Գետաշենի դպրոցականների ստեղծած բիոհումուսը նաև արդյունավետ է

ՀՀայկուշ Ասլանյան

Պարկերը բիոհումուսը փաթեթավորելու համար են, պարարտանյութը Գետաշենի դպրոցականներն են ստեղծել փափուկ թափոններից: Օրգանական աղբը՝ կերակրի մնացորդներ, գոմաղբ, խոտ ու տերև, լցրել են հորի մեջ, համապատասխան խոնավություն ու ջերմություն ապահովել և մեկ տարի անց դրանց խառնուրդից էկոլոգիապես մաքուր պարարտանյութ ստացել:

Թափոնների վերամշակման գաղափարն առաջացել է աղբի կառավարման գործընթացում: Ագրոդպրոցը էկոլոգիական կրթության ու դաստիարակության չափորոշիչներ է մշակել՝ նպատակ ունենալով պաշտպանել շրջակա միջավայրը վնասակար նյութերից, օրինակ՝ խոտի ու տերևի այրումից առաջացած ջերմոցային գազերից: Գետաշենի դպրոցում աղբը չեն այրում, դրանից օգուտ են ստանում:

Նելլի Ջանիբեկյան (ուսուցչուհի) - Մենք մեր դրական փորձն ենք ուզում տարածել գյուղում: Երբ գյուղացիներն օգտագործեն օրգանիկ այս կոմպոստը, կտեսնեն, որ ստանում են նույն բերքը, ինչ քիմիականով, իրենք էլ կմիանան մեզ, և կունենանք մաքուր, էկոլոգիապես առողջ համայնք:

Բիոհումուսը կիրառում են դպրոցի պտղատու և դեկորատիվ այգիներում ու ջերմատանը: Օրգանիկ նյութերով պարարտացված ջերմոցից երեխաները տարվա ընթացքում երրորդ անգամ բերքն են հավաքում՝ լոլիկ-վարունգից ու սմբուկից հետո: Հաջողության մասին նաև տանն են պատմել ու խորհուրդ տվել՝ հողը պարարտացնել իրենց արտադրած հումուսով:

Մինչև առաջին ձյունը պետք է սնուցեն նաև ծիրանենիները: Հումքի տեղափոխումից մինչև պարարտացում ու վար վստահված է ավագ դպրոցականներին, որոնց միջոցով էկոկրթությունը մտնում է յուրաքանչյուր գետաշենցու տուն:

Սիլվա Անտոնյան (աշակերտուհի) - Գյուղացիները ևս նման հորեր են ստեղծում իրենց այգիների համար, որ չաղտոտեն մթնոլորտը: Սրանով մենք առողջ մթնոլորտ կստեղծենք և մեր առողջությանը վնաս չենք պատճառի:

Նելլի Ջանիբեկյան - Բոլոր այս գործողությունները միտված են բնության մեջ նյութի շրջապտույտը ապահովելուն:

Հումուսից դատարկված հորը հիմա էլ լցնում են սնկանոցի մնացորդներով, որ մինչև գարուն նոր պարարտանյութ ունենան: Կհավաքեն ու կվերամշակեն նաև գյուղի թափոնները:

Գևորգ Մուքոյան (Գետաշենի դպրոցի տնօրեն) - Մի գործողությունով երկու բան ենք անում՝ դպրոցի տրակտորով հավաքում ենք գյուղի գոմաղբի մնացորդները, որը մտնում է բիոհումուսի հոր: Արդյունքում՝ սանիտարահիգիենիկ աշխատանքներ ենք կատարում և պարարտանյութ ենք արտադրում:

Ավելացած բիոհումուսը կվաճառեն ֆերմերային տնտեսություններին, իսկ ստացած գումարը կներդնեն նոր գաղափարների իրականացման համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում