Ռոբոտ-շների տերերն աղոթում են դրանց առողջության համար. «Այլ լուրեր»

ՄՄարո Թարվերդյան

ՀՈՒՆԱՍՏԱՆ

ԼԻԱԼՈՒՍԻՆԸ ՓԱՅԼՈՒՄ Է ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԻՆ ՊԱՐԹԵՆՈՆԻ ՏԱՃԱՐԻ ՎՐԱ

Աթենքի ամենահին և ամենահայտնի տեսարժան վայրում` Ակրոպոլիսում, լիալուսինն ավելի շքեղ ու խորհրդավոր է: Այն լուսավորել է Ք.ա. 5-րդ դարի Պարթենոնի մարմարե տաճարը:

Ըստ օդերևութաբանական երևույթներին վերաբերող Old Farmer’s Almanac-ի` «Հին ագարակատերերի ալմանախ» գրքի, այս ամսվա լուսինը կոչվում է «կուղբ», քանի որ կուղբերը տարվա այս եղանակին ձմռանը պատրաստվելու համար սնունդ են հավաքում:

«Կուղբ լուսինն» ուղեկցվում է լուսնի ամբողջական խավարումով, որը նրան տալիս է կարմրավուն երանգ: Ահա թե ինչու այն հայտնի է նաև  «արյունոտ լուսին» անվամբ:  

ԱՄՆ

ՌՈՔՆՌՈԼԻ ԱՃՈՒՐԴ ՆՅՈՒ ՅՈՐՔԻ «ՋՈՒԼԻԵՆՈՒՄ»

Նյու Յորքի «Ջուլիեն» աճուրդի տանը կանցկացվի Icons & Idols: Rock ‘N’ Roll կոչվող ամենամյա աճուրդը: Ակնկալվում է, որ Քուրտ Քոբեյնի ջարդված կիթառն ամենաթանկը կվաճառվի:

Կան մարդիկ, որ որոշ տեղերում ինքնասոսնձվող ժապավենով ամրացված երաժշտական այս գործիքը համարում են ռոքնռոլի պատմության մի մասը:

Մարտին Նոլան («Ջուլիեն» աճուրդի տան գործադիր տնօրեն) - Այս կիթառն իրականում ջարդուփշուր է արվել 1989 թվականին ամերիկյան Փենսիլվանիա նահանգի Ուիլյամսպորտ քաղաքում: Դա նույնիսկ գրված է կիթառի վրա: Այն գնահատված է 200-400 հազար դոլար:

Ընդհանուր առմամբ, աճուրդի կհանվի 1500 լոտ: Ներկայացված են Բիոնսեի, Փրինսի, և Քերի Անդերվուդի իրերից: Ջոն Լենոնի կրած լեգենդար ակնոցը գնահատված է ավելի քան 80 հազար դոլար:

Նոլանի խոսքով՝ կորոնավիրուսի համաճարակից հետո իրականում աճել է այն մարդկանց թիվը, որոնք ցանկանում են խորհրդանշական այսպիսի առարկաներ ձեռք բերել:

ՇՎԵՅՑԱՐԻԱ

ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԱԴԱՄԱՆԴԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է 28.8 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ  

Տանձաձև ու վարդագույն ամենախոշոր շքեղ ադամանդը, որ երբևէ հանվել է աճուրդի, վաճառվել է 28.8 միլիոն դոլարով: Աճուրդը կազմակերպել է Ժնևի «Քրիստի» աճուրդի տունը:

18.18 կարատանոց The Fortune Pink կոչվող ադամանդը վաճառվել է ասիացի հավաքորդի: Այն գնահատվել էր 25-35 միլիոն դոլար:

Իսկ 2018 թվականին Pink Legacy կոչվող 18.96 կարատանոց ադամանդը վաճառվել էր 50 միլիոն դոլարով, դարձյալ Ժնևի «Քրիստիի» աշնանային աճուրդում: Դա աճուրդում վաճառված վարդագույն ադամանդի մեկ կարատի գնի համաշխարհային ռեկորդ էր սահմանել:

ԹԱԻԼԱՆԴ

ԼՈՒՅՍԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ ԹԱԻԼԱՆԴՈՒՄ

Հազարավոր մարդիկ՝ հիմնականում զբոսաշրջիկներ, հավաքվել են Թաիլանդի հյուսիսային Չիանգ Մայ նահանգում` հազարավոր լապտերներ երկինք բաց թողնելու նպատակով: Նրանք այսպես նշում են Yee Peng կոչվող ամենամյա փառատոնը, որը հայտնի է նաև որպես Լույսերի փառատոն:

Ըստ միջոցառման կազմակերպչի, այս տարի փառատոնին միացել է մոտ 8000 այցելու ամբողջ աշխարհից: Իհարկե, սա մասնակիցների առավելագույն թիվ չէ, նախկինում ավելի մեծաթիվ մարդկանցով են նշել փառատոնը:

Մարսելո Բիրոլի (զբոսաշրջիկ` Բրազիլիայից) - Ինձ համար մեծ երազանք էր այս լապտերները երկնքում տեսնելը: Այդ իսկ պատճառով մենք այստեղ ենք: Կարծում եմ՝ սա մշակութային մեծ փառատոն է, և այն մեզ անչափ դուր է գալիս:

Հավաքվածները շունչները պահած հետևում են, թե ինչպես են վառվող լապտերները լողում գիշերային երկնքում, հրավառության ֆոնին: Տեսարանն իրոք տպավորիչ է:

Yee Peng-ը հնագույն ավանդույթ է, որի արմատները հասնում են Լաննա թագավորություն, երբ նշում էին մուսոնների սեզոնի ավարտը և զով սեզոնի սկիզբը:

Լույսերի փառատոնի այս տարվա այցելուները նաև վայելել են լուսնի ամբողջական խավարման տեսարանը:

ԱՄՆ

ԱՃՈՒՐԴԻ ԿՀԱՆՎԻ ՏԻՐԱՆՈԶԱՎՐ ՌԵՔՍԻ ԳԱՆԳԸ

Նյու Յորքի «Սոթբի» աճուրդի տունը դեկտեմբերի 9-ին աճուրդի կհանի Տիրանոզավր Ռեքսի գանգը:

Կասանդրա Հաթոն («Սոթբի» աճուրդի տան աշխատակից) - Սա երբևէ հայտնաբերված ամենաամբողջական գանգերից մեկն է: Սա թանգարանային հավաքածուից է, որը ներառում է 10-12 նմուշ, լավագույններից մեկն է: Այն 68-70 տոկոսով ամբողջական է, ինչը բավականին մեծ ցուցանիշ է:

Ըստ Հաթոնի, ծնոտի վրա փոքր հետքերը ցույց են տալիս, որ դինոզավրը մահացել է մակաբույծի պատճառով։

Կասանդրա Հաթոն («Սոթբի» աճուրդի տան աշխատակից) - Զարմանալի է մտածել, որ նման հսկայական գազանը, մի սարսափելի կենդանի, որը կարող էր բռնել իր զոհին, ճխլել և ամբողջությամբ կուլ տալ, կարող էր մահանալ մի անտեսանելի բանի պատճառով:

Տիրանոզավր Ռեքսի այս գանգը հայտնաբերվել է ամերիկյան Հարավային Դակոտա նահանգի Հարդինգի շրջանում: Տիրանոզավրի այս տեսակը բնակվել է Հյուսիսային Ամերիկայի տարածքում 66-68 միլիոն տարի առաջ: Մասնագետները գանգը գնահատել են 15-20 միլիոն դոլար:

ԻՐԱՔ

ԻՐԱՔՅԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՆԱՎԱԿՆԵՐ` ՄԱՆՐԱԿԵՐՏՆԵՐԻ ՏԵՍՔՈՎ

Իրաքցի Ասադ Սալման Դաուդի համար մանկությունից ի վեր, մանրակերտ մոդելներ պատրաստելու հանդեպ սերը վերածվել է մասնագիտության: Նա այժմ փայտե նավակների մոդելներ է պատրաստում Իրաքի հարավային Բասրա քաղաքում գտնվող իր արհեստանոցում:

Ասադ Սալման Դաուդ (արհեստավոր) - Այն փայտը, որի հետ ես այս պահին աշխատում եմ, բիրմայական տեքի է: Դա փայտի լավագույն տեսակն է: Դա նույն փայտն է, որը նախկինում օգտագործում էին նավաշինության մեջ:

Դաուդն ասում է, որ փայտը ստանում է հին փայտե դռներից և պատուհաններից, բայց երբեմն նաև նոր փայտ է գնում: Որպեսզի պատրաստի այնպիսի նավակների մակետներ, որոնք նախկինում նավարկում էին Իրաքի հարավային ափով, Դաուդը դասեր է առնում իրական նավեր պատրաստողներից, երբեմն այդ բնագավառում առցանց դասերի է մասնակցում:

Ասում է, որ Պարսից ծոցի երկրներում իր հաճախորդների թիվն ավելացել է, հատկապես Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ:

Դաուդի պատրաստած մոդելների չափսերը տատանվում են 20-300 սանտիմետրի սահմանում: Դրանք 10-2000 դոլար արժեն:

ԹԱԻԼԱՆԴ

ԹԱԻԼԱՆԴԻ «ԼՈՂԱՑՈՂ ԳՆԱՑՔԸ» ՀԻԹ Է ԴԱՐՁԵԼ

Հարյուրավոր ուղևորներ են նստել Թաիլանդի կենտրոնական հատվածում գտնվող երկրի ամենամեծ ջրամբարի վրայով անցնող, այսպես կոչված, «լողացող գնացքը»:

Բանն այն է, որ ջրի մակարդակի հետմուսոնային բարձրացման պատճառով գնացքով անցնելիս ուղևորները ջրի վրայով ճանապարհորդելու պատրանք են ունենում: Ահա թե ինչու, այս օրերին այդ գնացքի տոմսերը շատ արագ են սպառվում:

Բունյանուչ Պահույուտ (ուղևոր) - Անցած տարվանից ուզում էի լողացող գնացք նստել, բայց տոմսերը սպառված էին։ Այս տարի շտապեցի տոմս ձեռք բերել հենց այն օրվանից, երբ Թաիլանդի պետական ​​երկաթուղին տոմսեր վաճառելու մասին հայտարարություն տարածեց։ Տեսարանը զարմանալի էր, այնքան տպավորված եմ: Հպարտ եմ, որ կյանքումս մեկ անգամ տեսել եմ իրական լողացող գնացքը: Այնքան շատ լուսանկարներ եմ արել, հեռախոսումս այլևս տեղ չկա:

Երթուղին սկսվում է մայրաքաղաք Բանկոկից և անցնում Լոպ Բուրի նահանգի Պասակ Ջոլասիդ ամբարտակով: Ուղևորությունը տևում է վեց ժամ: Գնացքը կարճատև կանգ է առնում ջրամբարի մեջտեղում, որպեսզի ուղևորներն իջնեն և լուսանկարվեն:

Հատուկ երթուղին, որը մեկնում է Բանգկոկից դեպի Պասակ Ջոլասիդ ամբարտակը, հասանելի է զբոսաշրջիկների համար միայն հանգստյան օրերին՝ նոյեմբերից փետրվար: Բոլոր տոմսերը մինչև Ամանոր սպառված են։

ՃԱՊՈՆԻԱ

ՌՈԲՈՏ-ՇՆԵՐԻ ՏԵՐԵՐՆ ԱՂՈԹՈՒՄ ԵՆ ԴՐԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Ճապոնացի ռոբոտ-ընտանի կենդանիների սիրահարները հավաքվել են Տոկիոյում՝ ավանդական, սակայն մի փոքր անսովոր արարողության մասնակցելու նպատակով:

Ճապոնիայում մի արարողություն գոյություն ունի, որը կոչվում է «Յոթ-հինգ-երեք»: Դա սովորաբար նվիրված է լինում ծնողներին, որոնք նշում են իրենց երեխաների մեծանալը և մաղթում նրանց առողջություն և հաջողություն ապագայում: Այդ օրն ընտանիքի անդամները հիմնականում ազգային հանդերձանք՝ կիմոնո են կրում և գնում իրենց սրբավայրեր՝ արարողությանը մասնակցելու:

Սակայն պարզվում է, որ ճապոնական ընտանիքները փոխվում են. երեխաների թիվը գնալով նվազում է, Ճապոնիան ծերացող երկիր է համարվում, այդ իսկ պատճառով Տոկիոյի սրբավայրերից մեկում տոնակատարություն է կազմակերպվում անսովոր տեսակի ընտանի կենդանու՝ Sony Aibo ռոբոտ-շան համար:

Կիմոնո են հագցրել նույնիսկ ռոբոտ շներին, որոնց տերերը բերել են ավանդաբար ծնողներին և երեխաներին նվիրված արարողությանը մասնակցելու:

Այս ճապոնացիների համար իրենց ռոբոտ չորքոտանի բարեկամներն ընտանիքի մի մասն են, լիիրավ անդամը:

Ռոբոտ-շուն պահելով՝ ճապոնացիները նաև մեկ այլ խնդիր են լուծում: Բանն այն է, որ Ճապոնիայում տների սեփականատերերը խիստ սահմանափակումներ են դնում կենդանիների սեփականության վրա: Այլ կերպ ասած, իրենց տունը վարձով չեն տալիս այն մարդկանց, որոնք շուն ունեն: Իսկ ռոբոտ-շուն ունեցողներին դեմ չեն վարձով տալ իրենց բնակարանները:

Բացի դրանից՝ ռոբոտ-շուն ունենալը շատ ավելի նպատակահարմար է աշխատող մարդկանց համար, որոնք ստիպված չեն լինի իրենց սիրելի իրական կենդանուն տանը մենակ թողնել: Ռոբոտ տարբերակին կարող են նաև աշխատավայր տանել, որտեղ նրանց ներկայությանը գործատուները ևս դեմ չեն լինի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում