Նարինջներով ճակատամարտ՝ կառնավալի համար. «Այլ լուրեր»

ՄՄարո Թարվերդյան

ԻՏԱԼԻԱ

ՆԱՐԻՆՋՆԵՐՈՎ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ՝ ԿԱՌՆԱՎԱԼԻ ՀԱՄԱՐ

Իտալիայի Իվրեա քաղաքում «նարինջներով ճակատամարտով» են նշել կառնավալների սեզոնի մեկնարկը: Մարդիկ իրար անուշահամ մրգերով հարվածել են և ուրախացել:

Սա մի միջոցառում է, որի արմատները հասնում են միջնադար: Նույնիսկ հիմա նարինջներով մարտի մասնակիցները վառ գույնի միջնադարյան տարազներ են կրում: Իսկ փողոցի սալահատակը վերջում ծածկված է լինում ճզմված նարնջի հաստ գորգով:

Երեք տարի անընդմեջ կորոնավիրուսի համաճարակի պատճառով նարինջներով ճակատամարտը չեղարկվել է, այս տարի վերջապես վերադարձել է:

Վերոնիկա Գրալիյա (Նարինջներով ճակատամարտի մասնակից) - Այս առավոտ մի տեսակ հաճելիորեն անհանգիստ էի: Ասես, Սուրբ ծննդյան տոնն էր մոտենում: Վերջին տոնից արդեն երեք տարի է անցել: Այս անգամ նաև իրար նվերներ ենք տալու:

12-րդ դարով թվագրվող լեգենդի համաձայն, Վիոլետան՝ տեղի ջրաղացպանի դուստրը, ֆեոդալական օրենքներով պարտավորված էր անցկացնել իր ամուսնական գիշերը քաղաքի չար տիրոջ հետ: Աղջիկն իր նշանածի պատիվը փրկելու համար գլխատել է ազնվականին և Իվրեան ազատել նրա բռնակալությունից:

Նարինջ նետելու մարտը, որի մասնակիցները բաժանված են ազնվականների և հասարակ մարդկանց միջև, հիշեցնում է Վիոլետայի ապստամբությունը բռնակալի դեմ, իսկ նարինջները խորհրդանշում են բռնակալի գլուխը:

1930-ականներին տեղացի աղջիկները սկսել են իրենց պատշգամբներից կառնավալային շքերթի կառքերի վրա ծաղիկների և կոնֆետիների հետ միասին նետել նաև նարինջներ, որպեսզի տղաները նկատեն իրենց: Հենց այդ ժամանակից էլ սկսվել է նարինջներով ճակատամարտերի պատմությունը: Հետագայում այն դարձել է նաև Իվրեայի կառնավալի խորհրդանիշը:

ԿՈՒԲԱ

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՇԱԲԱԹ ԿՈՒԲԱՅՈՒՄ

Կուբայի մայրաքաղաք Հավանայում արդեն 10-րդ անգամ անցկացվել է Բրիտանական մշակույթի շաբաթ:

Այդ ընթացքում ներկայացվել է բրիտանական մշակույթը կուբացի արվեստագետների աչքերով ու պատկերացմամբ:

Ջորջ Հոլինգբերի (Կուբայում Մեծ Բրիտանիայի դեսպան) - Պատճառներից մեկը, որ մենք հիմա այստեղ ենք՝ Հավանայում, այն է, որ համոզվենք, որ Կուբայի ժողովուրդը գիտի Մեծ Բրիտանիայի և Կուբայի միջև եղած կապերի մասին: Բացի այդ, ցանկանում ենք հասկանալ, որ մենք իրարից այնքան էլ չենք տարբերվում, որ շատ ընդհանրություններ ունենք: Իսկ այդ նպատակին կարող ենք հասնել արվեստի ու մշակույթի միջոցով:  

Այս տարի ցուցահանդեսներից բացի, անցկացվել է ռետրո մեքենաների շքերթ, որը կազմակերպել է Կուբայի բրիտանական դասական տրանսպորտային միջոցների ակումբը:

ԱՄՆ

ՄԱՆՐԱԿԵՐՏՆԵՐԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ

Նյու Յորքում բացվել է «Փոքրը գեղեցիկ է» խորագրով մանրակերտների ցուցահանդես, որտեղ կարելի է հանդիպել գրեթե ամեն ինչի՝ սնկից սկսած, կոնֆետի լողափով վերջացրած:

Ըստ ցուցահանդեսի կազմակերպիչ ընկերության, սա ամենամեծ միջազգային ցուցահանդեսն է, որն ամբողջությամբ նվիրված է մանրակերտներին: Միջոցառմանը ներկայացված է 130-ից ավելի ցուցանմուշ: Դրանք աշխարհի տարբեր ծագերից ժամանած 32 արվեստագետների աշխատանքներն են: Նմանատիպ ցուցահանդեսներ են անցկացվել նաև Փարիզում և Լոնդոնում, որոնք ավելի քան 150 հազար այցելու են ունեցել:

Իրականում «Փոքրը գեղեցիկ է» ցուցահանդեսը սկզբնական շրջանում առցանց է անցկացվել, հետագայում կազմակերպիչները հասկացել են, որ նման աշխատանքները մոտիկից տեսնելն ավելի նախընտրելի է:

Որոշ աշխատանքներ մանրամասն տեսնելու համար այցելուներին խոշորացույցներ ու մանրադիտակներ են առաջարկում: Իսկ համակարգչով, հեռախոսով կամ նույնիսկ լուսանկարի օգնությամբ այս ամբողջ հրաշքը տեսնել ուղղակի հնարավոր չէր լինի:

«Փոքրը գեղեցիկ է» ցուցահանդեսը Նյու Յորքում բաց կլինի մինչև այս տարվա օգոստոսի վերջ:

ԲԵԼԳԻԱ

ՋԱՅԼԱՄԻ ՓԵՏՈՒՐՆԵՐՈՎ ԵՎ ԹՌՉՈՂ ՆԱՐԻՆՋՆԵՐՈՎ ԲԵԼԳԻԱԿԱՆ ԿԱՌՆԱՎԱԼԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է

Եռամյա դադարից հետո վերադարձել է բելգիական ամենահայտնի կառնավալը: Ավանդական տարազներ, սպիտակ մոմե դիմակներ և ջայլամի հսկա փետուրներով գլխարկներ կրող կառնավալի՝ մոտ հազար մասնակիցները ելույթ են ունեցել՝ հավաքվածներին զվարճացնելու համար:

Միջոցառումն անցկացվել է միջնադարյան հայտնի Բինշ քաղաքում: Այն մայրաքաղաք Բրյուսելից 50 կմ է հեռու: Մարդիկ իրենց փայտե կոշիկներով, ասես, թմբկահարել են սալահատակ փողոցների վրա: Տոնի մի խումբ մասնակիցներ էլ ուռենու փայտեր են թափահարել օդում՝ չար ոգիներին և ձմեռը քշելու համար: Սա մի ավանդույթ է, որը մոտ 800 տարվա պատմություն ունի: Այն այժմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում է:

Բելգիայի կառնավալը տևում է 3 օր: Տեղացիներից բացի, տոնին մասնակցելու համար մոտ 55 հազար այցելու է ժամանել Բինշ:

Ժան Ֆրանսիս Սամոլին (Բինշի բնակիչ) – Մենք ծնվել ենք՝ այս տոնը մեր արյան մեջ: Բինշը մեր երակներով է հոսում: Երկու տարի, որ կառնավալ չկար, շատ տխուր էինք: Այժմ այն նորից մեծ ժողովրդականություն է վայելում: Շատ մարդ է հավաքվել: Եղանակն էլ լավն է: Շատ կարևոր է, որ նորից նշենք տոնը:

Հանդիսատեսների ուրախության և ծափահարությունների ներքո տոնի մասնակիցներն անցել են պատմական փողոցներով՝ նարինջներով լի զամբյուղներով և մրգերը նետել խրախճանքի մասնակիցների վրա: Մարդիկ հավատում են, որ նա, ով կբռնի նարինջը, հաջողակ տարի կունենա: ՅՈՒՆԵՍԿՕ-ի հավաստմամբ, սա Եվրոպայի ամենահին փողոցային կառնավալներից մեկն է:

ՎԵՆԵՍՈՒԵԼԱ

ՎԵՆԵՍՈՒԵԼԱՑԻՆԵՐԸ ՎԱՅԵԼՈՒՄ ԵՆ ԿԱՌՆԱՎԱԼԱՅԻՆ ՓՐՓՈՒՐԸ

Կառնավալ է նաև Վենեսուելայում: Մայրաքաղաք Կարակասի հազարավոր բնակիչներ մի կողմ են թողել երկրի տնտեսական դժվարությունները, գեղեցիկ հագնվել և դուրս եկել կառնավալի՝ փրփուր ցողելով իրար վրա: Ավանդույթի համաձայն, վենեսուելացիները հենց այսպես են նշում կառնավալը:   

Այս տարվա միջոցառումը կրում է «Խաղաղություն և ուրախություն» խորագիրը: Մարդիկ իրենց տնտեսական հոգսերից մի տեսակ թեթևություն են զգում այս տոնին մասնակցելով:

Էվեր Ազուաժ (Կարակասի բնակիչ) -  Չնայած տնտեսական բոլոր դժվարություններին, մարդիկ մեծ սիրով են դուրս եկել փողոցներ: Փառք Աստծո, որ այլևս համաճարակ չկա: Մենք բոլոր ընտանիքներին հրավիրում ենք Լոս Պրոսերես պողոտա՝ իրենց երեխաների հետ հաճելի ժամանակ անցկացնելու համար:

Տնտեսական ծանր վիճակի պատճառով, շատերը ստիպված են եղել ստեղծագործել և անձամբ պատրաստել իրենց տոնական հանդերձանքը: Չնայած անցած տարի տնտեսական վիճակի աննշան վերականգնմանը, գնաճը Վենեսուելայում հասել է 234 տոկոսի, իսկ էլեկտրաէներգիայի և ջրի անջատումները սովորական են դարձել: Տեղի իշխանություններն այս վիճակը պայմանավորում են ամերիկյան պատժամիջոցներով:

ԲՐԱԶԻԼԻԱ

ՌԻՈՆ ԿԱՌՆԱՎԱԼ Է ՇՆՉՈՒՄ

Աշխարհի շատ երկրներում են կառնավալներ անցկացվում, սակայն Ռիո դե Ժանեյրոյի կառնավալային սեզոնի համբավն ամբողջ աշխարհով է թնդում: Շքերթի են դուրս գալիս սամբայի տարբեր դպրոցների ներկայացուցիչներ: Մթնոլորտը ոչ միայն տոնական է, այլև մարտական. բոլորն էլ ցանկանում են արժանանալ հաղթողի բաղձալի տիտղոսին:

Սամբայի ամեն դպրոց բաղկացած է պարողների, թմբկահարների և մյուս երաժիշտ-կատարողների մի հսկա գնդից: Նրանք համոզված են, որ այն, ինչով զբաղվում են, ապահովում է իրենց հոգեկան առողջությունը: Ռիոն այս օրերին կառնավալ է շնչում:  

Սամբայի բոլոր դպրոցներին իրար հետ վերցրած անվանում են «Ոսկե շարք»: Այս տարի ոսկե շարքին 15 դպրոց է մասնակցում:

Ռիոյի կառնավալին ներկա են լինում ոչ միայն տեղացիները, այլև զբոսաշրջիկներ Բրազիլիայի այլ քաղաքներից, նաև ուրիշ երկրներից: Այս տարի մասնավորապես ժամանել են Չիլիից, Կանադայից ու Գերմանիայից:

Կառնավալի կազմակերպիչները լիահույս են, որ այս տարվա միջոցառումը կորոնավիրուսի համավարակից հետո կօգնի վերականգնել Ռիոյի տնտեսությունը:

ՖՐԱՆՍԻԱ

ԱՆԻՐԱԿԱՆ ԾԱՂԻԿՆԵՐ. ՖՐԱՆՍԻԱՑԻ ՆԿԱՐԻՉԸ ԹԱՓՈՆՆԵՐԸ ՎԵՐԱԾՈՒՄ Է ԱՐՎԵՍՏԻ

Թույլ մի տվեք, որ փարիզեցի Ուլիամ Ամորի ստուդիայում վառ մանուշակագույն կակաչները և նուրբ դեղին մամրիչները ձեզ հիմարացնեն. դրանք իրական չեն, այլ պատրաստված են վերամշակված պլաստիկ թափոնից:

Այս ամենը ֆրանսիացի արվեստագետ Ամորի ձեռքի աշխատանքն է: Որպես նյութ նա օգտագործում է Փարիզի փողոցներից կամ Ֆրանսիայի լողափերից հավաքված աղբը: Նա այն վերածում է ծաղիկների:

Ամորը մանկուց ծաղիկների մեծ սիրահար է եղել: 2015 թվականից սկսել է ստեղծել բոլոր ձևերի ու գույների ծաղիկներ, որոնք շատ նման են դրանց իրական տարբերակներին: Նա փորձում է ամենօրյա թափոնը վերածել «հավերժական» գեղեցկության:

Իրականում Ամորից 15 տարի է պահանջվել՝ այս բարդ տեխնիկան մշակելու համար: Նրա աշխատանքն, ասես, ծաղկային արվեստի և ոսկերչության ինքնատիպ համադրություն լինի:

Փարիզի կենտրոնում գտնվող Ամորի ստուդիայում պլաստիկ շշերը և պոլիեթիլենային տոպրակները վերածվում են ծաղկաթերթիկների, որոնցից էլ հետագայում հավաքում է դաշտային կամ սովորական կակաչները, մյուս ծաղիկները:

Արվեստագետը Ֆրանսիայի մայրաքաղաքի մայթերը համարում է ծխախոտի մնացորդի հանք։ Ախտահանելուց հետո աղբի մանրաթելն օգտագործում է իր ստեղծագործություններում, այդ թվում՝ դեղին միմոզաներ պատրաստելիս։

Ուլիամ Ամոր (արվեստագետ) - Այս նյութին ես վերաբերվում եմ այնպես, ասես, ոսկի կամ մետաքս լինի: Այն, ամեն դեպքում, թանկ եմ համարում:

Այն, ինչ Ամորն անում է, բավականին մանրակրկիտ աշխատանք է պահանջում: Նույնիսկ այդքան հմուտ լինելով հանդերձ, երբեմն 30 րոպե կարող է աշխատել, օրինակ, կակաչի ծաղկաթերթը ձևավորելու համար:

Ամորը աշխատում է միայն պատվերով, գործակցում է հայտնի շքեղ ապրանքանիշների հետ: Աշխատանքները ցուցադրել է Փարիզի հեղինակավոր Գրան Փալասում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում