Կենսաթոշակի տրամադրման գործընթացը հեշտացվում է

ՄՄայա Խաչատրյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է քայլերը՝ դյուրացնելու կենսաթոշակի տրամադրման գործընթացը: Խնդիրները հիմնականում ծագում են անձանց աշխատանքային ստաժը հաստատելիս: 2020 թվականից նախկին գործկոմների աշխատակիցներին կենսաթոշակ նշանակելիս աշխատավարձ ստանալու կամ սոցվճար կատարելու մասին տեղեկանքներ չեն պահանջվում: Այսուհետև լրացուցիչ փաստաթղթեր չեն պահանջվի նաև գործկոմներին ենթակա մանկապարտեզների, դպրոցների, բնակշահագործման գրասենյակների աշխատակիցներից:

Անահիտ Գալստյան (ՀՀ ԱՍՀՆ կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ) - Սա նշանակում է` 92 թվականից 96-ի նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում այլևս միայն աշխատանքային գրքույկը բավարար կլինի աշխատանքային ստաժը հաստատելու համար: Ցանկն ավելացել է նաև մասնակի կենսաթոշակի իրավունք տվող պետական հաստատություններով, ինչպես նաև երկարամյա ծառայության կենսաթոշակ. դա մեր ավիացիան է: Այս դեպքում ժամանակն ավելի ընդգրկուն է՝ 1992-2004 թվականը, դարձյալ հիմք կընդունվի բացառապես աշխատանքային գրքույկը:

Անձնավորված հաշվառման համակարգը ներդրվել է 2004-ին: Մինչև 92-ը՝ խորհրդային շրջանում, աշխատանքային գրքույկում գրառումները հստակ են: Ըստ Գալստյանի` սև արկղի ժամանակը, այսինքն` խնդիրը, 1992-2004-ն է, երբ գրքույկները պատշաճ չեն լրացվել, ինչի պատճառով ստիպված են արխիվային տեղեկանքներով կամ այլ միջոցներով հավաստել, որ անձը աշխատել է:

Անահիտ Գալստյան - 1992 թվականից հետո պահանջվում է ունենալ աշխատանքային գրքույկ, քանի որ գրառումներ եղել են, բայց կազմակերպությունները չեն աշխատել, կամ կազմակերպությունն աշխատել է, սակայն գրքույկի գրառումը, մեղմ ասած, իրավական հիմքեր չունի, պարզապես գրառումներ են դրանք: Ցավոք, այդ փորձը կա, դրա համար 1992-2004 թվականը մեզ մոտ տեղեկատվական բաց գոյություն ունի պետական մարմինների կողմից վարվող բազաների իմաստով:

400 հազար աշխատանքային գրքույկ Հայաստանում արդեն թվայնացվել է: Թվայնացումից հետո տեղական ինքնակառավարման մարմինների իրավանախորդների՝ գործադիր, շրջանային կոմիտեների, գյուղական խորհուրդների և դրանց ենթակա կազմակերպությունների աշխատակիցներից ևս աշխատանքային գրքույկ չի պահանջվի:

Անահիտ Գալստյան - Մի կարևոր փոփոխություն էլ կար, ԱՊՀ շրջանակներում, երբ որ մենք կենսաթոշակի գործ ենք պահանջում, նշանակման ժամկետների ոչ հստակություն կար: Երբեմն պահանջածից գործն ավելի ուշ էր գալիս, լինում էր ժամանակահատված, որ այն երկիրը, որտեղ նշանակել էին, հետո գործը գալիս էր մեզ մոտ, մենք էինք նշանակում, այսպես բաց ժամանակահատված է լինում, որ կենսաթոշակառուն կենսաթոշակ չէր ստանում:

Նախարարության պաշտոնյայի խոսքով՝ նոր կարգավորումներով այդ ժամանակահատվածը էապես կրճատվել է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում