Տիգրան Մանսուրյանը նշում է ծննդյան 84-ամյակը

ԼԼիլիթ Ասատրյան

Հունվարի 27-ը մաեստրո Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է: Այդ կապակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել «Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» խորագրով համերգային ծրագիրը: Ներկայացվել է երկու պրեմիերա: Համերգից առաջ ցուցադրվել է մաեստրոյի կյանքին ու ստեղծագործական գործունեությանը նվիրված ֆիլմ:

«Երաժշտություն գրելն ինձ համար գործ չէ: Ինքնարտահայտման միջոց էլ չէ: Երաժշտություն ստեղծագործելը հենց ես եմ»,- ասում է Տիգրան Մանսուրյանը:

13 տարեկանում դաշնամուրի հետ առաջին հանդիպումը մեկընդմիշտ կապեց նրան հնչյունների աշխարհին։ Բարձրաճաշակ երաժշտություն, հոգին պարուրող մեղեդիներ՝ մաեստրոյի ստեղծագործության մասին է:

Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ իրենց արտահայտիչ մեղեդիներով:

Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր՝ «Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» խորագրով համերգին երաժշտասերները հավաքվել էին` նշելու Տիգրան Մանսուրյանի 84-ամյակը, լսելու «8 hայրեն` սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների» համաշխարհային պրեմիերան և «Օրհներգ - Նավապետ Բարի» հայաստանյան պրեմիերան: Կազմակերպիչը Կողբ հիմնադրամն է: Համերգը ղեկավարեց Ռոբերտ Մլքեյանը:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը, նաև Բաբկեն Չոբանյանն ու Տիգրան Քախվեջյանը:

«Նռան գույնը», «Մենք ենք, մեր սարերը», «Կտոր մը երկինք», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն» և այլ ֆիլմերի համար մաեստրոյի գրած երաժշտությունն ու հեղինակած այլ գործերը հնչել ու հնչում են ամբողջ աշխարհում. դրանք կատարվել են Լոնդոնի, Փարիզի, Հռոմի, Բեռլինի, Վիեննայի, Նյու Յորքի և այլ քաղաքների խոշորագույն համերգային դահլիճներում:

Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում