Ամուր անունով ամուրյան վագրն այսուհետև կապրի Երևանի կենդանաբանական այգում

ԼԼիլիթ Ասատրյան

Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի: Գործարար Առաքելյանների ընտանիքի նվիրաբերած ամուրյան 7-ամյա վագրը երկրորդ օրն է այգում: Գիշատիչը երկու շաբաթով կարանտինում կլինի. այդ ընթացքում նաև ադապտացիոն շրջան կանցնի, քանի որ նոր միջավայր տեղափոխված կենդանուն ժամանակ է անհրաժեշտ՝ տարածքին և խնամողներին հարմարվելու համար. խնամողի խոսքով՝ 3-4 օր կպահանջվի:

Արման Խաչատրյան (Երևանի կենդանաբանական այգու գիշատիչների բաժնի խնամող) - Սկզբի օրերին իր նոր բնին ծանոթանալու համար ինքը կարող է` կեր չուտի, բայց սրանից հետո ուտում է նորմալ: Մենք իրենց տալիս ենք միս: Իրենք նորմատիվով են ուտում՝ օրը մի անգամ՝ իրենց հասանելի չափաբաժնով:

Ամուր անունով ամուրյան վագրը կենդանաբանականում ևս երկու ցեղակից ունի: Մեկը փոխանակմամբ այգի է տեղափոխվել 2022-ի ամռանը: Վագրերի ազատավանդակը հիմնանորոգվում է՝ նախապատրաստելով այն մի քանի կենդանու:

Երևանի կենդանաբանական այգու գիտական գծով փոխտնօրենի խոսքով՝ հնարավոր է նույնիսկ վագրերը զուգավորվեն, և կենդանաբանական այգում համալրում լինի:

Աշոտ Ասլանյան (Երևանի կենդանաբանական այգու գիտական գծով փոխտնօրեն) - Ամուրյան վագրերը գտնվում են անհետացման եզրին, ընդգրկված են միջազգային Կարմիր գրքում, նաև ռեգիոնալ՝ որտեղ իրենք բնակվում են: Բնության մեջ մնացել են շատ քիչ քանակությամբ, և առանց պահպանության, վերարտադրության միջոցառումների կարող էին անհետանալ ընդհանրապես:

Ասլանյանը նշում է՝ կենդանիների համար փորձել են ապահովել առավելագույն հարմար պայմաններ: Հավաստիացնում է՝ բարելավվել է կենդանիների սննդի որակը, մեծացել չափաբաժինը, ընդլայնվել կերակրացանկը: Տարիների ընթացքում առաջացած ենթակառուցվածքների, շինությունների, ֆոնդի հետ կապված խնդիրները ևս լուծման ճանապարհին են:

Վերջին մեկ տարվա ընթացքում կենդանաբանական այգու բնակիչներին են միացել կենգուրուների զույգը, աֆրիկյան ջայլամների խումբը, մի քանի տեսակի նոր սողուններ, աֆրիկյան պսակակիր կռունկներ: Կարմիրգրքյան մի շարք կենդանիների ընտանիքներում համալրումներ են սպասվում:

Հեղինակ` Լուսինե Գրիգորյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում