250-350 հազար դրամ՝ գործատուին. պետությունը խրախուսում է աշխատանքի ընդունել գործազուրկներին

ՄՄարո Թարվերդյան

Պետությունը գործատուներին կտրամադրի միանվագ ֆինանսական աջակցություն, եթե նրանք աշխատանքի ընդունեն Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում հաշվառված այն գործազուրկներին, որոնց տարիքը 35-ից բարձր է, ու կենտրոնում գրանցված են առնվազն երեք ամիս:

Կամ էլ նպաստառու են՝ անկախ տարիքից ու գրանցված լինելու ժամկետից: Առաջին խմբի քաղաքացիների դեպքում աջակցությունը կլինի 250 հազար դրամ: Նպաստառու գործազուրկների դեպքում՝ 350 հազար:

Ժորա Սարգսյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Պետք է պայմանագիրը կնքվի առնվազն մեկ տարի ժամկետով և նորմալ աշխատաժամանակի ռեժիմով:  

Եթե գործատուն աշխատանքի ընդունի նպաստառու գործազուրկի և ապահովի սեզոնային զբաղվածություն, ինչը կարող է լինել մինչև 8 ամիս ժամկետով, իրավունք ունի պայմանագիր կնքել այդ ժամանակահատվածի համար: Բայց պետության աջակցությունն արդեն կլինի համամասնորեն:

Ծրագրին կարող են դիմել այն գործատուները, որոնք համապատասխանում են սահմանված չափանիշներին

1. պետական կառավարման համակարգի մարմին չեն.
2. ծրագրին դիմելու պահին գործել են առնվազն 2 տարի.
3. վերջին 3 ամսում ունեցել են առնվազն 10 աշխատող.
4. հաշվարկված եկամուտներն այդ երեք ամսում կա՛մ չեն նվազել, կա՛մ նվազել են 5 տոկոսից ոչ ավելի:

Սկզբնական փուլում նախատեսվում է ծրագիրն իրականացնել 200 գործազուրկի համար: Կախված պահանջարկից, ֆինանսական հնարավորություններից և արդյունավետությունից՝ կքննարկվի ընդլայնելու հարցը: Ներկայումս սոցիալական կենտրոններում հաշվառված է մոտ 50 հազար գործազուրկ, որից 35 հազարը 35 և ավելի տարիքի են:

Ոլորտի պատասխանատուները հույս ունեն այս ծրագրով կայուն զբաղվածության հիմքեր դնել: Նախարարի տեղակալը նշում է՝ նմանատիպ այլ ծրագրերը ցույց են տալիս, որ եթե աշխատանքային հարաբերությունները տևում են մեկ տարի, նույնիսկ մինչև 80 տոկոս դեպքերում դառնում են շարունակական:

Ժորա Սարգսյան - Եթե աշխատանքային հարաբերություններում այդ մեկ տարվա ընթացքում խնդիրներ չեն առաջանում, որևիցե գործատու ինքն իր նախաձեռնությամբ պայմանագիրը չի լուծի, որովհետև իրեն էլ է պետք արդեն իսկ փորձառու, մեկ տարվա ստաժ ունեցող աշխատող:

Ռիմա Սիմոնյանը այս նոր ծրագրի առաջին շահառուն է: Պոլիէթիլենային տոպրակների արտադրամասում փաթեթավորող է աշխատում: 

Ընկերության տնօրենն ասում է՝ սոցիալական ծառայության հետ վաղուց են գործակցում: Օրերս առաջարկ են ստացել միանալ ծրագրին ու արագ արձագանքել են: Այդ պայմաններով դեռ միայն մեկ աշխատող ունեն: Նոր հաստիք ազատվելու դեպքում անպայման նորից կդիմեն:

Ռազմիկ Պետրոսյան («ԱՆԻ ՊԼԱՍՏ» ՍՊԸ տնօրեն) - Ծրագիրը նրանով է լավ, որ առաջին հերթին իրենք հատուկ այդ աշխատանքի համար աշխատող են գտնում, այսինքն՝ քո փոխարեն իրենք են զբաղվում, գտնում ճիշտ մարդու, որը կուզի նման աշխատանք կատարել:

Այստեղ դեմ չեն տիկին Ռիմայի հետ պայմանագրի ժամկետը հետագայում երկարաձգելու:

Ռազմիկ Պետրոսյան - Ինձ թվում է՝ արդեն ինքը նորմալ աշխատում է: Իր ցանկությամբ, եթե ինքը կուզի, կմնա: Կմնա կաշխատի: 

Ռիմա Սիմոնյան (ԱՆԻ ՊԼԱՍՏ» ՍՊԸ աշխատակից) - Ինչու չէ, նորմալ աշխատանք է: Պայմանագիրը լրանալուց հետո, հա, կշարունակեմ աշխատել անպայման:  

Հեղինակ՝ Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում