Նոր, բայց արդեն խափանված «ԳԱԶել»-ները երբ դուրս կգան երթուղի. քաղաքապետարանի գործակարգավարական նիստը

ԼԼիլիթ Ասատրյան

ԵՐԵՎԱՆԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ Է

Երևանի տրանսպորտային ցանցի բարեփոխման շրջանակում նպատակ կա երթուղային գծերից ամբողությամբ դուրս բերել հին «ԳԱԶել»-ները: Քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում քննարկվեց նաև նոր «ԳԱԶել»-ների ճակատագիրը: Դրանց շուրջ 50 տոկոսը խափանվել է, սակայն խնդիրը լուծելու համար երկարաձգվել է բանկային երաշխիքի գործողության ժամկետը:

Հովհաննես Մանուկյան («Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն) - Անցած շաբաթ մոտավորապես թվով 10 «ԳԱԶել»-ներ արդեն սպասարկել են և տվել են մեզ, ու հիմա ամեն շաբաթ այդ գործունեությունը կատարվում է:

Տրանսպորտային պարկը նորացնելու համար նաև տրոլեյբուսների նոր խմբաքանակի ձեռքբերման մրցույթ կհայտարարվի: Արդեն իսկ գնված տրոլեյբուսները ե՞րբ Վրաստանից կհասնեն Հայաստան՝ հետաքրքրվեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Վազգեն Հարությունյան (տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար) - Պաշտոնական տեղեկություն չենք ստացել մատակարար ընկերության կողմից՝ ուշացման և խնդիրների հետ կապված, բայց ոչ պաշտոնական տեղեկությունն այն է, որ 4 հատը գտնվում է Վրաստանի տարածքում, շուտով կանցնեն դեպի Հայաստան

Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - 1 ամսից ավելի է, ինչ ասում եք, թե տրոլեյբուսները շուտով հասնում են: Խնդրում եմ, որ արդեն պայմանագրի կետերին նայելով՝ հասկանանք՝ ինչ է պետք անել:

ՓՈՍԱԼՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱՆ ՆՈՒՅՆ ՕՐԸ. ԱՎԻՆՅԱՆ

Ճանապարհաշինության ոլորտում ևս խնդիրներ կան մրցույթում հաղթած ընկերությունների հետ: Երևանի տարբեր վարչական շրջաններում փոսալցման աշխատանքներ կատարելու պարտավորություն ստանձնած երկու կազմակերպություն նկատողություն են ստացել աշխատանքը չսկսելու համար:

Խորեն Գրիգորյան (Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար) - Իրենք չունեն համապատասխան ոչ տեխնիկական միջոցները, ոչ տարածք, որտեղից ասֆալտ են ներկրում: Մենք սկզբնական շրջանում իրենց կցեցինք մեր այն գործընկերներին, ովքեր ունեն ասֆալտի գործարանները, որ իրենց հետ համագործակցեն, բայց այստեղ էլ խնդիր է առաջանում: Այսինքն՝ մենք չենք կարող իր գործը մենք իրականացնենք:

Տիգրան Ավինյան - Եկեք ֆիքսենք, որ այսուհետ մեզ մոտ փոսալցման աշխատանքները տեղի են ունենում քանդում և փոսալցում նույն օրը: Սա է մեր պահանջը բոլոր կապալառուների նկատմամբ, ովքեր այս պահանջին բավարարում են, թող գան, մասնակցեն:

ԱՐՑԱԽԻ ՓՈՂՈՑԻ 4-ՐԴ ԿԱՐԳԻ ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ԽՆԴԻՐԸ

Արցախի փողոցի՝ քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային շենքերի խնդիրն այս գործակարգավարականի ընթացքում ևս քննարկվեց: Զեկուցվեց, որ բնակիչները մեկ քառակուսի մետրի համար 402 հազար դրամ տրվող փոխհատուցումից դժգոհ են: Պնդում են, թե դրանով Երևանում բնակարան չեն կարողանա գնել, իսկ քաղաքապետարանից հակադարձում են, որ ողջամիտ գումար է առաջարկվում:

Տիգրան Ավինյան - Մենք խոսում ենք 4-րդ կարգի վթարային շենքի մասին, որը պոտենցիալ հնարավոր երկրաշարժից կարող է փլվել, մենք գիտակցում ենք մեր պատասխանատվությունը՝ այդ մարդկանց անվտանգությունն ապահովելու տեսանկյունից, չնայած այդտեղ ուղիղ պարտավորություն Երևանի քաղաքապետարանը չունի որպես այդպիսին: Բայց մենք այդ գիտակցումով, հասկանալով վտանգը, հասկանալով քաղաքացիների անվտանգության խնդիրը, մենք գնում ենք ֆինանսական լուծման:

Շարունակելով բնակարանների և շինարարության թեման, Երևանի քաղաքապետի տեղակալը հանձնարարեց խստորեն հետևել մայրաքաղաքում ընթացող շինարարությանը և բացառել շինթույլտվություն ստացած նախագծերից կառուցապատողների շեղումները:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում