Արարատ Միրզոյանի մահափորձի դեպքով մեղադրյալներից մեկն անցնում է քրեական հեղինակությունների գործով

ԼԼիլիթ Ասատրյան

Արարատ Միրզոյանի՝ 2020-ի նոյեմբերի 10-ի մահափորձի գործով մեղադրյալներից մեկը՝ Գևորգ Իսրայելյանը, անցնում է նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու գործով:

Հովհաննես Համբարյան (Մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ) - Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված եղել ստորագրությունը չհեռանալու մասին, սակայն վերջինս շարունակել է իր գործունեությունը և ստեղծել է Արմավիր քաղաքում հանցավոր ենթամշակույթ ստեղծող խմբավորում, որի ընթացքում նախ լուծել է մի շարք անձանց միջև առաջացած՝ մոտ 40 հազար ԱՄՆ դոլարի վերաբերյալ միջանձնային վեճերը:

Քրեական հեղինակություն համարվող Գևորգ Իսրայելյանը, որը հայտնի է հոկտեմբերյանցի Կարեն մականվամբ, ըստ Համբարյանի, փորձել է լուծել նաև Արմավիր քրեակատարողական հիմնարկի կալանավորներից մեկի խնդիրը, որն իբրև թե 80 հազար դոլար էր պարտվել: Բացի դրանից՝ Համբարյանի խոսքով՝ նրան դիմել են քաղաքացիներ՝ պարտապանից գումարը վերադարձնելու համար. խոսքը ընդհանուր առմամբ 100 հազար դոլարի մասին է: Մեկ դրվագով էլ Իսրայելյանը պարտապանից ստացել է 2 միլիոն դրամ, սակայն քաղաքացուն հայտնել է, թե պարտքը դեռ չի վերադարձվել:

«Լուրերը» Իսրայելյանի մեղադրանքի վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ նաև պաշտպաններից. մեկը անհասանելի էր, մյուսն էլ նոր էր ներգրավվում և նյութերին ծանոթ չէր:

ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նմանատիպ ևս մեկ գործ է քննվում, որով անցնում է քրեական հեղինակություն Ավետիս Քալանթարյանը՝ հայտնի Ապեր անունով: Նա, ըստ մեղադրանքի, սպառնացել է Կոնյակի գործարանի ղեկավարությանը:

Հովհաննես Համբարյան - Որպեսզի վերջիններս մթերման ընթացքում իրեն, որպես քրեական հեղինակության, տրամադրեն որոշակի գումար: Մասնավորապես, առանց թղթի և առանց փաստաթղթի մթերված խաղողից յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց 20 դրամ, ինչպես նաև մթերման արդյունքում առաջացած խաղողի մնացորդներից օրական 3 ավտոմեքենա մնացորդ, որպեսզի ինքը կարողանա դա վաճառել` հակառակ դեպքում սպառնալով, որ վնաս կպատճառի ընկերությանը կամ կխաթարի նրա բնականոն գործունեությունը:

Քալանթարյանի պաշտպանի հետ կապ հաստատել չհաջողվեց: 2 քրեական հեղինակություններն էլ կալանավորված են:

Համբարյանի խոսքով՝ այս 2 վարույթով 30-ից ավելի խուզարկություն է կատարվել Արմավիրի մարզում, Երևանում, ինչպես նաև «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի տարածքում:

Հովհաննես Համբարյան - Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է ինչպես հրազեն, այնպես էլ թմրամիջոց:

Ընդհանուր առմամբ՝ 2022 թվականի հունվարից մինչև օրս քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվել է հանցավոր ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ դրան անդամակցելու վերաբերյալ 5 քրեական վարույթ, մեղադրյալ է ներգրավվել 21 անձ: 5-ը օրենքով գողի կարգավիճակ ունի, նրանցից 2-ը կալանավորված է, մեկը հետախուզվում էր և հայտնաբերվել է Իսպանիայում, մեկ օրենքով գողի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը:

Հեղինակ` Տաթև Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում