«Աուտիզմը դատավճիռ չէ». «Արվեստարան» զարգացման կենտրոնի իրազեկման միջոցառումը

ԼԼիլիթ Ասատրյան

Աուտիզմը դատավճիռ չէ։ Աուտիզմ ունեցող երեխաները և մեծահասակները ևս կարող են կրթություն ստանալ, ունենալ զբաղվածություն և աշխատանք։ «Արվեստարան» զարգացման կենտրոնը այս թեմայով միջոցառում էր կազմակերպել՝ խթանելու ներառականությունը և աջակցելու կազմակերպության աուտիզմ ունեցող երիտասարդներին: Նրանց երազանքն է Երևանում փոքրիկ սրճարան ունենալ, որտեղ կարող են լոշիկներ պատրաստել:

Հասմիկ Թանգյան («Արվեստարան» ՀԿ հիմնադիր) - Այս միջոցառման գլխավոր նպատակներից մեկը 18 տարեկանից բարձր աուտիզմ և զարգացման այլ առանձնահատկություններ ունեցող երիտասարդների կարիքներն են, որ պետք է արդեն զբաղվածությունից անցնեն աշխատանքային զբաղվածության, և ինչի հնարավորությունը մեր երկրում դեռևս չունենք։ 

Կենտրոնի հիմնադրի խոսքով՝ չնայած աուտիզմ ունեցող մարդիկ հատուկ պայմանների և շփման տարբերվող մեթոդների կարիք ունեն, սակայն աշխատել կարող են։ Արվեստարանի սաներից Ինգան, օրինակ, երգում է, նվագում, պարում, նաև՝ աշխատում։

Ինգա Աղոյան - Ես սրճարանում աշխատում եմ. թեյ եմ մատուցում։ Սիրում եմ աշխատանքս։ Ես սիրում եմ աշխատել։

Միջոցառմանը նաև երաժշտաթերապիայի սեանս էր կազմակերպվել։ Երեխաները վերամշակվող նյութերից իրենց համար երաժշտական գործիքներ էին պատրաստում և նվագում։ Մասնագետի խոսքով՝ արտթերապիաները կարող են օգնել աուտիզմ ունեցող մարդկանց ինքնաճանաչողության հարցում։

Մարիա Աուսիլիա Դի Ֆալքո (երաժշտաթերապիայի մասնագետ) - Ես փորձում էի նրանց հետ հաղորդակցվել երաժշտության և հնչյունների, ոչ թե բառերի միջոցով։ Թերապիայով նրանք սովորում են առանց բառերի՝ մարմնի շարժումներով և միմիկաներով հաղորդակցվել միմյանց և այլ մարդկանց հետ. այն կօգնի կառավարել իրենց զգացումները։

Միջոցառմանը դասախոսություններով են հանդես եկել միջազգային հոգեվերլուծական ասոցիացիայի անդամ Ալեքսեյ Կորյուկինը և Մանկական հոգեբանական կենտրոնի տնօրեն Ելենա Կորյուկինան, որոնք վերջին 15 տարիներին հոգեվերլուծության տեսանկյունից են ուսումնասիրել աուտիզմը, ներկայացրել են, թե ինչպես վարվել աուտիզմ ունեցող երեխաների և մեծահասակների հետ:

Ալեքսեյ Կորյուկին (միջազգային հոգեվերլուծական ասոցիացիայի անդամ) - Այս դասախոսության հիմնական խնդիրը ջանքերը համախմբելն է, հավաքվել, հասկանալ, թե ով ինչով կարող է մյուսներին օգնել: Խնդիրը պարզերից չէ, միայնակ հաճախ դժվար է լինում. պետք է մասնագետները, ծնողները և նաև երեխաները համատեղ աշխատեն այս ուղղությամբ:

Աուտիզմի մասին նման միջոցառում «Արվեստարան» զարգացման կենտրոնն առաջին անգամ է կազմակերպում։ Վստահեցնում են՝ իրազեկման միջոցառումները շարունակվելու են։

Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում