2024-ից բոլոր նպաստները կտրվեն բացառապես անկանխիկ

ԼԼիլիթ Ասատրյան

«Պետական նպաստների մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն` ինչպես կենսաթոշակները, այնպես էլ ընտանեկան ու սոցիալական նպաստները, հրատապ օգնության վճարումները 2023-ից կատարվելու են անկանխիկ եղանակով: Համակարգը կներդրվի փուլերով:

Դավիթ Խաչատրյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Փետրվարի 1-ից սկսած` 1000-ից ավելի բնակչություն ունեցող բնակավայրերում նոր նշանակման դեպքում կանցնեն անկանխիկի, 2023թ-ի հուլիսի 1-ից հետո մինչև 1000 բնակիչ ունեցողների նոր նպաստ ստացողները կստանան անկանխիկ:

2023-ի հուլիսի 1-ից պարտադիր անկանխիկի կանցնեն նաև 1000-ից ավելի բնակչություն ունեցող բնակավայրերի այն նպաստառուները, որոնց նպաստը նշանակվել է 2023-ի փետրվարի 1-ից առաջ, իսկ 2024-ից նրանց կմիանան մինչև 1000 բնակիչ ունեցող բնակավայրերի բոլոր նպաստառուները:

Այսպիսով՝ 2024-ից բոլոր տեսակի նպաստ-թոշակ ստացող քաղաքացիները վճարվելու են միայն անկանխիկ եղանակով և միայն բանկերի միջոցով: Կանխիկ, թե անկանխիկ` ընտրելու հնարավորություն կունենան 75 տարին լրացած անձինք և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողները:

Վճարող բանկն ընտրում է ընտանիքի չափահաս այն անդամը, որը ներկայացնում է դիմում: Իսկ եթե չի ընտրում որևէ բանկ, ոչ թե զրկվում է իրեն հասանելի գումարից, այլ պետությունն է իր համար ընտրում բանկ, և գումարը կուտակվում է քարտին:

Որքանով է անկանխիկ եղանակը հասանելի հատկապես փոքր գյուղերում: Փոխնախարարը նշում է՝ առանձին ուսումնասիրություն չունեն, բայց, օրինակ, կենսաթոշակների հետ կապված բողոքներ դեռ չունեն: Արդյոք կա սահմանված չափորոշիչ, թե գյուղ-բանկոմատ հեռավորությունը առավելագույնը որքան պետք է լինի. հարցին նախարարի պատասխանը բացասական է: Նշում է՝ 1 բանկոմատի արժեքը բավական բարձր է, և պետությունը այդպիսի պարտավորվածություն գուցե չկարողանա դնել բանկերի վրա, փոխարենը անկանխիկ վճարումներն են փորձում դարձնել հասանելի:

Դավիթ Խաչատրյան - Կենտրոնական բանկի և ՊԵԿ-ի գործընկերները ծավալուն գործողություններ են արել, և անկանխիկի օրենքն է ուժի մեջ մտել, ըստ որի` բոլոր խանութները պետք է ունենան անկանխիկ վճարելու սարքեր:

Այս պահին էլ, չնայած պարտադիր չէ, բայց նպաստառուների ակտիվ հոսք են նկատում կանխիկից անկանխիկ, մանրամասնում է փոխնախարարը:

Դավիթ Խաչատրյան - 3 տարվա ընթացքում 90.000-ից նպաստառուների թիվը իջել է 70000-ի: 200-300-ն էին քարտով ստանում, հիմա 3500-ը, թիվը տասնապատկվել է:

Իսկ բնակավայրերի թվակազմի հարցում առաջնորդվելու են Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ:

Հեղինակ` Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում