Աղբի տեսակավորման ամաններ՝ Արմավիրի փողոցներում

ՀՀայկուշ Ասլանյան

Արդեն մոտ մեկ ամիս Արմավիրի փողոցներում աղբի տեսակավորման ավելի քան 100 աման է հայտնվել՝ նախատեսված թղթի, պլաստիկի և ապակու համար: Սակայն նույնիսկ այս պայմաններում շատերը աղբը նետում են ուր պատահի:

Արմեն Գրիգորյան (Արմավիր քաղաքի բնակիչ) - Շատ եմ նկատել, որ երիտասարդներն ու աղջիկները թուղթը բացում, նետում են գետնին, բայց չեմ կարողանում վրաները խոսել:

Արմավիրի ղեկավարությունը Ճապոնիայի դեսպանատան և Համայնքների կայուն զարգացման նորարարական ծրագրերի «Այ Էս Էս Դի» հասարակական կազմակերպության հետ փորձում է փոխել քաղաքացիների վարքագիծը: Կոշտ թափոնների կառավարման միջոցով են նաև ցանկանում մաքուր շրջակա միջավայր ունենալու նոր մշակույթ ձևավորել:

Դավիթ Խուդաթյան (Արմավիր համայնքի ղեկավար) - Քիչ համայնքներ կան, որտեղ աղբը տեսակավորվում է: Այս նորամուծությունը նաև բնակիչների համար որոշակի դժվարություններ է բերելու, դրա համար էլ առաջին փուլում աղբարկղերը տեղադրել են այն մասերում ու փակ տարածություններում, որտեղ կարելի է կոլեկտիվի հետ աշխատանք տանել և արդյունքում՝ ճիշտ տեսակավորել:

Բացի հանրային վայրերից, արկղեր են տեղադրվել նաև պետական ու մասնավոր հիմնարկներում, կրթական հաստատություններում: Ձգտում են ծրագրի միջոցով լուծել նաև աղբավայրերի գերբեռնվածության, ապօրինի աղբավայրերի ստեղծման և բնապահպանական ցածր իրազեկվածության խնդիրները: Մինչև վերամշակումը թափոնները պահեստավորելու են մարզում:

Մխիթար Ավետիսյան («ISSD համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ նախագահ) - Տեսակավորված թափոնները ուղարկվում են վերամշակման կայաններ, որով ուզում ենք ցույց տալ հասարակությանը, որ թուղթը, պլաստիկը և ապակին այլևս թափոն չեն, պետք է գիտակցենք, որ դրանք ռեսուրս են:

Աղբի հավաքում-տեսակավորում-վերամշակում շղթան իրականացվում է «Արմավիր քաղաքում թափոնների կառավարման կարողությունների ուժեղացում և վերամշակման խթանում» ծրագրով: Այն նախևառաջ կբարելավի համայնքի էկոլոգիական վիճակը և կնպաստի, որ վերամշակման ենթակա թափոնը աղբավայր չտեղափոխվի: Կրկնակի մշակումից հետո աղբը երկրորդ կյանք կստանա, կդառնա գրենական պիտույք և կտրամադրվի դպրոցներին: Ծրագրի ամփոփմանը ներկա Ճապոնիայի դեսպանը թափոնների կառավարման գործընթացում դրական տեղաշարժ է նկատել:

Մասանորի Ֆուկուշիմա (ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան) - Կարծում եմ՝ Հայաստանում թափոնների կառավարման մշակույթը ձևավորման փուլում է: Զարգացման հեռանկար եմ տեսնում: Այս պիլոտային ծրագիրն իրականացրինք Արմավիրում, որը, վստահաբար, այլ բնակավայրերի համար նույնպես կարող է օրինակելի դառնալ:

Աղբի կառավարման ծրագրեր իրականացնող «Այ Էս Էս Դի»-ն առաջիկայում կընդլայնի գործունեությունը. կոշտ թափոններից բացի, կզբաղվի նաև փափուկ թափոնների վերամշակմամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում