Ցուցմունքներով հիմնավորվել է նախնական վարկածը. վաշտի հրդեհի մանրամասները՝ Կառավարության նիստում

ՄՄայա Խաչատրյան

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԶՈՐԱՄԱՍԻ ԹԻԿՈՒՆՔԻ ՊԵՏԸ

Զորամասի կացարանում բռնկված հրդեհի դեպքով ձերբակալվել է առաջին անձը՝ զորամասի թիկունքի պետ՝ հրամանատարի տեղակալը:

Նա մեղադրվում է զինվորական պաշտոնական անփութության համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Գլխավոր դատախազը Կառավարության նիստում դեպքի վերաբերյալ ներկայացրեց որոշ մանրամասներ՝ նախաքննության շահից ելնելով չբացահայտելով անձանց հաջորդականությունը, որոնց նկատմամբ կիրականացվեն իրավական գործողություններ:

Աննա Վարդապետյան (ՀՀ գլխավոր դատախազ) - Բոլոր անձանց նկատմամբ նաև խափանման միջոցի հարցերն են քննարկվելու, և կան դրանց ուղղությամբ ստրատեգիական լուծումներ, համադրվում են կանոնադրությունները, կանոնագրքերը, բոլոր նորմերը, քրեաիրավական արգելքները՝ հասկանալու՝ ով ինչ չի արել նաև անվտանգության կանոններն ապահովելու տեսանկյունից:

Կայազորների զինդատախազներին կարգադրվել է սեղմ ժամկետում տեղեկություն տրամադրել բոլոր զորանոցների կենցաղավարման, հակահրդեհային, անվտանգային այլ կանոնների, կահավորման վերաբերյալ: Գլխավոր դատախազի խոսքով՝ մանրամասն կտեղեկացնեն կատարվող քննության ընթացքի, բոլոր վարկածների մասին՝ ըստ նրա, «սև խոռոչներ» չունենալու համար:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ես դա էի ուզում հարցնել՝ ինչ ենք մենք թաքցնում հանրությունից: Երբեմն տպավորություն է, որ ինչ-որ նախաքննությունը, Կառավարությունը զբաղված է դեպքի շուրջ թաքցնելով: Ինչ ենք թաքցնում, ինչ է պարզել նախաքննությունը: Որոշ մարդկանց մեկնաբանությունը կարդում ես, տպավորություն է, որ հրդեհը ոչ թե իմ նկարագրած կամ մեր նկարագրած բենզինի 5 լ տարայի օգտագործման պատճառով է բռնկվել, այլ այլ բան է տեղի ունեցել:

Աննա Վարդապետյան - Ձեր կողմից հրապարակված վարկածն այս պահին կենսունակ վարկածն է: Ըստ էության, մյուս բոլոր վարկածները ստուգվում են, և բացառման կանոնով քննությունն իրականացվում է, բայց հիմնական վարկածը, որի շուրջ քննությունն իրականացվում է, կարծես ունենք ապացույցների բազան, որով մեղադրանք ենք առաջադրում, Կառավարության նիստի ընթացքում հրապարակված վարկածն է:

Նիկոլ Փաշինյան - Ինչ որ հնչել է, այդ պահին ինչ տեղեկություն ունեցել ենք, հանրության հետ կիսել ենք: Եթե պարզվի՝ հնչածի 180 աստիճանի հակառակն է, կաշկանդված չենք, հանրության հետ հաղորդակցության մեջ ենք:

Քննչական կոմիտեի նախագահն էլ հավելեց, որ մինչև այս պահը հարցաքննված անձանց վկայությամբ հիմնավորվել է նախնական վարկածը՝ ըստ որի՝ սպան, խախտելով կարգը, վառարանը վառել է ավտոբենզինով, որի հետևանքով Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանը բռնկվել է:

Արգիշտի Քյարամյան (ՀՀ քննչական կոմիտեի նախագահ) - 2 օր առաջ օրապահը, որն անմիջականորեն ականատես է եղել դեպքին, ցուցմունք է տվել, հիմնավորել է, ամեն ինչ պարզ է, այլ բաներ փնտրելու ակնկալիքները, կարծում եմ, այդքան էլ ազնիվ չեն:

Նիկոլ Փաշինյան - Ասվել է, որ էնտեղ օգտագործվել է բենզին, որն անհրաժեշտ է, բուլդոզորների համար, հետո պարզվել է, որ անհրաժեշտ է բուլդոզորները խոդի գցելու համար: Գործի տվյալներով հիմնավորվում է, որ կրակը մարած է եղել, զինվորը փայտ է լցրել, սպան ասել է՝ վառեք, կպնի, սպան փորձել է վառել, դիզվառելիք է ուզել, որից հետո որոշել է, վկան տեսել է տարան բռնկված վիճակում: Այդ ամենը այս պահին հիմնավորվում է, բայց սա չի նշանակում՝ այլ վարկածով սահմանափակված ենք. քննությունը պետք է լինի ամբողջական:

Հունվարի 19-ի ողբերգական դեպքին վարչապետն անդրադարձավ «Թումո»-ի կրթական ծրագրերի վերաբերյալ քննարկմանը:

Նիկոլ Փաշինյան - Կարող է աբսուրդ թվալ, բայց եզրակացությունս է, որ դա զուտ կրթության հարց է, իմանալու, չիմանալու հարց է: Բոլորս ինչ-որ բան չգիտենք: Առաջինը, երբ այս գիտակցությունը չկա, մեր պրոբլեմները չեն լուծվի: «Թումո տուփի» և Ազատ գյուղի կացարանի տեղի ունեցածի կապը պետք է տեսնենք, չնկատելն է, որ անընդհատ կանգնեցնում է պրոբլեմների առաջ:

110 «ԹՈՒՄՈ ՏՈՒՓԵՐ» ԿՏԵՂԱԿԱՅՎԵՆ ՀՀ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ

Գործադիրի որոշմամբ Ախուրյանի թիվ 1 և Փանիկի հիմնական դպրոցներից անհատույց օգտագործման իրավունքով տարածք կհատկացվի «Սիմոնյան» կրթական հիմնադրամին՝ «Թումոն տուփի մեջ» ծրագրի համար, որից կօգտվի 1200 երեխա: 110 «Թումո տուփեր» կտեղակայվեն տարբեր բնակավայրերում: Երևանում ևս երկու, իսկ Կապանում մեկ «Թումո» կենտրոն կստեղծվի:

Ժաննա Անդրեասյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար) - 16 կենտրոնները 110 տուփերի հետ ծածկելու են ամբողջ հանրապետությունը: Կարևորում եմ, որ տուփերը կառուցվում են դպրոցների հարևանությամբ, սա հավելյալ հնարավորություն է ստեղծում, որ երեխաներն ու ուսուցիչները օգտվեն ենթակառուցվածքից, զարգացնեն լրացուցիչ ծրագրեր, ինչպես ուսուցիչների վերապատրաստման ծրագրերն են:

ԿՓՈԽՀԱՏՈՒՑՎԻ ՋԵՐՄՈՒԿԻ ՏՈՒԺԱԾ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱԽՍԸ

Ամբողջությամբ կփոխհատուցվի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած Ջերմուկի հյուրանոցային, հյուրատնային գործունեություն իրականացնող տնտեսվարողների 4 ամսվա՝ սեպտեմբերից դեկտեմբեր գազի և էլեկտրաէներգիայի ծախսը:  

Փոխհատուցման համար կհատկացվի 50 միլիոն դրամ: Ջերմուկում զբոսաշրջությունն ակտիվացնելու համար կիրականացվեն լրացուցիչ այլ միջոցառումներ: Աջակցության վերաբերյալ ևս մեկ որոշում, ըստ վարչապետի, շրջանառության մեջ է: Նա հիշեցրեց՝ հարցը քննարկվել էր 2022-ի դեկտեմբերի 17-ին Ջերմուկում «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքական ժողովի նիստում՝ բնակիչների և գործարարների հետ հանդիպմանը, և հիմա հատկացվում է օժանդակությունը:

Նիկոլ Փաշինյան - Աջակցություն ակնկալող ընկերությունները պետք է 100 հազար դրամից ավելի հարկային պարտավորություն պետության նկատմամբ չունենան: Դիմելու պահին պիտի չունենան, սա կարևոր նրբություն է: Արձագանքի արագությունը վատ չէ, մեկ ամիս քննարկել ենք, որ լինի հասցեական:

2022-ԻՆ ՆՎԱԶԵԼ Է ՃՏՊ-ՆԵՐԻ ԹԻՎԸ

2022-ին նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները, զոհերի և վիրավորների թիվը՝ հաջորդ հարցի քննարկման ժամանակ տեղեկացրեց ներքին գործերի նախարարը:

Վահե Ղազարյան (ՀՀ ներքին գործերի նախարար) - Չնայած այն հանգամանքին, որ 2022 թվականի ընթացքում 22 հազար 825-ով կամ շուրջ 2 անգամ ավելացել է հաշվառված տրանսպորտային միջոցների թիվը, այդուհանդերձ, ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2021 թվականի համեմատությամբ 2022 թվականին 295-ով կամ 6,4 տոկոսով նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, ինչի արդյունքում 47-ով կամ 12,8 տոկոսով նվազել է զոհերի թիվը, 542-ով կամ 8,1 տոկոսով՝ վիրավորների թիվը:

Վարչապետը ներկայացրեց ավտովթարների թիվը նվազեցնելու ուղղությամբ ձեռնարկված միջոցները։

Նիկոլ Փաշինյան - Ճանապարհների կառուցման, նորոգման, հիմնանորոգման մասին խոսելիս անդրադարձել ենք նաև «սև կետերի» վերացմանը։ Մենք վերլուծում ենք ճանապարհի այն հատվածները, որտեղ կրկնվում են վթարները, և այդ հատվածներում լոգիստիկ տրամաբանությունը փոխում ենք։

ԿՆԵՐՄՈՒԾՎԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հաջորդը ճանապարհային երթևեկության կանոնների ստանդարտների ներմուծումն է: 

Ճանապարհային երթևեկության անվտանգությանը վերաբերող օրեննքի նախագիծը գործադիրը հաստատեց. այն վերաբերում է ԵԱՏՄ ավտոճանապարհների տեխնիկական կանոնակարգին մեր կանոնակարգերի համապատասխանեցմանը: Նպատակն է խաչմերուկներում խցանումներից խուսափել, անցուղիներն անվտանգ դարձնել հետիոտնի համար: Կգործարկվեն ճանապարհային երթևեկության նոր նշաններ: 

Կառավարության նիստում Նազելի Բաղդասարյանն ազատվեց Շիրակի մարզպետի պաշտոնից: Այդ պաշտոնում նշանակվեց Մուշեղ Մուրադյանը: Մինչև այդ նա զբաղեցրել է «Արփի լիճ» ազգային պարկի տնօրենի պաշտոնը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում