Մինչև տարեվերջ նախատեսվում է աճուրդով վաճառել 250 պետական ավտոմեքենա

ՀՀովհաննես Վարդանյան

«Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի մեքենաների պահպանման վայրում տարբեր տարեթվերի ու մակնիշի 383 պետական մեքենա կա, որոնք ենթակա են օտարման: Մինչև տարեվերջ անկախ փորձագետները այս մեքենաները պետք է գնահատեն, որից հետո նախատեսվում է 250 մեքենա աճուրդով վաճառել:

Աճուրդի կդրվեն այն մեքենաները, որոնք համեմատաբար լավ վիճակում են: Իսկ այն մեքենաները, որոնք շահագործման ենթակա չեն, կվաճառվեն որպես ջարդոն: Պետգույքի պահառության վայրում քաղաքացիները աճուրդից առաջ տեղում կարող են տեսնել, թե իրենց նախընտրած մեքենան ինչ վիճակում է:

Արա Խլոյան (ՊԳԿԿ «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար- Մեզ մոտ մեքենաների գերակշիռ մասը Ոստիկանությունից է տեղափոխվել, հետո` Քննչական կոմիտեից, Դատախազությունից: Գնահատումից հետո իրական պատկերը մենք հստակ կիմանանք` որ տոկոսն ինչ մաշվածության է, որն է պիտանի, ոչ պիտանի:

Կառավարությունը որդեգրել է պետական համակարգի մեքենաների օպտիմալացման քաղաքականությունը: Գործադիրն այս տարվա սեպտեմբերի 1-ի Կառավարության նիստում պետական ապարատի 654 մեքենա օտարելու մասին որոշում ընդունեց:

Թե օպտիմալացման արդյունքում որքան գումար է նախատեսվում պետբյուջե մուտք անել` ներկայացնում է կոմիտեի նախագահը:

Առնակ Ավետիսյան (Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ- Այս տարվա մեքենաների օտարումների արդյունքում մենք նախատեսում ենք պետական բյուջե մուտքագրել շուրջ 100 միլիոն դրամ գումար, սա, իհարկե, շատ նախնական գնահատական է, քանի որ գործընթացը տեղի է ունենալու աճուրդային եղանակով, և էնտեղ հավանականությունը, որ գները կարող են բարձրանալ անկանխատեսելիորեն, իհարկե մեծ է` կախված մրցակցության մակարդակից:

Լիցենզավորված մասնագետները գույքը կգնահատեն, կտան մաշվածության տեխնիկական բնութագիրն ու կորոշեն մեքենայի նվազագույն արժեքը: Պետական գույքի կառավարման կոմիտեն Գույքի գնահատման և աճուրդի կենտրոնից հայտը ստանալուց հետո պետք է մեկ ամսվա ընթացքում կազմակերպի մեքենաների աճուրդը: Աճուրդի մասին հրապարակային ծանուցում են «Ազդարարով», կոմիտեի պաշտոնական կայքի և ֆեյսբուքյան էջի միջոցով:

Գեղամ Ասատրյան (Պետական գույքի կառավարման կոմիտեի հանրային կապերի պատասխանատու- Ծանուցմամբ կարող են տեղեկանալ ինչպես մեքենաների տեխնիկական վիճակին, մաշվածության աստիճանին, այնպես էլ այլ մանրամասների` ինչպես մասնակցել, որքան նախավճար, որքան մուտքի վճար նախատեսի աճուրդի մասնակցությունը:

Առաջիկայում նաև նոր մեքենաների ձեռքբերման մրցույթ կհայտարարվի: Պետական գույքի կառավարման կոմիտեն նախապատվությունը տալու է էլեկտրամոբիլներին, որոնց թե՛ սպասարկումը, թե՛ վառելիքի ծախսն ավելի քիչ է: Կոմիտեն մինչև տարեվերջ նաև կգործարկի առցանց գնումների հարթակը, որը հնարավորություն կտա ավելի շատ թվով մարդկանց ներգրավել աճուրդներին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում