Ապամոնտաժվել է Պատմության թանգարանի շենքից կառչած կրպակը

ԼԼիլիթ Ասատրյան

Հանրապետության հրապարակում ապամոնտաժվել է Պատմության թանգարանի տեսքն աղավաղող սրճարանը: Օրեր առաջ Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի պատմության թանգարանի, Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ղեկավարները դիմել էին ԿԳՄՍ նախարարին, որն էլ իր հերթին կրպակն ապամոնտաժելու միջնորդություն էր ներկայացրել Երևանի քաղաքապետարան:

Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը նշում է՝ կառույցը համահունչ չէր պատմամշակութային կոթողին:

Դավիթ Պողոսյան (Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն) - Դա իր հետևից բերում էր որոշակի սպասարկման խնդիրներ, որովհետև ինչ-որ ձևով նպաստում էր, որ կամարաշարերի մաքրությունը ոչ այնքան պատշաճ կերպով պահպանվի, ինչպես նաև շատ դեպքերում, բնականաբար, շենքի տեսքի հարցն էր:

Թանգարանի շենքին կից կառույցը տեղադրվել էր մոտ 7 տարի առաջ՝ վարձակալության մրցույթով, որը պետք է գտնվեր շինության ներսում: Մրցույթի հաղթող «Վենդինգ» ընկերությունը շինության ներսում տեղադրելու փոխարեն այն տեղադրել է կամարների տակ և թույլատրված 4.7-ի փոխարեն զբաղեցրել է 11 քառակուսի մետր տարածք:

Երևանի քաղաքապետարանի պաշտանյայի խոսքով՝ 2019-ին փորձել են հասկանալ` արդյոք կառույցը տեղադրման համար ունի՞ օրինական հիմքեր:

Հովիկ Սաֆարյան (Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետ) - Նույնիսկ քննարկեցինք Երևան քաղաքի դատախազության հետ` արդյոք այստեղ կա՞ն հանցագործության հատկանիշներ, թե՞ ոչ: Դատախազությունն էլ ասաց, որ պատրաստակամ է քննությունը իրականացնել և պարզել, այնինչ երբ ամբողջ ուսումնասիրության փաթեթը ներկայացվեց, որևիցե ուսումնասիրություն չիրականացվեց: Եվ քրեական գործի հարուցումը մերժեցին:

Դեռևս 2018 թվականին թանգարանի տնօրինությունը խզել էր պայմանագիրը կրպակի սեփականատիրոջ հետ և պահանջել ազատել տարածքը, որից հետո ընկերությունը վարձակալության պայմանագիրը վերակնքել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի հետ: Քանի դեռ չի եղել դատարանի վճիռ, Պետգույքի կառավարման կոմիտեին արգելվել է ապամոնտաժել կրպակը:

Հովիկ Սաֆարյան - Ինձ համար այդ արգելանքի կիրառումը մնացել է անհասկանալի է, անբացատրելի հարց: Ինչպե՞ս կարելի է ուրիշի սեփականությունը զավթել, և դատարանը արգելի այդ սեփականությունը ազատել:

Սաֆարյանի խոսքով՝ իրենք կրպակի տիրոջը բազմիցս վարչական պատասխանատվության են ենթարկել՝ առանց թույլտվության հանրային սննդի ծառայություն մատուցելու համար:

Կառույցի ապամոնտաժման համար Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանին էլ դիմել են քաղաքացիները, հարցը քննարկվել է նաև ավագանու նիստին:

Լևոն Զաքարյան (Երևանի ավագանու անդամ) - Նախորդ նիստին հարցուպատասխանի ժամանակ հարց հնչել է, և այդ մասով բավական մեծ քննարկում է եղել: 

Մայրաքաղաքի տեսքն աղճատող կառույցների հարցում Երևանի քաղաքապետարանը բացառություններ չի անելու, թեպետ սա միակ ապօրինի շինությունը չէ, որ դատարանը ապամոնտաժելու արգելանք է կիրառել:

Հեղինակ` Լուսինե Գրիգորյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում