Մեկ ամիս է՝ Երևանի փողոցներում գործում է մոտո-տաքսի

ԱԱրսեն Մկրտչյան

Աշխատանքի կամ գործնական հանդիպման գնալիս խցանումներն այլևս չեն խանգարի: Մեքենայի փոխարեն կարող եք պատվիրել մոտո տաքսի և շրջանցել դրանք:

Երևանում մոտոցիկլետներով տաքսի ծառայություն հիմնելու գաղափարն Արսեն Շամիլյանինն է: Դեռ 2015-ին առաջացած մտահղացումն ընկերներով կյանքի են կոչել մեկ ամիս առաջ:

Արսեն Շամիլյան (մոտո-տաքսի նախագծի հիմնադիր-տնօրեն) - Ոչ միայն մոտոցիկլետների հանդեպ սերն է, այլ նկատելով քաղաքում սարսափելի խցանումները, ծնվեց միտք, որ կարելի է տալ արդյունավետ լուծում:

Մոտոցիկլետով երթևեկելու արժեքը, թեև սովորական տաքսի ծառայության համեմատ բարձր է՝ մեկ կիլոմետրի համար 300 դրամ, Մոտո-տաքսին օրական ունենում է շուրջ 10 ուղևոր:

Արսեն Շամիլյան - Երբ նոր էինք նախատեսել, իրականում մենք էլ կարծրատիպեր ունեինք, մտածում էինք, որ հիմնականում կպատվիրեն զբոսանքների համար, երիտասարդ մարդիկ, աղջիկներ, բայց փորձը ցույց տվեց, որ լինում են նաև 40-ն անց մարդիկ:

Լենա Մանուկյանը տաքսի ծառայության արդեն մշտական հաճախորդներից է: Խոստովանում է՝ առաջին անգամ մոտոցիկլետով երթևեկելիս վախեր է ունեցել: Այժմ ծառայությունից օգտվում է շաբաթական առնվազն 2 անգամ:

Լենա Մանուկյան (ուղևոր) - Լինում է այնպես, որ, օրինակ՝ ուշանում եմ, կանչում եմ: Ամենահետաքրքիրը, երբ ինչ-որ գործնական հանդիպման եմ գնում, մոտոյից եմ իջնում, արձագանքներն են շատ հետաքրքիր լինում:

Մինչև ուղևորությունը սկսելը հաճախորդին տրամադրվում է հատուկ հանդերձանք: Սաղավարտ կրելը պարտադիր պայման է,- նշում են նախաձեռնության հեղինակները: Ուղևորի անվտանգությունն առաջնահերթ է:

Արսեն Շամիլյան - Կախված եղանակային պայմաններից՝ տրամադրում ենք հատուկ համազգեստ՝ տաբատ և բաճկոն, ինչպես դահուկային սպորտի կամ այլ ձմեռային սպորտաձևերում է լինում, որը ջերմա- և ջրամեկուսիչ է: Հագուստը կարողանում են հագնել հենց հիմնական հագուստի վրայից, փողոցում, առանց կոշիկները հանելու:

Մոտո-տաքսի նախաձեռնությունը դեռ փորձարկման փուլում է, վարորդների քանակը՝ սահմանափակ՝ նշում է Արսեն Շամիլյանը: Շուկան ամբողջությամբ ուսումնասիրելուց հետո նախատեսում են վարորդների թիմն ընդլայնել:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում