Եթե Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, այդ դեպքում ԼՂ հայությունն ինչո՞ւ չի զգում դա. Փաշինյան

ԳԳոհար Սարգսյան

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե ԼՂ հարցը Սոչիի ու Պրահայի հայտարարություններով պատմության գիրկն է ուղարկվել:

Փաշինյանը հարց ուղղեց, որ եթե  Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, այդ դեպքում ԼՂ հայությունն ինչո՛ւ չի զգում դա: 

«Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստին, որ Պրահայից և Սոչիից առաջ էլ էր Ադրբեջանի նախագահն այդ նույն արձանագրումն անում: Այստեղ պետք է հասկանալ, թե ո՛րն է նրա արձանագրման տարբերությունը Պրահայից և Սոչիից առաջ ու հետո: Մենք ասել ու ասում ենք, որ երբեք էլ ԼՂ հիմնախնդիրը տարածքի խնդիր չի եղել: Այլ բան, որ մենք մեր արտաքին քաղաքականությունը, դիվանագիտությունը այս կոնտեքստն ամբողջությամբ ի վիճակի չեն եղել ներկայացնել միջազգային հանրությանը: Մենք ասում ենք, որ ԼՂ հայության իրավունքները և անվտանգությունը պետք է հասցեագրվեն:

Եթե  Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, այդ դեպքում ԼՂ-ի հայությունն ինչո՞ւ չի զգում դա: Եթե  Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, ինչո՞ւ են ադրբեջանական զորքերը ԼՂ շուրջը դիրքեր տեղադրել և ինչո՞ւ են կրակում ԼՂ-ի վրա: Սա շատ կարևոր հարց է, որի բովանդակային պատասխանը պետք է նաև միջազգային հանրությունը ստանա: Մենք դեմ չենք, որ ԼՂ հարցը լուծված լինի, մենք ասում ենք, որ այդ լուծումն առաջին հերթին պետք է զգան, տեսնեն, ընդունեն այնտեղ ապրող մարդիկ: Ինչո՞ւ են նրանք անընդհատ սպառնալիքի ներքո:

Երբ ասում են` հայերը ոչ մի խնդիր չունեն և չեն ունենա, եկեք հիմա գնանք, տեսնենք` Հադրութի ժողովուրդը ունի՞ խնդիր, թե՞ չունի, հիմա Հադրութի ժողովուրդն իրենց տներում ապրո՞ւմ է: Ո՞րն է այդ հարցի կարգավորման ադրբեջանական տեսլականը. որ Ղարաբաղում ապրող բոլոր հայերը պետք է արժանանան այն նույն ճակատագրին, ինչ ճակատագրին արժանացել են կամ գոնե այս պահին ինչ վիճակում գտնվում են Հադրութի հայե՞րը: Այդ դեպքում պիտի արդարացված համարեն իմ այն արձանագրումը, որ այս ամենից ցեղասպանության նախապատրաստության տպավորություն է ստացվում, կամ հենց այդպես էլ կա»,- ասաց Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում