Ըստ մեղադրանքի` ոստիկանությունից Գասպարյանի կինը ստացել է 36, դուստրը՝ 8.5 մլն դրամ՝ առանց աշխատելու

ԼԼիլիթ Սեդրակյան

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կինն ու դուստրը, ոստիկանությունում տարիներ շարունակ զբաղեցնելով պաշտոններ, ըստ դատախազության` աշխատանքի չեն գնացել, սակայն աշխատավարձ ու բարձր կոչումներ են ստացել: Գասպարյանի կինը՝ Սուսաննա Գասպարյանը, 2000-ից 2011 թվականների ընթացքում պաշտոնավարել է ռազմական ոստիկանությունում:

Արմեն Մուրադյան (ԳԴ Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ)Հիշյալ ժամանակահատվածում վերջինս աշխատանքի առհասարակ չի ներկայացել և նման պայմաններում ամբողջ տարիների ընթացքում ստացել է ավելի քան 17 միլիոն դրամ, այդպիսով վերջինս օժանդակել է ըստ էության այդ ժամանակվա ռազմական ոստիկանության պետ, իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Վլադիմիր Գասպարյանի կողմից պաշտոնական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի վատնմանը:

Մեկ այլ դրվագով արդեն 2011-ից 2018 թվականները Սուսաննա Գասպարյանը հանդիսացել է ամուսնու՝ Վլադիմիր Գասպարյանի ավագ ռեֆերենտը:

Արմեն Մուրադյան - Այդ ընթացքում առանց պատշաճ հիմնավորումների որոշակի ժամանակներով տարբեր տևողություններով բացակայել է ՀՀ-ից, ավելին՝ որոշ դեպքերում նույնիսկ իր վրա դրված ծառայողական պարտականությունները պատշաճ չի կատարել, որի ընթացքում վերջինս ստացել է ավելի քան 19 միլիոն աշխատավարձ:

Այսպիսով, 2000 թվականից մինչև 2018-ը Գասպարյանի կինը ստացել է 36 մլն դրամ աշխատավարձ: Այդ ընթացքում նրան նաև շնորհվել է փոխգնդապետի, ապա՝ գնդապետի կոչում: Ֆ/Ս Սուսաննա Գասպարյանը 2018-ին ներկայացրել է 2017-ի տարեկան հայտարարագիրը, ըստ որի` նրա դրամական միջոցները կազմել են՝ 30 մլն դրամ, 18 հազար դոլար և 24 հազար եվրո:

Վլադիմիր Գասպարյանի դստեր՝ Յուլյա Գասպարյանի նկատմամբ նույնպես քրեական հետապնդում է սկսվել. նա 2015 թվականից մինչև 2018 թվականը պաշտոնավարել է ոստիկանության զորքերում:

Արմեն Մուրադյան - Յուլյա Գասպարյանը առհասարակ ծառայության չի ներկայացել և նման պայմաններում ստացել է աշխատավարձ:

Այդ ժամանակ ոստիկանության զորքերի հրամանատարը Լևոն Երանոսյանն էր, որի ստորագրությամբ ու իմացությամբ է աշխատավարձ տրամադրվել աշխատանքի չհաճախած Գասպարյանին: Այդ կերպ, ըստ դատախազության, Գասպարյանի դուստրը օժանդակել է Երանոսյանի` պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով խոշոր չափի հափշտակություն կատարելուն:

Արմեն Մուրադյան - Մասնավորապես, հիշյալ տարիների ընթացքում պետությանը պատճառվել է ընդհանուր ավելի քան 8.5 միլիոն դրամի վնաս:

Այսպիսով, դատախազը որոշել է քրեական հետապնդում սկսել Սուսաննա Գասպարյանի նկատմամբ՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և վատնմանն օժանդակելու համար: Նրան մեղադրանք ներկայացնելու և խափանման միջոց ընտրելու համար որոշումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե: Իսկ Յուլյա Գասպարյանին արդեն ներկայացվել է մեղադրանք վատնմանն օժանդակելու համար, որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:

Արմեն Մուրադյան - Վերջինս իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչել, սակայն հատկանշական է, որ նրա կողմից վերականգնվել է պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ:

Յուլյա Գասպարյանի պաշտպան Հակոբ Ենոքյանը հրաժարվեց մեղադրանքի վերաբերյալ մեկնաբանություն տալուց: Նախկին ոստիկանապետը, նրա կինն ու փոխկապակցված անձինք անցնում են նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով:

Դատախազությունը պահանջում է բռնագանձել շուրջ 2,1 միլիարդ դրամի գույք ու մոտ 170 միլիոն դրամ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում