Ընտանեկան բռնություն, հետևանքը` ինքնասպանության փորձ

ԼԼիլիթ Ասատրյան

25-ամյա կնոջ ինքնասպանության փորձի հետքերով ընտանեկան բռնության հերթական դեպքն է բացահայտվել: Իրավապահները պարզել են՝ ամուսինը պարբերաբար ծեծել է կնոջը, հայհոյել: Թե որքանով է այդ ամենին ականատես եղել ու տուժել նրանց երեխան՝ նախաքննությունը դեռ պարզում է: Գործով մեղադրանք է առաջադրվել ոչ միայն 27-ամյա տղամարդուն, այլև նրա մորը:

Ռազմիկ Բոշյան (ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ) - Ամուսնության ընթացքում ամուսինը պարբերաբար ցինիկ վերաբերմունք է դրսևորել կնոջ նկատմամբ, ծեծի ենթարկել նրան, սեռական բնույթի հայհոյանքներ հասցրել կնոջ հասցեին, ինչպես նաև կնոջ ընտանիքի անդամների հասցեին, թքել նրա վրա:

Ըստ մեղադրանքի՝ այսպիսի հերթական բռնության դեպքից հետո է Սևանի բնակիչ 25-ամյա կինը որոշել դիմել ինքնասպանության՝ նետվելով Երևան-Սևան ավտոճանապարհի վերգետնյա կամրջից: 3 տարվա համատեղ կյանքի ընթացքում զույգն ունի մեկ երեխա, նախաքննությունը պարզում է՝ արդյոք նա ականատե՞ս եղել է այս դեպքերին:

Պարբերաբար կրկնվող բռնության մասին իրավապահները տեղեկացել են միայն այս դեպքից հետո, մինչև այդ կինը կամ որևէ հարազատ երբևէ չեն դիմել:

Ռազմիկ Բոշյան - Սևանի բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Սևանի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ ստացած մի շարք մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Սևան քաղաքի 25-ամյա բնակչուհի:

Սևանից կինը տեղափոխվել է Երևան, մի քանի օր եղել կոմայի մեջ: Գործով մեղադրանք է առաջադրվել ոչ միայն ամուսնուն, այլև նրա մորը: Ըստ քննության՝ նա նույնպես մասնակցել է այս դեպքերին: 27-ամյա տղամարդն ու մայրը մեղադրվում են «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին անզգուշությամբ ինքնասպանության փորձի հասցնելու համար»:

Երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը:

Ռազմիկ Բոշյան - Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 27-ամյա տղամարդու մայրը պարբերաբար ներկա է եղել որդու կողմից հարսի նկատմամբ պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող գործողություններին, այսինքն` որևէ կերպ չի սաստել որդուն և ողջունել է որդու կողմից հարսի նկատմամբ կատարվող այդ գործողությունները:

Թեպետ կինն այս ընթացքում չի դիմել իրավապահներին կամ որևէ աջակցման կենտրոն, բայց համացանցում կատարել է գրառումներ, որոնք հիմա հեռացված են: Տուժող կողմը հիմա էլ է հրաժարվում դեպքի մասին բարձրաձայնել, փաստաբանն ընդգծեց` կտրականապես դեմ են դեպքը հանրայնացնելուն: Մեղադրյալների պաշտպանը ևս հրաժարվեց մեկնաբանություն տալ:

Քննչական կոմիտեի տվյալով` «այս տարվա միայն առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ 391 քրեական գործ է քննվել, 2021-ին՝ 556, 2020-ին 730»:

Հեղինակ` Տաթև Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում