E128 սննդային հավելումը ՀՀ-ում կարգելվի, եթե ընդունվի Էկոնոմիկայի նախարարության առաջարկը

ԼԼիլիթ Ասատրյան

Սննդի արտադրության մեջ լայնորեն կիրառվող E128 սննդային հավելումը Հայաստանում կարգելվի, եթե Կառավարությունն ընդունի Էկոնոմիկայի նախարարության առաջարկը: Նախագիծը մինչև փետրվարի 14-ը դրված է հանրային քննարկման: E128-ը քիմիական ներկանյութ է, որն ապահովում է սննդամթերքի վառ և արտահայտիչ գունավորումը: Ըստ մասնագետների՝ երշիկն ու նրբերշիկը Հայաստանում ամենասպառվող մթերքներից են, որոնց մեջ օգտագործվում է հավելումը: Այն նաև կոնֆետներին և հյութերին ապրանքային տեսք տալու համար է գործածվում:

Աշխեն Շիրվանյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության սննդամթերքի անվտանգության վարչության պետի պարտականությունները կատարող) - Իր բնույթով այն ազդում է աղեստամոքսային տրակտի աշխատանքի վրա, հիշողության վրա, նյարդային խնդիրների պատճառ կարող է հանդիսանալ, ընդհանուր թուլություն է առաջացնում և, ի վերջո, ունի գենոտոքսիկ ազդեցությւոն:

Հետազոտություններ իրականացրած Եվրամիության սննդամթերքի անվտանգության լիազոր մարմինը արձանագրել է, որ օրգանիզմում նյութափոխանակության ընթացքում այդ սննդային հավելումից անջատվում է անիլին կոչվող նյութ:

Դավիթ Պիպոյան (ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար) - Կրծողների վրա իրականացված կենսափորձերը ցույց են տվել, որ անիլինը կենդանիների վրա ունի գենոտոքսիկ և քաղցկեղածին ազդեցություն, և առաջարկվել էր արգելումը:

Ըստ մասնագետի՝ որոշումն ուշացած է, քանի որ միջազգային հետազոտական կառույցները այս սննդային հավելման բացասական ազդեցության և առողջական հետևանքների մասին դիրքորոշում հայտնել են դեռ 2007-ին, և բազմաթիվ երկրներ այն արդեն արգելել են:

Միաժամանակ, Պիպոյանը սխալ է համարում պրակտիկան, որ այս կամ այն նյութի կիրառությունը մեր երկրում արգելվում է այլ պետությունների հետազոտությունների հիման վրա՝ առանց Հայաստանում մոնիթորինգ իրականացնելու, որովհետև յուրաքանչյուր երկիր հաշվարկում է ռիսկերը՝ ելնելով տվյալից, թե իր բնակչությունը այդ նյութը պարունակող մթերքն ինչ ծավալներով է օգտագործում:

Դավիթ Պիպոյան - Ամբողջ աշխարհն անցել է ռիսկի գնահատման հիման վրա որոշումների կայացման գործընթաց, այսինքն` դու պետք է չափես քո ազգաբնակչության առողջական խնդիրները, որից հետո նոր որոշես` արգելանք ես դնում, թե քանակներն ես սահմանափակում: 

Էկոնոմիկայի նախարարությունից նշում են՝ միջազգային փորձը լիովին բավարար է արգելքի համար: Հատկանշական է, որ ներկանյութի կիրառությունը հիմա արգելված չէ, բայց թույլատրելիների ցանկում էլ չէ:

Աշխեն Շիրվանյան - Մենք եկանք այն եզրակացության, որ ճիշտ է նաև այն լինի արգելվածների ցանկում, որ և՛ սպառողների, և՛ արտադրողների համար առավել հստակ լինի կոնկրետ այն սննդային հավելումների ցանկը, որոնք արգելված են օգտագործել սննդի արտադրության մեջ:

Նախագծի ընդունումից հետո սննդամթերքում հավելման արգելքի վերահսկողությունը իրականացնելու է ՍԱՏՄ-ն՝ անհրաժեշտության դեպքում լաբորատոր հետազոտություններով և վարչական տույժեր սահմանելով:

Հեղինակ` Լուսինե Գրիգորյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում