Օպերա-բալ՝ տարեմուտի գիշերը

ԼԼիլիթ Ասատրյան

Վալս, դիմակահանդես, դասական երաժշտություն․Հայաստանում առաջին անգամ Ամանորի գիշերը կանցկացվի Օպերա-բալ։ Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնը հրավիրում է Նոր տարին միասին դիմավորելու: Սպասվում են համերգային ծրագիր, տոնական ներկայացում։

Կարեն Դուրգարյան (Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի տնօրենի պաշտոնակատար) - Հանդիսատեսը ինքն էլ է մասնակցելու այդ ներկայացմանը։ Հուսանք, որ սա կդառնա այնպիսի ավանդույթ, որ մեր սիրելի հանդիսատեսը ցանկություն կունենա Ամանորը անցկացնել Օպերային թատրոնում։ Փորձենք այդ ավանդույթի բացումն անել այս տարի։

Ռուբեն Մուրադյան (Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի բալետի արտիստ) - Թատրոնը արդեն իսկ սկսել է վերջին տարի ու կեսի աշխատանքներից ելնելով ճաշակ թելադրել։

Կարեն Դուրգարյանի խոսքով՝ նման միջոցառումները ընդունված են աշխարհում։ Հանդիսատեսը դեկտեմբերի 31-ին թատրոնի հայտնի բեմադրությունների փոխարեն կտեսնի, թե ինչպես են կատակում արտիստները։ Միջոցառմանը ներգրավված է ամբողջ թատրոնը։

Կարեն Դուրգարյան - Դուք կտեսնեք դասական երաժշտության ներքո կատակային համարներ, դա հանդիսատեսին կտանի դեպի ավելի մանկական, հեքիաթային, հումորային աշխարհ։ 

Դիրիժորի խոսքով՝ արտիստներն էլ են սիրում հումոր, և եթե կարողանան ժպիտ փոխանցել հանդիսատեսին, կհամարեն, որ բացումը կայացել է։ Հանդիսատեսը նույնպես վալս պարելու հնարավորություն կունենա: Հիմա այդ նպատակով Օպերային թատրոնում փորձեր են։

Կարեն Դուրգարյան - Առաջին անգամ է, որ հանդիսատեսը այդքան մոտ է լինելու, կոնտակտը այդքան սերտ է լինելու՝ հանդիսատեսի ու արտիստների։ Ես ուղղակի վստահ եմ, որ կողքի աչքով եթե նայեն, գուցե խառնեն` արտիստներն ովքեր են։

Օպերա-բալի ամբողջ հասույթն ուղղվելու է 2023-ի նոր ներկայացումների ստեղծմանը։

Հեղինակ` Անի Ավագյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում