Երևանում շուտով կավելանան ալյումինե թափոնների համար նախատեսված տարաներ

ԼԼիլիթ Ասատրյան

Ապակու, պլաստիկի և թղթի տեսակավորման համար նախատեսված թափոնամանների կողքին Երևանում կավելանան ալյումինե թափոնների համար նախատեսված նոր տարաներ: Արդեն գարնանը հնարավոր կլինի կենցաղում օգտագործված ալյումինե թափոնները տեսակավորել և վերամշակել:

Արմեն Շեխոյան («Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի թափոնների տեսակավորման վարչության պետ) - Ալումինե թափոնների հավաքման և դրանց համար նախատեսված թափոնամանների տեղադրումը կլինի մեզ համար փորձնական ծրագիր, և մենք կհասկանանք, թե ինչպես է պետք վարվել ընդհանուր մետաղների՝ հետագայում նաև խոշոր եզրաչափով թափոնների հետ:

Վտանգավոր թափոնների կառավարման ծրագրով Երևանի բոլոր վարչական շրջաններում ավելանալու է նաև արդեն գոյություն ունեցող տարաների խմբաքանակ: Այս պահին թափոնամաններ կան Երևանի 140 հասցեում:

Նախատեսված է թղթի և պլաստիկի համար ստանալ 200 հատ, իսկ ապակու հարմար՝ 340՝ լրացնելու գողացված կամ ջարդված տարաները: Թափոնների կառավարման ծրագրի ղեկավարի խոսքով՝ թափոնամանների ավելացմանը զուգահեռ պետք է բարձրացնել իրազեկվածության մակարդակը և մշակույթ ձևավորել բնակիչների շրջանում, քանի որ Հայաստանում կոշտ կենցաղային իրերը տեսակավորվում են ոչ բավարար չափով:

Հարություն Ալպետյան (ՀԱՀ-ի Բնապահպանական կենտրոնի թափոնների կառավարման ծրագրի ղեկավար) - Այսօր երևանցիներն այդքան էլ լավ տեղյակ չեն, թե կոնկրետ ինչ տեսակի թափոններ որ թափոնամանի մեջ պիտի գնան: Մարդիկ պետք է վստահ լինեն, որ, այո, իրենց տեսակավորած թափոնը իրենից արժեք է ներկայացնում և գնում է վերամշակման: Համայնքը դրանից օգուտ ունի:

2020 թվականից մինչ այսօր հավաքվել է 1 մլն 700 հազար կգ թափոն: Անցած տարի տեսակավորվել է 688 տոննան, որից 600-ը եղել է ստվարաթուղթ, 39-ը՝ պլաստիկ, 48-ը՝ ապակի: Պլաստիկից վերամշակման արդյունքում արտադրվում է կախիչ, ծաղկաման և ոռոգման համար նախատեսված խողովակ, ապակուց՝ կրկին ապակի: Ստվարաթուղթը ամենաշատն է վերամշակվում:

Կիմա Եղիազարյան (թղթի վերամշակման գործարանի փոխտնօրեն) - Ամսական մոտավորապես 100-120 տոննա թուղթ ենք ստանում: Անցնում է վերամշակման որոշակի փուլեր, ինչի արդյունքում դառնում է թուղթ, որը հետագայում օգտագործում ենք թղթի արտադրության, արկղերի արտադրության գործընթացի մեջ, ինչպես նաև տոպրակների: 

Ըստ թափոնների կառավարման ծրագրի ղեկավարի՝ պետք է առաջիկայում մտածել նաև այնպիսի թափոնների տեսակավորման և վերամշակման մասին, ինչպիսիք են մարտկոցները, ջերմաչափերը, քանի որ դրանք համարվում են վտանգավոր ինչպես բնության, այնպես էլ մարդկանց համար:

Հեղինակ` Լուսինե Գրիգորյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում