Պաշտպանության նախարարությունը հրաձգության դասընթացներ է անցկացնում իգական սեռի համար

ՄՄարո Թարվերդյան

Դեպի նշանակված դիրքերը՝ առաջ, մարտի: Հրամանատարի այս հրահանգով են Պաշտպանության նախարարության հրաձգության գործնական դասընթացը սկսում կանայք ու աղջիկները: Յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին թողնում են աշխատանքը, ընտանիքն ու առօրյա հոգսերը՝ ծանոթանալու զենքի հետ վարվելու կանոններին:

Թամարա Խառատյան (հրաձգության դասընթացի մասնակից) - Վերջին անգամ երևի թե մասնակցել եմ դպրոցական տարիներին, սովորել եմ կրակել Կալաշնիկովի ավտոմատից:

Անահիտ Մաթևոսյան (հրաձգության դասընթացի մասնակից) - Դասընթացից ակնկալիքներ ունեմ՝ գոնե մինիմալ գիտելիքներ, թեկուզ տեսական, ձեռք բերել և մի փոքր գործնական գիտելիքներ՝ զենքի հետ վարվելու:

1300 մասնակցի շարքում, թեև պրոֆեսիոնալ զինվորականներ չկան, բայց կան փորձառուները, որոնք եկել են խորացնելու գիտելիքները, ոմանք չեն բացառում զինվորական ծառայության անցնելու հնարավորությունը:

Արփինե Խաչատրյան (հրաձգության դասընթացի մասնակից) - Այսօրվա մեր եղած ռեսուրսների պայմաններում՝ աղջիկների պատրաստվածությունը՝ ռազմական իմաստով, ևս կարևոր է և անհրաժեշտ է: Եթե լիներ աղջիկների համար նախատեսված ծառայություն, ես անպայման կգնայի:

Զենքի քանդում-հավաքում, լիցքավորում, անվտանգության կանոնների ուսուցում, առաջին բուժօգնություն, այն գիտելիքներն են, որոնք դասընթացի մասնակիցները ստանում են մինչև մարտական զենք վերցնելը: Հետո արդեն զբաղեցնում են կրակային դիրքն ու փորձում խոցել բոլոր թիրախները: Տեսական և գործնական դասընթացը տևում է 4-8 ժամ:

Արամ Թորոսյան (ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ) - Մասնագետներն այնպիսի ծրագիր են մշակել, որ նախնական գիտելիքներ ձեռք բերելու և յուրացնելու առումով լիարժեք է և բավարար:

Հրաձգության գործնական դասընթացներն այժմ անցկացվում են Երևանում: Այս փուլից հետո Պաշտպանության նախարարությունը կրակային պարապմունքներ կկազմակերպի նաև մարզերում:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում