Մոսկվայում «Հանրայինի դեսպաններ» ծրագրի արշավը մեկնարկել է երգիչ Հայկոյի հիշատակին նվիրված համերգով

ՄՄերի Եգորյան

Առաջին ալիքը մեկնարկել է «Հանրայինի դեսպաններ» ծրագիրը: Աշխարհի 10 երկրում հեռուստաընկերության դեսպանները այցելելու են հայկական համայնքներ՝ բացահայտելու սփյուռքի պահանջներն ու ակնկալիքները Հանրայինի արտադրանքի վերաբերյալ: Տարբեր երկրներում ընտրված «դեսպաններն» Առաջին ալիքը կներկայացնեն հայկական կառույցներում՝ դեսպանատներից մինչև մանկապարտեզներ: «Հանրայինի դեսպանները» ծրագրի փորձնական փուլում դեռ 13-ն են՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ավստրիայից, Իսրայելից, Սիրիայից, Լիբանանից, Հունաստանից և Վրաստանից: Ծրագրի առաքելություններից մեկը սփյուռքի համայնքներում հայոց լեզվի պահպանումն է, Հայաստան-սփյուռք կապի ապահովումն ու բարելավումը, հայոց լեզուն և մշակույթը հայկական համայնքներում ավելի մատչելի դարձնելը՝ նշում է Մոսկվայում «Հանրայինի դեսպան» Նվարդ Մնացականյանը:

Նվարդ Մնացականյան (Մոսկվայում «Հանրայինի դեսպան») - Նպատակն այն է, որ հայոց լեզուն և մշակույթը պահպանվեն և տարածվեն, և մենք կարողանանք ապահովել սփյուռքի կապը Հանրայինի հետ, ներկայացնենք նրա առաջարկներն ու պահանջները՝ ապահովելով հետադարձ կապ հեռուստատեսության հետ:

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԾՐԱԳԻՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅԿՈՅԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՈՎ

Ռուսաստանում Առաջին ալիքի յուրահատուկ նախագծային արշավը մեկնարկում է երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի հիշատակին նվիրված համերգ-միջոցառումով:

Լազարյանների տանը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակութային կենտրոնի աջակցությամբ կազմակերպված հուշ-երեկոյին հայկական համայնքի մշակույթի ներկայացուցիչներն ու երգչի արվեստի սիրահարները, ընկերներն ու գործընկերները վայելեցին նրա համերգներից պատառիկներ, որ տրամադրել է Հանրային հեռուստաընկերությունն իր արխիվից: Միջոցառման ընթացքում գործընկերները կատարեցին սիրված երգչի երգերը:

Զարուհի Բաբայան (երգչուհի) - Կարող եմ վստահորեն ասել, որ իր կյանքի կարճ ժամանակահատվածում այն ժառանգությունը, որ նա թողել է, շատ կարևոր, թանկ և անգնահատելի է: Կարծում եմ՝ մենք երկար տարիներ դեռ հիշելու ու լսելու ենք նրա ձայնը, նրա հոգին: Նա մարդ էր, որն էր ուներ մեծ սիրտ և բաց էր բոլորի համար:

Մոսկվաբնակ ջութակահար Էդգար Հակոբյանը ճանաչում է ձեռք բերել ոչ միայն Ռուսաստանում, այլև արտերկրում: Նա բազմիցս հանդես է եկել երգչի հետ տարբեր նախագծերում: Երաժիշտն ասում է՝ Հայկոն իմ Երևանն էր, ու հիշում՝ համերգային ճամփորդությունների ժամանակ նա միշտ կարողանում էր դաշնամուր գտնել ու առանձնանալ իր ստեղծագործական աշխարհում: Այդպիսի համերգային ճամփորդություններից մեկի ընթացքում էլ գրվեց «Գարեգին Նժդեհ» ֆիլմի սաունդթրեքը:

Էդգար Հակոբյան (ջութակահար) - Ես շնորհակալ եմ նրան, որ ինձ թողեց իր երաժշտական աշխարհ: Միասին մի քանի սաունդթրեքների վրա ենք աշխատել:

ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակութային կենտրոնի ղեկավարը, առանձնացնելով երգիչ-երգահանի թողած ստեղծագործական մեծ ժառանգությունն ու յուրօրինակ արվեստը, նշում է՝ միջոցառման հիմնական նպատակներից է արտիստի մշակութային գործունեության հանրահռչակումը:

Վլադիմիր Գաբբե (ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակութային կենտրոնի ղեկավար) - Ես շատ ուրախ եմ և ողջունում եմ Հանրայինի այս նախաձեռնությունը, շատ կարևոր նախաձեռնություն է: Եթե ամբողջ սփյուռքում կարողանանք միավորել այդ ծրագրով մեր նպատակները, մեր ժամանակակից արվեստի արժեքները, ես կարծում եմ, որ այս բարդ ժամանակներում դա կլինի ճիշտ գաղափարախոսություն հանդիսատեսի հետ խոսելու, հարցեր բարձրացնելու և մեր հոգևոր արժեքները պահպանելու տեսանկյունից:

Հայկոյին նվիրված միջոցառումը Հայաստանում և ԱՄՆ-ում կայացած համերգների շղթայական շարունակությունն էր, իսկ Մոսկվայում այն «Հանրայինի դեսպանի» առաջին քայլն էր իր մասշտաբայնությամբ: Նախագծի շրջանակում կիրականացվեն բազմատեսակ միջոցառումներ Մոսկվայում գործող բոլոր հայկական կառույցներում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում