50 տարի անց նորոգվել է Աբովյան գյուղի դպրոցի մարզադահլիճը

ՔՔրիստինե Ոսկանյան

Կարմիր գորգը հյուրերի համար է: Արարատի մարզի Աբովյանի միջնակարգ դպրոցում նրանց առանձնահատուկ են դիմավորում, ծափերով, փուչիկներով, աղ ու հացով:

50 տարվա պատմություն ունեցող դպրոցում, առաջին անգամ, մասնավոր նախաձեռնությամբ, նորոգվել է մարզադահլիճը: Հանդիսավոր բացմանը նաև փոխնախարարն ու Արարատի մարզպետն են մասնակցում:

Դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչի խնդրանքով բոլորին մեկ գաղափարի շուրջ Անահիտն է համախմբել: «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնությամբ հայրուրավոր մարդկանց, այդ թվում անհատների, դեսպանատան ներկայացուցիչների է այս գործում ներգրավել:

Անահիտ Գևորգյան («Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության հեղինակ) - Մի բարերարի կանչեցինք, ասաց՝ հատակի հարցը կլուծեմ, մյուսն ասաց՝ պատերի հարցը կլուծեմ, էնպես կազմակերպվեց որ հասկացանք, որ ունենք կանաչ լույս, մենք մնացորդ մասն էլ կարող ենք անել:

Սա Աբովյանի միջնակարգ դպրոցի մարզադահլիճն էր ամիսներ առաջ, այս պայմաններում մարզվելը պարզապես հակացուցված է: Տարիներ շարունակ «Ֆիզկուլտուրա» առարկան տետր ու գրիչով դասարաններում են անցկացրել: Հիմա ժամանակի պահանջներին համապատասխան մարզադահլիճ ունեն՝ սպորտային հատակով, ջեռուցմամբ ու հատուկ լուսավորությամբ: Նորորգվել են նաև հանդերձարանները:

Անահիտ Գևորգյան - Դռները այլ կազմակերպություն է բերել, պատերը ինքներս ենք ներկել, մի քանի կազմակերպություններ ենք բերել, ամեն մի կազմակերպություն հիշեցնում է մեկին:

Սա Անահիտի արդեն երկրորդ հաջողված նախաձեռնությունն է, ամիսներ առաջ մի խումբ մարդկանց շնորհիվ էլ նորոգել էին Արևշատի երաժշտական դպրոցը: Հաջողության գաղտնիքը լավ գիտի, երբ խնդիրն անձնական է դառնում, տարիների չլուծված հարցերը սկսում են լուծում ստանալ:

Կարեն Գիլոյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Երբ դիմեց մեզ, ասեց՝ նորոգենք, դուք ինչի եք պատրաստ, ասացի, որ հենց նորոգումը ավարտեք, ամբողջ գույքը նվեր կտամ դպրոցին:

Դպրոցն արդեն ունի թենիսի սեղան, մագլցման պարաններ, վոլեյբոլի ցանց, տարբեր մարզաձևերի գնդակներ: Առարկան լիարժեք անցկացնելու համար կան բոլոր պայմանները: Գիլոյանը նման նախաձեռնությունները կարևորեց, նաև տեղեկացրեց, որ կառավարությունը նոր դպրոցների, մանկապարտեզների կառուցման ու հիմնանորոգման լայնամասշտաբ ծրագիր է իրականացնում:

Կարեն Գիլոյան - 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրով շատ ավելի լուրջ ներդրում է պատրաստում պետությունը, բայց այսպիսի միջամտություններն էլ շատ կարևոր են: Պիտի հասկանանք, որ յուրաքանչյուրս դպրոցում անելիք ունենք, ամեն ինչ կրթությունից է սկսվում, պիտի ամեն ինչ անենք, որ ճիշտ կազմակերպենք սկիզբը, հիմքը ճիշտ դնենք, որ ունենք այն, ինչ երազում ենք:

Դպրոցը 200 աշակերտ ունի, նաև տարբեր մարզաձևերում հաջողությունների հասած: Ֆիզկուլտուրայի ուսուցչուհին թեթև աթլետիկայի Հայաստանի չեմպիոն է, խոստանում է նոր մարզադահլիճում նոր չեմպիոններ կրթել:

Գոհար Գևորգյան (Արարատի մարզի Աբովյան գյուղի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ) - Ֆիզկուլտուրայի դասերով կարող ենք նախապատրաստել ու տալ մարզիչներին, որ կարող են հղկել ու դարձնել օլիմպիական չեմպիոն: Խոսք եմ տալիս՝ ապագայում դպրոցից դուրս կգան բարձրակարգ մասնագետներ, սպորտի վարպետներ, ինչու չէ՝ նաև չեմպիոններ:

Անահիտ Գևորգյան - Մենք պետք է առողջ սերունդ ունենանք, եթե մենք ուզում ենք մեր բանակը ամուր լինի, ոչ թե բանակում ամրացենք, այլ առաջին դասարանից սպորտով զբաղվի:

Մինչև նորոգված մարզադահլիճում սպորտային իրերը իրենց տեղը կգտնեն, դպրոցի աշակերտները իրենց սպորտային ունակություններով ու երաժշտական կատարումներով նշում են միասնական հաղթանակը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում