Էջմիածնի լաբորատորիայում անասնագոմերի ու թռչնանոցների համար ծղոտե տաք և չոր ծածկոց են արտադրում

ՀՀայկուշ Ասլանյան

Բարձր տեխնոլոգիաներով հագեցած Էջմիածնի մանրէաբանական լաբորատորիայում անասնագոմերի ու թռչնանոցների համար ծղոտե տաք և չոր ծածկոց են արտադրում, մասնագիտական լեզվով՝ բակտերիալ խտանյութ: Մանրէներից ստացվող պատրաստուկը չեզոքացնում է անասնագոմի վատ հոտը, նվազեցնում թունավոր գազի՝ ամոնիումի արտադրությունը, թաց գոմաղբն էլ փոխակերպում է չորի՝ սելիտրայի:

Մինչև Հայաստանում բակտերիալ խտանյութ կարտադրեին, ֆերմեր Հարությունը իր անասնագոմի համար պատրաստի հումքը ներկրում էր արտասահմանից: Հիմա արդեն տեղականն է օգտագործում. անասնաֆերման և՛ տաք է, և՛ մաքուր:

Հարություն Սարգսյան (ֆերմեր) -1 մետր խորություն ունի հատակը. 40 սմ ծղոտ է լցրած, դրա վրա՝ բակտերիան, երկրորդ շերտը՝ նույնը, դրանից հետո կենդանին ապրում է 2 տարի: Ժամանակի ընթացքում ծղոտը նստվածք է տալիս, նորից ավելացնում ենք:

Բակտերիալ խտանյութը կամ ինչպես մանրէաբաններն են ասում՝ անասնաֆերմայի գորգը, իր մեջ ներառում է հինգ տեսակ մանրէ, որոնց միջոցով գոմաղբը վերամշակվում է և դառնում կառավարելի, իսկ վատ հոտ արտազատվող թունավոր գազերը հենց գոմաղբի քայքայման հետևանք են:

Հարություն Սարգսյան - Քայքայման պրոցեսում ջերմություն է առաջանում և որոշակի խորությամբ տաքանում: Դա արդյունավետ է մանավանդ ձմռանը, որ ֆերման չենք ջեռուցում, մաքրությունը դառնում է իդեալական:

Մանրէաբանների խոսքով՝ եթե ֆերմերները բակտերիալ խտանյութը ճիշտ օգտագործեն, իրենց տնտեսության համար քիչ աշխատուժ կպահանջվի, կենդանիներն էլ առողջ կլինեն:

Արա Հակոբյան (ընկերության գործադիր տնօրեն) - Տաք է պահելու գոմը, որովետև մանրէները սկսելու են քայքայել սպիտակուցները, որից առաջանալու է բարձր ջերմաէներգիա: Չոր է պահելու գոմը, ամոնիումի գազերը մաքսիմալ նվազեցնելու է, իսկ վերջում ունենում են պատրաստի պարարտանյութ:

Տաք ու չոր ծածկոց ստանալու համար կարևոր է, որ անասնագոմի հատակը ծածկված լինի թեփով կամ աղացած ծղոտով: Խառնելով դա բակտերիալ խտանյութի հետ՝ ժամանակ առ ժամանակ պետք է տարածել, որ գոմաղբը նույն տեղում չխտանա: Ցուցումներին ճիշտ հետևելու դեպքում արդյունքը չի ուշանա:

Վահե Շիրինյան (ընկերության փոխտնօրեն) - Մաքուր շորերով կարելի է մտնել անասնագոմ, կերակրել կենդանիներին, հոտ չկա, նույնիսկ անասնապահի վրա էդ հոտը չի զգացվում: Եթե այդ ծածկոցից մի հատված ձեռքով վերցնեք, ձեռքին հոտ չի կպնի:

2 կգ-անոց փաթեթը նախատեսված է 20-25 քմ տարածքի համար: Բացի տեղական շուկայից, հայկական արտադրանքը մեծ պահանջարկ ունի նաև արտասահմանում. դրսի սպառման շուկան բավականին մեծ է՝ արտահանում են ինչպես ասիական, այնպես էլ եվրոպական երկրներ:

Արա Հակոբյան - Հեռու երկրների համար խտացված կոնցենտրատներ ենք ուղարկում, որ մեր տված ցուցումներով աշխատեն: Եթե մենք կարողանում ենք մարդու կենցաղային խնդիրները քչացնել, իրենց ժամանակ է մնում ուրիշ գործով զբաղվելու:

Այս խտանյութի շնորհիվ հնարավոր է նաև ժամանակ տնտեսել, ինչի շնորհիվ, օրինակ՝ ֆերմեր Հարությունը հնարավորություն է ստացել ռադիոֆիզիկոսի իր մասնագիտության մեջ խորանալ. սկսել է նաև բժշկություն ուսումնասիրել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում