Հետհաշվարկը տրված է. Երևանում անցկացվող միջազգային սպորտային տոնին 29 օր մնաց

ՎՎարդուհի Բալյան

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության հետհաշվարկը տրված է: Հյուսիսային պողոտայում տեղադրված ժամացույցը հուշում է, որ առաջնության մեկնարկին 29 օր է մնում: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը վստահեցնում է՝ առաջիկա ամսվա ընթացքում սա երևանցիների և հատկապես երեխաների ամենասիրելի վայրերից մեկն է լինելու: Առաջնության խորհրդանիշ հայկական մուֆլոնը կներկայանա ծանրամարտիկի կերպարով:

Արայիկ Հարությունյան (ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար) - Առաջնության մեկնարկին ընդառաջ մենք ունենալու ենք ֆան գոտի հենց այստեղ՝ Կարապի լճի մոտ: Այս տարածքը նաև դառնալու է Եվրոպայի ծանրամարտի առաջնության մրցաշարի կարևորագույն վայրերից մեկը: 

ԿԳՄՍ փոխնախարարն էլ հավաստիացնում է՝ հայ մարզիկները լուրջ հաջողություններ են արձանագրելու, և որպեսզի հետաքրքրված երկրպագուները պարբերաբար տեղեկացվեն նվաճած մեդալների քանակի մասին, հետաքրքիր միտք ունեն:

Կարեն Գիլոյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Եվրոպայի առաջնության ժամանակ տաբլոների մոտ մեդալները կնկարեն, կփակցնեն՝ ըստ հարգի՝ ոսկի, արծաթ, բրոնզ: Ու էդ հետհաշվարկի ցուցատախտակում մարդիկ կտեսնեն, թե Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները քանի մեդալ են նվաճել այդ պահին:

Ապրիլի 15-23-ը մարզահամերգային համալիրում անցկացվող առաջնությանը նախնական տվյալներով 42 երկրից 586 մարզիկ է մասնակցելու: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան մինչ այս պահը չի հաստատել Ռուսաստանի ու Բելառուսի մասնակցությունը:

Կարեն Գիլոյան - Այս պահին Ադրբեջանը վերջնական հաստատել է մասնակցությունը: 5 մարզիկով է մասնակցելու:

Կազմակերպչական աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են: Փոխնախարարը նշում է՝ աննախադեպ բացման արարողություն է սպասվում՝ այնպիսի շոու, ինչպիսին անգամ ծանրամարտի աշխարհի առաջնություններում չի եղել: Քաղաքացիներին էլ խորհուրդ են տալիս բաց չթողնել Երևանում սպորտային խոշոր միջոցառմանը մասնակցելու հնարավորությունը:

Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում