Բեռի սահմանված քաշի 20-25 տոննայով գերազանցման 36 դեպք. առաջարկվում է բարձրացնել տուգանքի չափը

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի ճանապարհներով բեռնափոխադրում իրականացնող որոշ տնտեսվարողներ 20-25 տոննայով գերազանցել են բեռի համար սահմանված առավելագույն քաշը: Վիճակագրությունը Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով է ներկայացրել վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը:

Բաբկեն Թունյան (ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ) - Մինչև մեկ տոննա գերազանցման դեպքում 181 խախտում է եղել, 1-2 տոննայի դեպքում՝ 104 խախտում, ունենք դեպքեր, երբ 20-25 տոննա գերազանցել են՝ 36 դեպք ենք արձանագրել:

Սահմանված քաշից ավելի բեռ տեղափոխելը վնասում է ճանապարհը՝  նշում է Կառավարության ներկայացուցիչը, ներկայացնում օրենքի նախագիծը, որով առաջարկում է բարձրացնել առավելագույն քաշը գերազանցելու դեպքում սահմանված տուգանքի չափը: Այժմ իրավախախտումը կատարելու դեպքում, անկախ բեռի քաշից, տնտեսվարողը վճարում է 200 հազար դրամ:

Արմեն Դանիելյան (ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար) - Նախագծով առաջարկում ենք յուրաքանչյուր տոննայի համար ավել բեռնվածքը գերազանցելու դեպքում պատասխանատվության միջոց սահմանել 200 հազար դրամ:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԱՎԵԼԻ ՊԱՐԶ ԳՈՐԾԸՆԹԱՑ. ՆԱԽԱԳԻԾ

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկված Կառավարության մեկ այլ օրինագծով առաջարկվում է պարզեցնել իրավաբանական անձի լուծարման գործընթացը: Նախագծի ընդունման դեպքում այլևս անհրաժեշտ չի լինի պետական լիազոր մարմին տեղեկանքներ ներկայացնել դատական դեպարտամենտից և հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:

Արմենուհի Հարությունյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Առաջարկվում է ներկայացնել գործադիր մարմնի հայտարարագիրն այն մասին, որ իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված և չավարտված դատական գործեր չկան, հարուցված և չավարտված կատարողական վարույթներ, ՄՊՀ-ի կողմից տվյալ իրավաբանական անձի նկատմամբ հարուցված ու չավարտված վարչական վարույթներ առկա չեն:

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԵՐԴՄԱՆ ՏԵՔՍՏԻ ԳՐԱՎՈՐ ՀԱՎԱՍՏՈՒՄ. ՆԱԽԱԳԻԾ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Վլադիմիր Վարդանյանն ու Արփինե Դավոյանն էլ ցանկանում են փոխել պատգամավորի պաշտոնի ստանձման կարգը: Գործող օրենսդրությամբ՝ պաշտոնը ստանձնելիս պատգամավորը երդվում է, սակայն երդման տեքստի տակ ստորագրություն չի թողնում:

Ալխաս Ղազարյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Սույն նախագծով առաջարկվում է, երդման գործող պահանջից բացի, նախատեսել նաև երդման տեքստի գրավոր հավաստում երդվողի կողմից:

Հանձնաժողովների քննարկմանը ներկայացված օրինագծերը դրական եզրակացությամբ կքննարկվեն խորհրդարանի լիագումար նիստում:

Հեղինակ` Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում