Մանկական օնկո-հեմատոլոգիական հիվանդությունների բուժման համար այս տարի ձեռք է բերվել 38 անվանում դեղ

ՎՎարդուհի Բալյան

Մանկական օնկո-հեմատոլոգիական հիվանդություններով երեխաների և դեռահասների բուժման համար այս տարի Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 38 անվանում դեղ: Բացի այս համալրումից, դեղերի որոշ խմբաքանակ էլ որպես մարդասիրական օգնություն է տրամադրվել:

Մարինե Հարությունյան (ՀՀ ԱՆ դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության բաժնի պետ) - Նախորդ տարի ձեռք են բերվել 24 անվանում դեղեր, այսինքն՝ և՛ դեղերի անվանացանկը ընդլայնվեց, և՛ հնարավորություններ ստեղծվեցին բանակցությունների արդյունքում մատակարարների կողմից դեղերի մատակարարման և արդեն մեր կողմից տրամադրման համար:

Այս պահին մանկական օնկո-հեմատոլոգիական ծառայությունում 5830 պացիենտ է հաշվառված: Նրանց անվճար տրամադրելու համար դեղերը հատկացվել են համապատասխան կենտրոնին:

Մարինե Հարությունյան - 2022 թ. դրությամբ մեր դեղապահովումը կազմել է այս ծրագրի շրջանակներում 100%, ընտրված դեղերի, տրամադրվող դեղերի շրջանակներում 100%-ով ապահովում է իրականացրել, այսինքն՝ բժշկական կենտրոնը ինչպիսի հայտ ներկայացրել է, ինչ քանակությամբ, այդ նույն քանակով դեղերն էլ ստացել են:

Ամեն տարի ուռուցքների կամ արյունաբանական չարորակ խնդիրների հետ կապված Հայաստանում երեխաների մոտ 80-100 նոր դեպք է ախտորոշվում: Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Լիլիթ Սարգսյանի խոսքով՝ մյուս երկրներում ևս գրեթե նույն ցուցանիշն է:

Լիլիթ Սարգսյան (Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար) - Եթե համեմատենք 2022 թվականը 2021 թվականի հետ, մի փոքր աճ գրանցվել է: Նշածս 100 դեպքերից գրեթե կեսը բաժին են հասնում մանկական լեյկեմիաներին՝ դրանք արյան չարորակ հիվանդություններն են, և լիմֆոմաներին՝ լիմֆատիկ համակարգի չարորակ հիվանդությունները, և հետո արդեն ըստ տարածվածության կենտրոնական նյարդային համակարգի չարորակ ուռուցքներն են, ոսկրերի, փափուկ հյուսվածքների ուռուցքներն են և այլն:

Մանկական քաղցկեղը կանխատեսելը անհնար է, չկան համապատասխան հետազոտություններ, որոնք հնարավորություն կտան հայտնաբերել, որ երեխայի մոտ մի օր այդպիսի հիվանդություն է ախտորոշվելու: Այդ պատճառով, մասնագետի խոսքով՝ վաղ ախտորոշումը մեծացնում է հնարավոր բուժման հավանականությունը:

Լիլիթ Սարգսյան - Երբ դեռ մետաստատիկ փուլում չէ, երեխան շատ մեծ շանսեր ունի կատարյալ առողջացման, և մեր բոլոր պացիենտներից 100 երեխայից 75-ը լիարժեք առողջանում են, այսինքն՝ սա շատ լավ ցուցանիշ է, և մենք կարող ենք այս ցուցանիշը համեմատել ամենազարգացած երկրների ցուցանիշների հետ:

Արդեն երկու տարի ռոբոտ Ռոբինն ապրում է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում: Ռոբոտը հերթով այցելում է բուժում ստացող երեխաների հիվանդասենյակներ, շփվում և խաղում նրանց հետ:

Ռոբոտի տասնյակ էմոցիաները աշխարհի առաջատար հոգեբանների հետ համատեղ աշխատանքի արդյունք են:

Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում