Համադպրոցական գիտության փառատոնում հաղթած որոշ նախագծեր կներկայացվեն միջազգային մրցույթներում

ԼԼիլիթ Ասատրյան

Շաքարային դիաբետի բուժման նոր մոտեցումից մինչև մրգերից ու բանջարեղենից էլեկտրաէներգիայի ստացում. համադպրոցական գիտության փառատոնին աշակերտների ներկայացրած այս տարվա նախագծերն են: Մրցույթը մարտի 25-ին էր կայացել, հաղթողներն այսօր են պարգևատրվել: 40 ուսհաստատությունից 83 նախագիծ էր ներկայացվել, հաղթող ճանաչվել՝ 17-ը: Նախագծերից 5-ն այս տարի կներկայացվի միջազգային գիտական մրցույթներում։ ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ նման փառատոնի միջոցով դպրոցականների մոտ հետաքրքրություն են առաջացնում դեպի գիտությունը:

Արաքսիա Սվաջյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Այս տարի ներկայացված ծրագրերը քանակապես շատ ավելի մեծ են, քան նախորդ տարիներին: Սա վկայում է այն մասին, որ մեր դպրոցականները սկսել են ավելի շատ հետաքրքրվել նմանատիպ միջոցառումներով, գիտությամբ: 

Այս տարի գիտության փառատոնը անցկացվել է 5 անվանակարգում՝ կենսաբանություն, ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա և հասարակական գիտություններ: Քիմիա անվանակարգում հաղթած թիմի անդամ, կապանցի Արտյոմ Համբարձումյանը արդեն երկրորդ տարին է` ոչ միայն մասնակցում, այլև հաղթում: Նախորդ տարի ներկայացրել էին պլաստիկ շշերից դիզվառելիք ստանալու նախագիծ, այս տարի առաջարկում են ջրածնի այլընտրանքային արտադրություն, որն առաջիկայում ներկայացվելու է Բրյուսելում:

Արտյոմ Համբարձումյան (Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտ) - Առաջարկում ենք ջրածնի երկու փուլից բաղկացած արտադրություն. որպես էժան հումք ընտրում ենք սովորական ջուրը և քարհանքի աղը: Երկուսն էլ տարածված են Հայաստանում: Համեմատաբար տարածված էժան հումքից կարելի է համակցված քիմիական արտադրություն կազմակերպել:

Արտյոմի քիմիայի ուսուցչուհու խոսքով էլ՝ մարզերում ավելի շատ հետազոտություններ կանցկացվեն և արդյունքներ կգրանցվեն, երբ առաջիկայում նոր լաբորատորիաներ բացվեն, որոնք հագեցած կլինեն համապատասխան սարքավորումներով:

Վարդուհի Օհանջանյան (Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի քիմիայի ուսուցչուհի) - Օրինակ՝ «Արմաթ» լաբորատորիաները կան, իրենք ինֆորմատիկայով կարող են զարգանալ, բայց ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը, մենք չունենք համապատասխան լաբորատորիա: Ավագ դպրոցներն ունեն լաբորատորիա, բայց իրենք էլ չեն հագեցել համապատասխան նյութերով և սարքավորումներով:

«Այբ» դպրոցի աշակերտների նախագիծն էլ մայիսին ԱՄՆ-ում կայանալիք գիտական միջոցառմանն է ներկայացվելու: Հեղինակներն առաջարկում են ստեղծել այնպիսի սարք, որը հնարավորություն կտա նվազեցնել պոլիմերների հասցրած վնասը. արդեն մշակել են սարքի 3D մոդելը:

Անժելա Մաթևոսյան («Այբ» դպրոցի աշակերտ) - Եթե մենք կարողանանք զանգվածային արտադրություն սկսել մեր նախագծած սարքով այս կենսաքայքայվող պոլիմերների, ամբողջ աշխարհում կարող են օգտագործվել կենսաքայքայվող տոպրակներ, կենսաքայքայվող պլաստիկե իրեր, որոնք արագ կքայքայվեն, մի քանի օրում, և չենք ունենա խնդիր օվկիանոսների, հողի, ջրի աղտոտվածության:

Չնայած ներկայացված նախագծերը դեռ դպրոցական մակարդակում իրականացված հետազոտություններ են, բայց փառատոնի կազմակերպիչները վստահ են՝ դրանք առաջիկայում լուրջ հետազոտություններ դառնալու և կյանքի կոչվելու մեծ հեռանկար ունեն:

Հեղինակ` Լուսինե Գրիգորյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում