44-օրյա պատերազմում զոհված Ավետիք Կարճիկյանի եղբայրն է լույս աշխարհ եկել

ՀՀայկուշ Ասլանյան

Մի-մի բաժակ փրփրագինի՝ հենց ծննդատան դիմաց: Շնորհավորանքներն ուղղված են Կարճիկյան ամուսիններին, որոնց որդին՝ Ավետիք Կարճիկյանը, հերոսաբար զոհվեց Մեխակավանում 44-օրյա պատերազմի օրերին: Նորածինը, որին ևս Ավետիք են կոչել, հույս և ուրախություն է բերել ընտանիք:

Աշխեն Կարճիկյան (նորածնի քույրը) - Ժամանակը կանգ էր առել, որ 9 ամիսներին հասնեինք մեր փոքրիկին: Շատ տանջանքներից հետո մեր տունը լույս, հույս, հավատ լցվեց, ապրելու իմաստ՝ առաջին հերթին իմ ծնողների համար:

Առողջական խնդիրներով ամուսինները դժվարությամբ են որոշել 28 տարի անց երրորդ երեխան լույս աշխարհ բերել: Բայց եղբայր ունենալու մասին հուշել է ինքը՝ Ավիկը՝ մոր երազների միջոցով: Երրորդ անգամ հայրացած Զավենը հուզմունքից կորցրել է խոսելու ունակությունը, փորձում է վերաիմաստավորել կյանքը:

Զավեն Կարճիկյան (նորածնի հայրը) - Ուղղակի ապրելու հույս է տալիս:

Ավիկը ծնվել է առողջ՝ 51 սմ հասակով ու մոտ 3 կգ քաշով: Էջմիածնի ծննդատան բուժանձնակազմը առանձնահատուկ ջերմությամբ է շրջապատել մորն ու մանկանը:

Լիլիթ Մկրտչյան («Էջմիածին» ԲԿ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ) - Կնոջ վիճակը լավ է, բուժանձնակազմը նրա կողքին է, ամեն ինչ արվում է, որ բալիկի հետ շրջապատված լինեն սիրով, հոգատարությամբ: Շնորհակալություն կնոջը, որ 28 տարի անց համարձակություն ունեցավ նորից մայրանալ:

Տևական դադարից հետո նորածին գրկելն արդեն թոռնիկ ունեցող տիկին Անժելայի համար մի քիչ անսովոր, բայց հաճելի զգացողություն է: Ուրախությունը երբեմնի ջերմ ընտանիք վերադարձնելն իր պարտքն է համարել ու վճռել՝ տունը մանկան ճիչով լցնել է պետք:

Անժելա Եղիազարյան (նորածնի մայրը) - Առողջական խնդիրների պատճառով վախենում էի, բայց հասկացա, որ աղջիկս մենակ է, ուժ հավաքեցինք, հասկացանք, որ մեր ընտանիքը պետք է մեծանա: Հուսով եմ՝ ինքը կլցնի մեր տունը:

Աղջիկը՝ Աշխենը, որ երկու տարեկան դստերն է մեծացնում, կօգնի մեծացնելու նաև նորածին եղբորը: Իր և ավագ եղբոր սենյակում հիմա կրտսեր Ավիկը հասակ կառնի: Նրա մահճակալն ու անկողնային պարագաներն արդեն պատրաստ են: Քույրը գնումներ արել ու սպասում է փոքրիկ Ավիկի նորամուտին:

Ընտանիքն այս օրերին հյուրերի պակաս չունի: Շնորհավորանքի կրկնակի առիթ կա. հետմահու լույս է տեսել նաև Ավետիք Կարճիկյանի «Հնչող ձայներ» բանաստեղծությունների առաջին հատորը: 27 տարեկան Ավիկը պատմաբան էր, գրում էր, նկարում, նվագում: Սիրում էր կատակել, սիրելիներին գեղեցիկ անակնկալներ մատուցել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում