Ամբաստանյալի աթոռին են ՊՆ նախկին նախարարը, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատարը ու ևս 10 հոգի

ԼԼիլիթ Ասատրյան

Հակակոռուպցիոն դատարանում սկսվեց Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի ու եւս 10 անձի վերաբերյալ գործի քննությունը: Նիստը անցկացվեց դռնփակ կարգով, ինչին դեմ էր պաշտպանական կողմը և դռնբաց քննելու միջնորդություն ներկայացրեց:

Հակոբ Ենոքյան (Գրիգորի Խաչատուրովի պաշտպան) - Նախնական լսումների փուլում դռնփակ դատական քննություն իրականացնելու լիազորություն դատարանը չունի, էնտեղ հստակ կարգավորումներ կան, թե նախնական դատալսումների վերաբերյալ որոշումը ինչ բովանդակություն պետք է ունենա, դրա մեջ դատական նիստի հրապարակայնության հետ կապված որևէ նշում չկա:

Քանի որ դատական նիստը դռնփակ անցկացնելու որոշումն անփոփոխ մնաց, մանրամասների վերաբերյալ լրատվամիջոցներին տեղեկություն հաղորդեց պաշտպան Ենոքյանը: Նա նշեց` դատավարության մասնակիցներին պետական գաղտնիք չհրապարակելու արձանագրություն են տրամադրել, իրենք այն դեռ չեն ստորագրել:

Հակոբ Ենոքյան - Բոլոր փաստաբաններն էլ այսպես տարակուսեցին այդ առումով, որովհետև նախ պետք է իմանանք` որն է պետական գաղտնիքը, որովհետև համատարած վարույթի բոլոր նյութերը համարակալված են գաղտնի, օրինակ` Գրիգորի Խաչատուրովի մեղադրանքի վրա գրված է «գաղտնի», բայց դրանում որևէ գաղտնի տեղեկություն չկա, դրանում էնպիսի տեղեկություններ են, որոնք ԱԺ-ում գլխավոր դատախազի կողմից հրապարակվել են:

Այս գործով կալանքի տակ են երկու անձ՝ Գրիգորի Խաչատուրովն ու Դավիթ Գալստյանը: Ամբաստանյալի աթոռին է նաև Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Մանուկ Վարդանյանը: Նա մեղադրվում է կոմիտեի նախագահ եղած տարիներին 2 դրվագով պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար: Սեյրան Օհանյանը մեղադրվում է մի քանի դրվագով` խոշոր չափի գույք հափշտակելու և վատնում կատարելու համար։ Ըստ գործի` Օհանյանը նախարարության` օտարման ոչ ենթական հողամասերը՝ զորանոցով, կից այլ շինություններով վաճառել է մի քանի անգամ ցածր գնով։ Նախկին նախարարը, սակայն, մեղադրանքը չի ընդունում, նիստից հետո հայտարարեց՝ գործընթացը քաղաքական է և շինծու:

Սեյրան Օհանյան (ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ամբաստանյալ) - Եթե կոնկրետ գործը վերաբերում է օտարման գործընթացին` հողերի, կոնկրետ այն հողերի, որոնք Արարատի մարզում են, նախ և առաջ ուզում եմ որ մեր հանրությունը իմանա, որ դրանք զորամասեր չեն: ՀՀ զինված ուժերի զարգացման ընթացքի հետ զուգահեռ բոլոր այն հողակտորները, որոնք որ նախկինում զբաղեցված են եղել ՊՆ-ի կողմից, հասկանալի է, չէ, որ բանակի կազմավորման սկզբնական փուլում օգտագործել են բոլոր հնարավոր միջոցները, իսկ այդ հողերը անպիտան են, պետք չեն եղել, գոյություն ունեցող օրենքի շրջանակներում օտարվել են:

«Լուրեր»-ի դիտարկմանը՝ այնուամենայնիվ, օտարման համար Կառավարության որոշում պետք է լիներ, Օհանյանն ասաց՝ նիստ է ընթանում, բոլոր հարցերը կպարզաբանվեն:

Սեյրան Օհանյան - Այդ բոլոր գործընթացների վաղեմությունը անցել է, ես նույնիսկ չեմ էլ հիշում, և ՊՆ-ում գոյություն ունեն գործընթացներ, որոնք որ իրականացնում է ոչ թե մեկ անձը, այլ բոլոր այն կառույցները, ովքեր դրա համար պատասխանատու են:

Ըստ դատախազության՝ Սեյրան Օհանյանի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է մի քանի մլրդ դրամի վնաս: Անպիտան հրթիռների դրվագով, բացի Սեյրան Օհանյանից, մեղադրյալ է նաև Դավիթ Գալստյանը: Նա անցնում է նույնաբովանդակ մեկ այլ գործով ևս, որտեղ իր հետ այս անգամ էլ պաշտպանության նախկին նախարարներից Դավիթ Տոնոյանն է ամբաստանյալի աթոռին:

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին՝ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը, մեղադրվում է փողերի լվացման համար: Երբ փետրվարի սկզբին խորհրդարանը քննում էր Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարեց՝ Արարատի մարզի Արմաշ համայնքի զորամասի տարածքը 2009-ին վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին 4 միլիոն դրամով: Դատարանը այս նիստին պետք է քններ Խաչատուրովի խափանման միջոց կալանքը երկարաձգելու կամ փոփոխելու հարցը, բայց պաշտպաններից մի քանիսի բացակայության պատճառով այն կքննվի մյուս նիստին:

Հեղինակ` Տաթև Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում