Կամավոր ատեստավորման մասնակցող մանկավարժների ցանկն ընդլայնվում է

ԼԼիլիթ Ասատրյան

Արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողները ևս արդեն կարող են կամավոր ատեստավորման մասնակցել: Դրական արդյունքի դեպքում կստանան լրավճար:

Արաքսիա Սվաջյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Գործընթացը հնարավորություն կտա թեստավորման միջոցով գնահատել այս մասնագետների կարողությունը և թեստավորման ու ատեստացիայի արդյունքում գրանցված արդյունքներին համապատասխան` կիրառել խրախուսման մեխանիզմներ:

Ատեստավորումն անցած մանկավարժական աշխատողը լրավճար կստանա հինգ տարի ժամկետով: Եթե ունի մեկ դրույք ծանրաբեռնվածություն` 

«Ատեստավորման 90-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում լրավճարը կլինի 138.300 դրամ (հարկերը և տուրքերը հանած՝ 100 000 դրամ)
. 80-89 տոկոս արդյունքի դեպքում՝ 111.500 դրամ (հարկերը և տուրքերը հանած՝ 80.000 դրամ)
. 70-79 տոկոս արդյունքի դեպքում՝ 80.600 դրամ (հարկերը և տուրքերը հանած՝ 60.000 դրամ)»:

Այս տարի կամավոր ատեստավորմանը կարող են մասնակցել մարզադպրոցներում ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտ, սամբո, ձյուդո մարզաձևեր, ինչպես նաև արվեստի և երաժշտական դպրոցներում դաշնամուր, երաժշտության տեսություն դասավանդող մանկավարժական աշխատողները:

Արա Խզմալյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Տասնամյակներ շարունակ մենք ուղղակի անտեսել ենք այս կրթական համակարգը և վարկաբեկել ենք երաժշտական դպրոցները, արվեստի դպրոցները: Սրանք դուրս են մնացել ծնողների, քաղաքացիների պահանջմունքների տրամաբանությունից: Սա չափազանց լուրջ քայլ է, քաղաքական լուրջ քայլ է, որովհետև մենք սրանով սկսում ենք վերադարձը դեպի երբեմնի իր հեղինակությունը, իր դիրքը հանրային կյանքում, Հայաստանի քաղաքացու կյանքում:

Կարեն Գիլոյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Մենք իսկապես առողջ սերունդ կրթելու խնդիր ունենք: Որպեսզի հետագայում հիվանդանոցներ չկառուցենք շատ քանակի, պիտի շատ մարզադպրոցներ կառուցենք, իսկ մարզադպրոցներն առանց մարզիչների չեն լինում:

Հայաստանի վաստակավոր մարզիչ Էդուարդ Սահակյանի համար անհասկանալի է, թե ինչու պետք է ինքը ատեստավորում անցնի, եթե երկար տարիների աշխատանքն է խոսում:

Էդուարդ Սահակյան (ՀՀ վաստակավոր մարզիչ (հունահռոմեական ըմբշամարտ)) - Ես ամբողջ իմ սպորտային գործունեության ժամանակ ապացուցել եմ, որ ես շատ թե քիչ աշխատել գիտեմ: Ես ատեստացիայի կարիք չունեմ, եթե ուզում են իմ աշխատավարձը բարձրացնել, իրենք կարող են բարձրացնել, ասենք, սպորտային մեր անցած ճանապահով: Եթե մարզիչը երկար տարիներ հավաքականների հետ է աշխատել, մեծ սպորտում է եղել, մեծ սպորտից այն կողմ էլ ինչ ատեստացիա:

Գործընկերը` նույնպես վաստակավոր մարզիչ Գագիկ Խաչատրյանը, ատեստավորման գործընթացը դրական է համարում և մտադիր է դիմել:

Գագիկ Խաչատրյան (ՀՀ վաստակավոր մարզիչ (հունահռոմեական ըմբշամարտ)) - Այո՛, որոշել ենք մասնակցել, որպեսզի հավելյալ աշխատավարձ ստանանք, ինչու չէ, մեր գիտելիքները թարմացնենք, պարապենք, պատրաստվենք:

Ոլորտի պատասխանատուներն ընդգծում են՝ թեստերի միջոցով բացահայտելու են մասնակիցների մանկավարժական գիտելիքներն ու կարողությունները, և ոչ թե գնահատելու են, թե որքանով են նրանք լավ երաժիշտ կամ մարզիկ:

Կամավոր ատեստավորման նպատակներից է նոր կադրերի համար ոլորտը գրավիչ դարձնելը: Այդ է պատճառը, որ ատեստավորմանը կարող են մասնակցել արտադպրոցական հաստատությունում դեռ չաշխատող, բայց նման նպատակ ունեցող անձինք: Նրանք լրավճարը կստանան աշխատանքի ընդունվելուց հետո:

Մյուս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն կունենան մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական աշխատողները:

Հայտերը կընդունվեն Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ էլեկտրոնային եղանակով՝ մինչև ապրիլի 9-ը: Ատեստավորումը կլինի ապրիլի 29-ին և 30-ին:

Հեղինակ` Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում