Շվեյցարիայից՝ ՀՀ սահմանամերձ համայնքներին. սոցիալական փոփոխությունը անմիջականորեն կզգա 4000 մարդ

ՎՎահե Կոստանդյան

Օրեր առաջ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը հաստատեց Հայաստանին 960 հազար շվեյցարական ֆրանկ օգնության տրամադրումը: Գումարը հատկացվել է ճգնաժամային իրավիճակներում հայտնված Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի զարգացման նպատակով:

Հայաստանի սահմանամերձ համայնքների տնտեսական զարգացման նպատակով գործնական քայլերի անցնելու համար գործակցության պայմանագիր են ստորագրում Հայաստանում Շվեյցարիայի դեսպանն ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի պատասխանատուն: Շահառուն Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերն են:

Վերներ Թութ (Հարավային Կովկասում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի տնօրենի տեղակալ) - Այս ծրագրով մարդասիրական աջակցություն ենք տրամադրելու ուղիղ դրամական աջակցություն ազդակիր ընտանիքներին, բիզնեսում հմտությունների ձևավորման, ինչպես նաև նրանց համար, ովքեր կարիք ունեն վերականգնելու իրենց ֆերմերային տնտեսությունները:

Նախապես կատարված ուսումնասիրությունների արդյունքում արդեն որոշել են՝ ուղիղ ֆինանսական աջակցություն կստանա երեք մարզի 15 բնակավայրի հազար տնտեսություն:

Վերներ Թութ - Ադրբեջանի հետ սահմանակից 15 բնակավայրերում իրականացվող ծրագրի արդյունքում սոցիալական փոփոխությունը անմիջականորեն կզգա 4 հազար մարդ, երկրորդային և երրորդային էֆեկտով ծրագրերի արդյունքում կշահի ավելի քան 22 հազար մարդ:

Նանա Սկաու (ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրենի տեղակալ) - Շատ հետաքրքիր ծրագիր է: Շվեյցարական զարգացման գործակալությունը գյուղատնտեսական ծրագրեր իրականացնելու լավ փորձ ունի, համայնքներում մարդկանց մեծ մասն արդեն զբաղված է գյուղատնտեսական աշխատանքներով, մեզ մնում է աջակցել նրանց՝ ձևավորելու բիզնես հմտություններ, որպեսզի միշտ ապահովված լինեն պարենով:

Վաղուց ժամանակն է, որ քաղաքացիների աջակցության ծրագրերը սոցիալականից վերածվեն զբաղվածության՝ ասում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը: Եվ այս ծրագիրն ավելի շատ ինքնազբաղվածության ապահովման նպատակ ունի:

Տաթևիկ Ստեփանյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Այս ծրագրում առանձնացվել են ամենախոցելի համայնքները, որտեղ երեք և չորս հիմնական բաղադրիչների իրականացմամբ կարողանանք և սննդի, պարենային որոշակի շեմ ապահովել այդ ընտանիքներին, ընտանիքների կարողությունների զարգացում, որոնք տանելու են դեպի զբաղվածության ծրագրեր:

Թե ով, որքան և ինչպիսի աջակցություն կստանա՝ կորոշեն ըստ կարիքների գնահատման:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում