Նռան այգիներն Արցախում ավելացել են. բերքն այս տարի առատ է

ՆՆարեկ Սահակյան

Նռան այգիներն այս տարի Արցախում ավելացել են: Ասկերանի շրջանում նռան բերքահավաքն ընթացքի մեջ է: Որակյալ բերքի մասին տարեսկզբին պետք է մտածել՝ ասում է այգեգործ Գարիկ Հովսեփյանը: Նռնենին խնամք է սիրում:

Գարեգին Հովսեփյան (այգեգործ- Յուրաքանչյուր այգի խնամք է պահանջում. պիտի ծառը խնամես: Եթե անտեսես, ինքը քեզ երբեք բերք չի տա:

Արցախի նուռը հիմնականում սպառվում է հայաստանյան շուկայում: Սարգսյանների ընտանիքը տարիներ շարունակ իրացնում է Երևանում: Արցախյանը ներկրվածին զիջում է ապրանքային տեսքով, գերազանցում համային հատկանիշներով:

Արմեն Սարգսյան (այգեգործ- Գույնը մուգ է, հատիկները մուգ են, մեծ են: Ինքը այդքան սիրուն չի, ինչպես մնացածը, բայց ավելի լավն է մեջը, քան մնացածը:

Այգեգործները նշում են՝ եթե մի ծառից 50 կիլոգրամ նուռ են հավաքում, ուրեմն բերքատվությունը բարձր է: Նախորդ տարվա համեմատ բերքը կիսով չափ ավելի է, գնահատում են մասնագետները:

Կարեն Աղաջանյան (Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ- Նախորդ տարի պատերազմից հետո էր՝ մի քիչ խնամքը այն չէր, ինձ թվում է, ու նաև կլիմայի հետ կապված, կլիմայով պայմանավորված՝ այս տարի բերքատվությունն ավելի բարձր է, ինչպես նաև մշակության որակն է տարեցտարի ավելանում:

Արքայանարինջ մշակողները նույնպես գոհ են տարվա բերքից, միայն թե իրացման հարցն է բարդացել: Նախորդ տարիներին Մհեր Ավանեսյանի բերքը հենց այգուց էին վաճառում: Այս անգամ իրացման խնդիր ունեն:

Մհեր Ավանեսյան (այգեգործ- Հայաստանի շուկայում Վրաստանից բերում են էժան, վաճառում են: Գինն ընկել է: 250 դրամով կիլոգրամն առաջարկել ենք, չեն վերցնում:

Յուրի Արամյանն արդեն 22 տարի զբաղվում է արքայանարնջի տնկիների աճեցմամբ: 6 սորտի արքայանարինջ ունի: Ասում է՝ տարին բարենպաստ էր, բայց պտղաթափությունը շատ էր:

Յուրի Արամյան (այգեգործ- Գրականության մեջ էլ գրված է՝ եթե 30 աստիճանից բարձրանում է, պտղաթափությունը շատանում է:

Հակառակ շուկայում տիրող իրավիճակին՝ 85-ամյա Յուրի Արամյանն ամեն տարի բերքը վաճառում է, այգեգործներին հորդորում տնկիները հողին պահ տալ աշնանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում