ՀՀ ՄԻՊ աշխատակազմը Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում մի շարք խնդիրներ է արձանագրել

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները փետրվարի 20-ին այցելել են Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ: Ավելի վաղ իրավապահներն այստեղ խնամվող անձանցից մեկին հայտնաբերել էին անկողնուն կապված, մյուսին՝ շղթայակապված ջեռուցման մարտկոցին: Վերջինը ՄԻՊ ներկայացուցիչների այցելության պահին արդեն տեղափոխված է եղել հոգեբուժական հաստատություն: Բայց այլ անձանց հետ կապված նույնպես նման խնդիրներ կան: Այցի պահին էլ շահառուներից մեկը դրսևորել է ագրեսիվ վարքագիծ:

Լաուրա Գասպարյան (ՄԻՊ խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ) - Այցի պահի դրությամբ հաստատությունում հոգեբույժ չկար, և արդեն մի քանի օր էր` հոգեբույժը բացակայում էր հաստատությունում, իսկ գերատեսչությունը համապատասխան քայլեր չէր ձեռնարկել: Անձի նկատմամբ բժշկական անձնակազմի քայլերը անհասկանալի էին. բժշկական անձնակազմն ինքը չի կարողանում կողմնորոշվել՝ նման իրավիճակում ինչ քայլեր ձեռնարկել:

Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատը 450 պացիենտ ունի և ընդամենը մեկ հոգեբույժ, որը հիմա տնային կալանքի տակ է: Տնօրենն էլ կալանավորված է: Բուժանձնակազմը վերապատրաստում չի անցել և չունի համապատասխան հմտություն:

Լաուրա Գասպարյան - Այստեղ պատասխանատվությունը գերատեսչությանն է, եթե նույնիսկ այս պահին հոգեբույժ չկա. կամ որևէ այլ պատճառով` մարդը հիվանդացել է և այլն, պետք է քայլեր ձեռնարկել ծառայությունը ապահովելու համար, եթե նույնիսկ մեկ հոգեբույժ լինի, մշտապես մենք ասում ենք, որ այնտեղ մեկ մասնագետը՝ մեկ հոգեբույժը շատ քիչ է:

ՄԻՊ կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը հաստատում է՝ կապկպված հայտնաբերված անձանց ժամանակին հոգեբուժական հաստատությունում տեղավորելու հարցում դժվարություններ են եղել: Ինչպես հոգեբուժական, այնպես էլ բազմապրոֆիլ հաստատություններում նրանց բուժօգնության ու խնամքի կազմակերպումը չի կանոնակարգվում:

Լաուրա Գասպարյան - Ես ընդունում եմ, որ անձը սուր վիճակում չպետք է գտնվի խնամքի հաստատությունում, սակայն դժվարություններ կան կազմակերպչական առումով: Երկու գերատեսչությունների միջև աշխատանքն է դժվարացած՝ առողջապահության և սոցապնախարարության միջև, և այս խնդրի արդյունքում է, որ երբեմն չեն կարողանում տեղափոխել անձանց առողջապահական հաստատություններ կամ պարբերաբար ասում են՝ իր մասին է խոսքը, չենք ընդունում:

Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ է: Վերջին անգամ այս հաստատությունում մշտադիտարկում է արվել 2021 թվականին: Խախտումների ու թերությունների հրապարակված շարքը երկար էր՝ հաստատության գերբեռնվածությունից, շահառուների անձնական տարածք չունենալուց մինչև զսպման միջոցների կիրառման կարգի խախտումներ:

Լաուրա Գասպարյան - Գերատեսչությունը պատշաճ վերահսկողություն չի սահմանել և մեր ուղարկած առաջարկների նկատմամբ հետևողական չի եղել, և դա է արդյունքը, որ ունենք ավելի ծանր իրավիճակ:

Այս տարվա այցը մշտադիտարկման նպատակով չէր, այլ իրավիճակից բխող: Բայց ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները դրական փոփոխություններ չեն տեսել, ու մտահոգությունները պահպանվում են:

Լաուրա Գասպարյան - Երեկվա մեր այցին պարզվեց, որ պացիենտները գրեթե 4-5 ամիս է` դուրս չեն եկել զբոսանքի. եղանակային վատ պայմաններ են, համապատասխան հագուստ չունեն, կամ որոշները փորձում են եղանակային պայմանների հետ կապելով դուրս չբերել, որովհետև կմրսեն և այլն: Ամեն դեպքում, դա արդարացում չէ, և մաքուր օդում գտնվելը ուղղակի պայման է անձի առողջության պահպանման: Երկրորդ խնդիրը զբաղվածության ապահովումն է, որևէ զբաղմունք չունեն, բացի հեռուստացույց դիտելուց: Իսկ դա ավելի ագրեսիվ է դարձնում անձանց: Որևէ շփման միջոց չունեն:

Լաուրա Գասպարյանը նշում է՝ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում առկա խնդիրները համակարգային են և հատուկ են նմանատիպ հաստատություններին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հրաժարվեցին մեկնաբանություն տալ՝ նշելով, որ գործը նախաքննության փուլում է: Նույն պատճառաբանությամբ արգելվեցին նաև Վարդենիսի տուն-ինտերնատում նկարահանումները: Կենտրոնի բնակիչներին շահագործելու դեպքերի մասին նույնպես օրեր առաջ իրավապահներին հայտնի էր դարձել: Նախաձեռնված քրեական վարույթը վերաբերում է թե խոշտանգումներին, թե թրաֆիքինգին կամ շահագործմանը, թե ֆիզիկական կամ հոգեկան ցավ պատճառելուն:

Հեղինակ` Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում