Միասնական քննությունների առաջին փուլը Տավուշում. հայտագրվել է 337 աշակերտ

ԳԳայանե Թամամյան

Ոչ միայն քննական ամառ, այլև՝ քննական ձմեռ: Ավարտական դասարանի տավուշցի աշակերտները ոգևորված են առաջին ձմեռային միասնական քննությանը մասնակցելու հնարավորությամբ: Իջևանի ավագ դպրոցի դահլիճում ազատ նստարան չկա: Մարզի տարբեր համայնքներից քննական առարկաների համար հայտագրվել է 337 աշակերտ:

Կարո Նասիբյան (ՀՀ ԿԳՄՍՆ ԳԹԿ տնօրենի տեղակալ) - Այս քննություններին անուն ունենք՝ կոչվում է «Քննությունների առաջին փուլ»: Այդ փուլում միայն հայտագրում են առարկաները, մասնագիտություն և բուհ չեն հայտագրում, մասնագիտություն և բուհ հայտագրելու են 2-րդ փուլում, այսինքն՝ հունիսին կազմակերպվող քննությունների ժամանակ:

Առաջին փորձը, ըստ Կարո Նասիբյանի, գերազանցել է սպասելիքները, և դա ունի իր բացատրությունը՝ շահեկան է բոլոր առումներով:

Կարո Նասիբյան - Դիմորդը կարողանում է այս ընթացքում քննություններին, թեստին ծանոթանալ, իմանալ՝ ինքը որքանով է պատրաստ, ծնողը ստուգում է իր երեխային, դպրոցն էլ պիտի իմանա՝ ինչ յուրացրեց, ինչ թերություններ ունի:

Նորությունը մարզաբնակ ծնողների սրտով է․

Սիրվարդ Փիրումյան (Իջևան համայնքի Աչաջուր գյուղի բնակիչ) - Ծնողը կտեսնի՝ արդյունքների հիման վրա, որքանով է պատրաստ իր երեխան ընդունելության համար, եթե արդյունքները չբավարարեն, կշարունակի աշխատել, կհանձնի նաև հունիսին:

Գուրգենը Բերդից է, ուզում է ատամնաբույժ դառնալ, ասում է, բաց չի թողել գիտելիքի ստուգման, նաև՝ քննական վախերը հաղթահարելու այս հնարավորությունը․

Գուրգեն Մելիքյան (Բերդի ավագ դպրոցի աշակերտ) - Էս առաջին անգամը մեծ շանս է մեզ՝ հաղթահարելու մեր վախերը, ստուգելու ինքներս մեզ: Որ զգամ իմ թերությունները, բացթողումները և հունիսին ավելի լավ քննություն տամ:

Նելլի Հովհաննիսյան (Դիլիջանի ավագ դպրոցի աշակերտ) - Թե՛ հոգեբանորեն, թե՛ գիտելիքների, փորձ ձեռք բերելու առումով 2 քննությունը շատ ճիշտ է, որովհետև թեկուզ եթե ցածր գնահատական է լինում, ավելի սթափեցնող է, ու սկսում ես ավելի լավ աշխատել:

Եթե մասնակցության առումով ձմեռային քննությունները հաճելի անակնկալ են, ապա արդյունքների առումով զիջում են, ինչը սպասելի էր՝ ասում է Նասիբյանը:

Կարո Նասիբյան - Երբ համեմատում ենք անցյալ տարվա հուլիսի քննությունների հետ, բոլոր առարկաներից միավորները ցածր են, այսինքն՝ միջին միավորը ցածր է:

Դեռ ժամանակ ունեն մինչև ամառ պարապելու և պատրաստվելու քննությունների երկրորդ փուլին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում