Առողջապահության համընդհանուր ապահովագրությունը՝ 2023-ից

ԱԱրսեն Մկրտչյան

Հաջորդ տարվանից կմեկնարկի և փուլային տարբերակով մինչև 2027 թվականն ամբողջությամբ կներդրվի առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգը: Ապահովագրությունը առաջին հերթին քաղաքացիների շահերից է բխում, և հիմնական նպատակը Հայաստանում բժշկական ծառայությունները բնակչությանն առավել հասանելի դարձնելն է՝ ասում է առողջապահության փոխնախարարը:

Լենա Նանուշյան (ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ) - Շատ հաճախ ստիպված են լինում մարդիկ բժշկական ծառայության համար աղետալի ծախսեր իրականացնել: Պարտք են վերցնում, որ կարողանան վիրահատության համար վճարել, դեղորայք ձեռք բերել:

Պետպատվերի, անհետաձգելի բուժօգնության և այլ ծրագրերով պետությունն այսօր որոշ խմբերի համար ապահովում է բժշկական անվճար ծառայություններ, սակայն խնդիրը դրանով ամբողջական լուծում չի ստանում:

Լենա Նանուշյան - Մի քանի տարի առաջ որոշում կայացվեց որ ԱՆ-ն պետք է մշակի այնպիսի մի համակարգ, որը հնարավորություն կտա բոլոր քաղաքացիներին հասանելի առողջապահություն ապահովել:

Նախատեսվում է, որ որոշ խմբերին մատուցվող ծառայությունների համար կփոխհատուցի պետությունը, կիրականացվի նաև ծառայությունների գնի վերահաշվարկ: Նախապատրաստական փուլում առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգում կընդգրկվեն կենսաթոշակառուները:

Լենա Նանուշյան - 90 տոկոսից ավելի հիվանդությունների տրամադրվելու է այս փաթեթի շրջանակում, հիմնական այն ծառայությունները, որոնք դուրս են մնացել փաթեթից: Դրանք ատամնաբուժական և պալատի համար վճարվող ծառայություններն են, պլաստիկ, ծառայություններ, որոնք որ խնդիր չեն լուծում:

Ներառված են նաև փոխպատվաստման ծառայությունը, օնկոլոգիական հիվանդությունների դեպքում՝ քիմիաթերապիան, սիրտ-անոթային տարբեր հիվանդությունների բուժումը:

Լենա Նանուշյան - Ներառել ենք առաջնային օղակում դեղորայքի փաթեթը՝ բավականին մեծ, ինչը հնարավորություն կտա մարդկանց հենց առաջնային օղակում ստանալ դեղորայքը և կանխարգելել հիվանդությունների բարդացումը:

Ուսումնասիրվել է միջազգային, մասնավորապես Լիտվայի փորձը, որտեղ համակարգը վաղուց է ներդրված:

Լենա Նանուշյան - Շատ հաճախ ասում ենք, որ ամբուլատորիաների պոլիկլինիկաների ծառայություններն անվճար են, բայց մարդիկ հասկանում են, որ երբ դեղորայքը չենք կարողանում իրենց տրամադրել և անհրաժեշտություն լինի լրացուցիչ հետազոտություն անցնելու, ֆինանսական խնդիր լինելու դեպքում չեն կարողանալու դա անել:

Արդյունքում ակնկալվում է, որ դիմելիության մակարդակը կաճի, և այն կծառայի հիվանդությունների կանխարգելմանը: Համակարգը կներդրվի Պետական առողջապահական գործակալության բազայի հիման վրա: Ծառայությունների մատուցումը կտրամադրվի համահարթ եղանակով:

Ահարոն Բարսեղյան (ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալության պետ) - Բոլորի համար երաշխավորելու ենք համանման ծառայություններ՝ անկախ նրանց սոցիալական կարգավիճակից:

Խրախուսելու նպատակով սկզբնական շրջանում նախատեսվում է սուբսիդավորել կամավոր ապահովագրության փաթեթներին միացած քաղաքացիների տոկոսավճարները: Թե որքան կկազմի պետության մասնակցությունը՝ դեռևս քննարկվում է: Վերջնականացված չեն նաև ապահովագրության վճարների հետ կապված հաշվարկները:

Ահարոն Բարսեղյան - Համահարթեցման մեխանիզմ ունենք, որ եթե ապահովագրավճարը գերազանցում է կոնկրետ տվյալ անձի եկամտի տոկոսագումարը, ավել մասը պետությունը որոշակի փոխհատուցում է:

Առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգը ներդնելուն զուգահեռ Առողջապահության նախարարությունը մի շարք բարեփոխումներ է իրականացնում, մասնավորապես առողջության առաջնային պահպանման օղակում վերազինման գործընթաց է սկսվել պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում, վերապատրաստվում են բուժաշխատողները: Բժշկական ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ ևս աշխատանքներ են իրականացվում:

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում