2022-ին ՀՀ-ում անօրինական գտնվող 6730 միգրանտ ենթարկվել է վարչական պատասխանատվության

ԼԼիլիթ Ասատրյան

Այս տարի Հայաստանում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող 48 օտարերկրացի է հայտնաբերվել: 2022-ին այդ կարգավիճակով 6730 օտարերկրացի ենթարկվել է վարչական պատասխանատվության: Անօրինական հիմունքներով բնակվողների մեծամասնությունը Հնդկաստանի քաղաքացիներ են:

Դավիթ Ավետյան (ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի պետ) - Պարբերաբար իրականացվում են անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումներ, նախապես պարզվում են այն հավանական վայրերը, որտեղ հնարավոր է՝ բնակվեն առանց վավեր արտոնագրերի, կացության կարգավիճակի, անվավեր փաստաթղթերով օտարերկրացիներ:

Նախորդ տարի երկու փուլով իրականացվել են «Նելեգալ» պայմանական անվամբ օպերատիվ կանխարգելիչ միջոցառումներ, որոնց ընթացքում հայտնաբերվել է Հայաստանում անօրինական հիմքերով բնակվող 268 օտարերկրյա քաղաքացի: Արմավիրի մարզում էլ հայտնաբերվել է Մոլդովայի Հանրապետության կողմից մարդու թրաֆիքինգի և շահագործման հատկանիշներով միջազգային հետախուզման մեջ գտնվող մեկ անձ:

Դավիթ Ավետյան - Բացի այդ, միջոցառման շրջանակներում Երևան քաղաքում և Կոտայքի մարզում գտնվող սննդի գյուղմթերքի արտադրամասերում, գիշերային ակումբներում հայտնաբերվել են շուրջ 27 օտարերկրյա քաղաքացիներ, որոնք աշխատել են նշված օբյեկտներում՝ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքների պահանջների խախտմամբ:

Անօրինական միգրանտներին հայտնաբերելուց հետո նրանց ուղղորդում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, որտեղ ստուգվում է օտարերկրացիների կարգավիճակը, ըստ օրենքի՝ նշանակվում են վարչական տուգանքներ:

Նելլի Դավթյան (ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու) - Նրանց հետ տարվում է բացատրական աշխատանք, ներկայացվում է, թե իրենց ինչ է սպասում, և ինչ պարտավորություններ իրենք ունեն ՀՀ-ում բացահայտված, այսպես ասած, «անօրինական միգրանտի» կարգավիճակում: Իսկ այդ պարտավորությունը հետևյալն է` լքել երկիրը 30 օրվա ընթացքում:

Այդ ընթացքում նրանց նկատմամբ սահմանվում է հսկողություն, իսկ մեկ ամիսը լրանալուն պես տվյալ օտարերկրացիների ելքը ստուգվում է սահմանահատումների էլեկտրոնային համակարգով: Եթե ելքն արձանագրված չի լինում, կազմվում է արտաքսման վարույթ:

Նելլի Դավթյան - Այնուհետև պետք է լինի դատական վճիռ, այ այդ կետից նորից գործը, այսպես ասած, վերադարձվում է ոստիկանություն, որպեսզի իմպլեմենտացվի արտաքսումը:

Իսկ եթե ցանկանում են շարունակել բնակվել Հայաստանում, հնարավորություն ունեն իրենց կեցությունն օրինականացնել, ձևակերպել կացության կարգավիճակ՝ ուսման, աշխատանքի, ընտանիքի վերամիավորման կամ Հայաստանում ձեռներեցությամբ զբաղվելու հիմքերով.

«2022-ի տարեվերջի դրությամբ 12.877 օտարերկրացի Հայաստանում ունի վավեր ժամանակավոր կացության կարգավիճակ, որը տրվում է մեկ տարով, 3279-ը ունեն մշտական կացության կարգավիճակ՝ տրվում է 5 տարով, և 2622-ն ունեն հատուկ կացության կարգավիճակ՝ տրվում է 10 տարով»:

Հեղինակ` Լիանա Խաչատուրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում