Գյուղատնտեսության աջակցության ծրագրով Արմավիրի Դողս գյուղում ազնվամորու այգի է հիմնվել

ՀՀայկուշ Ասլանյան

Ազնվամորու այգին Արմավիրի Դողս գյուղում է: Արարատյան դաշտի արևից խոնավասեր բույսը չի չորացել, հակառակը՝ աճել-փարթամացել է:

Սերգեյ Սարիբեկյան (այգեգործ) - Քանի որ Արարատյան դաշտում տաք է, այդ պատճառով խորհուրդ չի տրվում այս տարածքում այս մշակաբույսը, բայց փորձում ենք կոտրել այդ կարծրատիպը և աճեցնել:

Այգին հիմնել է մայրաքաղաքում ծնված ու մեծացած Սերգեյը: Երբևէ գյուղատնտեսությամբ չզբաղված երիտասարդը ռիսկի է գնացել, իսկ հիմա նույնիսկ նոր ներդրումների մասին է մտածում: Պտղարտադրության մեջ ուժերը փորձելուն օգնել է պետությունը՝ գյուղատնտեսության աջակցության ծրագրով: Այգու մշակությունը սկսել է 1 հա-ից, հասցրել 4,5-ի:

Սերգեյ Սարիբեկյան - Սկզբում հիմնել ենք մեկ հա մոշի ինտենսիվ այգին՝ պետական գյուղաջակցության ծրագրով, այնուհետև, 21 թվականին, մալինայի այգին ենք հիմնել, իսկ այս տարի՝ կեռասի և մոշի այգին: Եթե այդ ծրագիրը չլիներ, հնարավոր է՝ այգին չլիներ:

Նորատունկ այգու ծառերն ու թփերը սերտիֆիկացված են, իսկ ոռոգումն իրականացվում է կաթիլային եղանակով: Որ ջրի խնդիր չունենան, երիտասարդ ֆերմերը ջրավազան է կառուցել և պոմպերով զտված ջուրն են այժմ օգտագործում:

Առաջին բերքահավաքից դժգոհ չէ. թե՛ մոշի, թե՛ ազնվամորու թփերից այնքան բերք է ստացել, որ շուկա չհասցրած՝ սպառվել է: Ոլորտում փորձ ձեռք բերող երիտասարդը վստահ է՝ հաջորդ տարիներն ավելի բերքառատ են լինելու: Միայն թե նորից չբախվի աշխատուժի խնդրին, որ էտից մինչև բերքահավաք գործը սահուն ընթանա: Իսկ հիմա նրան՝ իր փորձով, դողսեցի ընկերն է օգնում:

Բերքը, թեև ներքին սպառման շուկայի համար է, բայց արտահանումը ևս չեն բացառում: Որոշել են սառնարանային տնտեսություն հիմնել, որ շուտ փչացող հատապտուղը պահեստավորելու տեղ ունենա: Իսկ կեռասենիները հաջորդ տարի բերք կտան: Երիտասարդ ֆերմերը կեռասի ծառերը կպաշտպանի հակակարկտային ցանցով, հնարավորությունների դեպքում էլ՝ մոշի և ազնվամորու թփերի համար արևապաշտպան ցանց կպատվիրի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում