Պատրաստ ենք Հայաստանի հետ քննարկելու անվտանգության մեխանիզմների կատարելագործման հարցը. Զախարովա

ԳԳոհար Սարգսյան

ՄԵՆՔ ԲԱՑ ԵՆՔ ՀԱՅ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. ԶԱԽԱՐՈՎԱ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադառնալով Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի եռակողմ գործակցության ձևաչափի հնարավոր ակտիվացմանը՝ նշել է, որ ցանկացած պետություն իրավունք ունի մասնակցելու միջազգային այն ձևաչափերին, որոնք բխում են նրա շահերից և ուղղված չեն երրորդ երկրների դեմ, ինչպես նաև հաշվի են առնում ուժերի հավասարակշռությունը:

Մարիա Զախարովա (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ) - Եթե Երևան-Թբիլիսի-Բաքու եռակողմ ձևաչափը նպաստում է Հարավային Կովկասում տարաձայնությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը, ապա մենք կարող ենք միայն ողջունել այդ նախաձեռնությունը: Այդ մասին բազմիցս հայտարարել ենք: Իսկ եթե այս նախաձեռնության հետևում Վաշինգտոնը և Բրյուսելն են, որոնք ձգտում են խափանել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ապա դա այլ հարց է: Այդ եռակողմ պայմանավորվածություններն ընկած են Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման հիմքում:

Զախարովան նաև խոսել է «3+3» տարածաշրջանային ձևաչափից, որը, նրա համոզմամբ, նույնպես միտված է տարածաշրջանում առկա տարաձայնությունների հաղթահարմանը:

«Այս ձևաչափը մեծ ներուժ ունի՝ նպաստելու հայ-ադրբեջանական կարգավորմանը»,- շեշտել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ ռուս խաղաղապահները ապահովում են Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը, ռուս սահմանապահները ներկա են նաև հայ-ադրբեջանական սահմանին: Խոսելով Հայաստանի տարածքում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման մասին՝ Զախարովան ընդգծել է, որ Բրյուսելի նպատակը տարածաշրջանի անվտանգային համակարգը փոփոխելն է:

Մարիա Զախարովա - Մենք բաց ենք հայ գործընկերների հետ երկխոսության համար՝ քննարկելու Հարավային Կովկասում անվտանգության ապահովման մեխանիզմների կատարելագործման հարցը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակում:

Նա նաև տեղեկացրել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 16-ին հանդիպում կանցկացնի ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և Միութենական պետության գործադիր կառույցների ղեկավարների հետ։ Օրակարգում կլինեն միջազգային և տարածաշրջանային հարցեր։

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԼՂ-ՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Ֆրանսիայի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել ընդհանուր հետաքրքրության մի շարք հարցեր, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները և իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ հայտնում են Ֆրանսիայի արտգործնախարարությունից:

Կատրին Կոլոննան և Էնթոնի Բլինքենը գնահատել են հակամարտության կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը և ընդգծել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհապաղ վերականգնման անհրաժեշտությունը: Պաշտոնյաները շեշտել են, որ շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղի բնակչության համար ստեղծված լուրջ մարդասիրական հետևանքներն անընդունելի են:

«Ֆրանսիան և Միացյալ Նահանգները համատեղում են ջանքերն այս իրավիճակին վերջ դնելու համար, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև շփումների միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ

Տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում զարգացումները, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը:

ՖՐԱՆՍԻԱՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԼԱՉԻՆՈՎ ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺԸ

Եվրամիության հետ համատեղ Ֆրանսիան կշարունակի ներդրում ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության կայացմանը, այդ թվում` ԵԱՀԿ շրջանակում, նման հայտարարություն արել է ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչությունը:

«Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին վերականգնել անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից արգելափակված Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԹՈՒՐՔԻԱՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՄԵՔՍԻԿԱՅԻ ՍԵՆԱՏԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, բողոքել, թե փետրվարի 8-ին Մեքսիկայի Սենատում ընդունված և 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն ճանաչող բանաձևը պատմությունը վերաշարադրելու անօրինական փորձ է։ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը պնդել է՝ Մեքսիկայի Սենատի նման որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի:

«Կոչ ենք անում Սենատին՝ թշնամանք տարածող որոշ շրջանակների օրակարգին ծառայելու փոխարեն շտկել այս սխալը»,- ասված է փաստաթղթում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում