Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել են նաև օտարերկրյա հասարակական գործիչները

ԼԼիլիթ Ասատրյան

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար տարբեր երկրներից Հայաստան են ժամանել լրագրողական խմբեր, փաստաբաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Արգենտինահայ Խուան Պաբլո Գեչիչյանը, որ ցեղասպանությունը վերապրած ընտանիքի ժառանգ է, Ծիծեռնակաբերդ է այցելել մի խումբ արգենտինացիների հետ:

Ցեղասպանությունը վերապրած ընտանիքի ժառանգ Վենսան Նիորեն Հայաստան է ժամանել Փարիզի փաստաբանների միության ներկայացուցիչների հետ: Նա մատնացույց է անում, որ մեծ եղեռնից 108 տարի անց էլ հայությունը լրջագույն խնդիրների առաջ է:

Վենսան Նիորե (Փարիզի փաստաբանների միության փոխնախագահ) - Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ոտնձգությունն ու բռնությունը ակնհայտ են: Ցեղասպանության 108-ամյակի նախօրեին Լաչինի միջանցքի նոր երթուղու մուտքի մոտ ադրբեջանական հսկիչ-անցագրային կետի տեղադրումը բոլոր պայմանավորվածությունների ու համաձայնագրերի խախտում է: Մեր այցի նպատակն է տեղում արձանագրել, որ կա ագրեսիա, կա նոր ցեղասպանության վտանգ: Մենք ցանկանում ենք արձանագրել այս բոլոր խնդիրները և միջազգային հանրության ուշադրությունը սևեռել այս հարցերին: Ալիևը պետք է գիտակցի, որ ամբողջ աշխարհի հայությունը ընդվզելու է:

Քիչ չեն նաև ցեղասպանության փաստը դատապարտող թուրքերը: Թուրքական «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպության ներկայացուցիչները Երևանում են: Երեկ Եռաբլուր են այցելել, իսկ այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էին:

Սելայ Էրթեմ («Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպության ակտիվիստ) - Թուրքիայի այս քաղաքականությունը շարունակական բնույթ է կրում, որի պատճառով երկու ժողովրդի հարաբերությունն է փչանում: Ինչպես 100 տարի առաջ, այսօր էլ յուրաքանչյուր երկիր սեփական շահն է հետապնդում, և ինչպես ցեղասպանության ժամանակ կարող էին միջամտել և չէին միջամտում, այնպես էլ հիմա՝ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի դեպքում նույն քաղաքականությունն են վարում:

Ակտիվիստները իրենց գործունեության համար Թուրքիայի բացասական վերաբերմունքին են արժանանում, սակայն նշում են՝ այլընտրանք չունեն, պետք է շարունակեն իրենց աշխատանքը՝ ուղղված երկու ժողովուրդների՝ միմյանց ճանաչելուն, ցեղասպանության դատապարտմանն ու հետևանքների վերացմանը:

Հեղինակներ` Լիանա Խաչատուրյան, Մուշեղ Իսախանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում