Վեցամյա դադարից հետո վերաբացվել է Բաղրամյան գյուղի մանկապարտեզը

ՀՀայկուշ Ասլանյան

Տևական դադարից հետո վերաբացվել է Բաղրամյան գյուղի մանկապարտեզը: Հաստատության 6 տարվա լռությունը խախտվել է երեխաների աղմուկ-աղաղակով: Պարտեզից հետ վարժված շատ փոքրիկների համար ծնողներից ժամանակավոր բաժանումը սկզբում դժվար էր, բայց արագ հարմարվեցին. հետաքրքրությունները շատ էին, միջավայրը՝ ուրախ: Ծնողների կարծիքով՝ մինչև դպրոց գնալը պարտեզ հաճախելը կարևոր է երեխայի համար:

Նունե Հարոյան (Ծնող) - Պետք է սովորեն, կրթվեն, մինչև դպրոց գնալը. դա հեշտացնում է ծնողի գործը:

Մանկապարտեզի հիմնանորոգումը գործադիր-համայնք համաֆինանսավորմամբ սկսվել է 2019 թվականին: 27 մլն դրամով ամրացրել են շենքը, փոխել տանիքը, դռներն ու պատուհանները: Մեկ տարի անց գործին միացել է նաև մասնավորը. ներքին հարդարման համար ևս 30 մլն դրամ է ներդրվել: Նաև այգի են հիմնել, խաղահրապարակ կառուցել, բակը բարեկարգել:

Արթուր Ավետիսյան (Բաղրամյան բնակավայրի վարչական ղեկավար) - Ստեղծվել է բարեգործական հիմնադրամ, որին իրենց լուման են ներդրել մեր համագյուղացիները, Սփյուռքի հայրենակիցները, շահագրգիռ անձինք:

Խաղասարքերն ու գույքն էլ նվիրել է Focus on Children Now (Ֆոկուս օն Չիլդրեն Նաու) բարեգործական կազմակերպությունը: Մանկապարտեզի բացման առիթով ընկերությունը նաև նվերներ էր պատրաստել երեխաների համար:

Իր ներդրումն է ունեցել նաև Փարաքար համայնքը: Տեղական բյուջեով նոր տեխնիկա են ձեռք բերել, խոհանոցը կահավորել, հոգացել, որ մանկապարտեզը շուրջօրյա ջուր ու ջեռուցում ունենա: Առաջին աշխատանքային օրը բարձր տրամադրությամբ է սկսել խոհարար Հայաստան Պետրոսյանը. խոստանում է ամեն օր «համի տոն» կազմակերպել:

Բացի նորոգվող ու վերակառուցվող քարաշեն մանկապարտեզներից, Արմավիրի մարզում նաև մոդուլային տիպի վեց պարտեզ են կառուցում: Բոլորն էլ՝ գյուղական համայնքներում:

Էդվարդ Հովհաննիսյան (Արմավիրի մարզպետ) - Արևիկի շինարարությունը ընթացքի մեջ է, 23-ին կավարտվի, ևս 5-ում՝ նախագծման, տեղադրման, տեղադիրքի որոշման աշխատանքներ են ընթանում, վստահ եմ՝ 23-ին այդ մանկապարտեզների շինաշխատանքները կսկսվեն:

Իսկ Բաղրամյանի մանկապարտեզում ամանորյա տոներին են պատրաստվում. հեքիաթների բեմադրման համար դաստիարակներն արդեն հանդեսի փորձերն են սկսել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում