականացված փորձաքննությունները ցույց են տվել, որ զարգացման ծրագրերի որակը շատ հեռու է բավարար լինելուց, դիմողների ճնշող մեծամասնությունը չի հաղթահարում շեմը, փաստորեն հաճախ նաև գրագողության պատճառով: Մինչդեռ, հանրակրթության կառավարման ոլորտում կատարված փոփոխությունների համաձայն, տնօրեններն այսուհետ պատասխանատու են միայն կրթության որակի համար և ոչ վարչատնտեսական աշխատանքների:

Հեղինակ՝ Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում