Մեղրիով երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհի կառուցումը կախված է Հայաստանի դիրքորոշումից. Օվերչուկ

ԴԴիանա Գասպարյան

ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿԸ. ՕՎԵՐՉՈՒԿ

Հարավային Կովկասում ներկայում ձևավորվում է միջազգային տրանսպորտային միջանցքների խաչմերուկը՝ «Հյուսիս-հարավ» և «Արևելք-արևմուտք»: Եթե այդ նախաձեռնությունը կյանքի կոչվի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսությունները լրացուցիչ եկամուտ կստանան՝ հաշվի առնելով Եվրասիայում այդ երկրների աշխարհագրական դիրքի առավելությունները։ Այս մասին «Արտադրված է Ռուսաստանում» համաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Ալեքսեյ Օվերչուկ (ՌԴ փոխվարչապետ) - Այս առումով էական դեր կխաղա Հայաստանի կամ Իրանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապերի ապաշրջափակումը։

Իրանն ու Ադրբեջանն արդեն սկսել են սահմանին կամուրջների կառուցումը, դրանք կկապեն երկու երկրի ավտոճանապարհներն ու հնարավորություն կտան արագ և հարմարավետ երթևեկություն ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհի կառուցումը Մեղրիով՝ Հայաստանի տարածքով, որի ինքնիշխանությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում, կախված է Հայաստանի դիրքորոշումից։ Ընդ որում, Հայաստանը շրջանցող ճանապարհ արդեն կառուցվում է Իրանի տարածքով. այն պատրաստ կլինի մոտավորապես 2024 թ․ և թույլ կտա դուրս գալ Իրանի, Թուրքիայի և Եվրոպայի շուկաներ։

Օվերչուկը նշել է, որ Հյուսիս-հարավով ավտոմոբիլային և երկաթուղային փոխադրումներ են իրականացվում, սակայն տրանսպորտային միջանցքը չի բավարարում երթևեկության ծավալների սպասվող աճին և արդիականացման ու հզորության ավելացման կարիք ունի:

ՌԴ փոխվարչապետն անդրադարձել է Ռաշտ-Աստարա երկաթուղուն, տեղեկացրել՝ Իրանում վերսկսվել են այդ հատվածում բացակայող 160 կիլոմետրանոց երթուղու կառուցման շուրջ քննարկումները: Օվերչուկը նաև հավելել է, որ Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը բանակցում են արևմտյան երթուղու տրանսպորտային և լոգիստիկ օպերատորի ստեղծման շուրջ, ինչը թույլ կտա վերահսկել ապրանքների հոսքը, ներդաշնակեցնել սահմանային հսկողության ընթացակարգերը և ապահովել Պարսից ծոցի նավահանգիստներից Բալթյան երկրներ և հակառակ ուղղությամբ անխափան բեռնափոխադրումը:

BELLINGCAT-Ի ԼՐԱԳՐՈՂՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԲԱՔՎԻ ԱԳՐԵՍԻԱՅԻՆ

Bellingcat հետաքննական հարթակի լրագրող Կարլոս Գոնսալեսն իր հոդվածում անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային:

Նա, մասնավորապես, քննության է ենթարկել ադրբեջանական զինծառայողների կողմից հայ ռազմագերիների արտադատական սպանությունների երկու տեսանյութ, որոնք տարածվել էին ադրբեջանական սոցցանցերում: Հոդվածի հեղինակը տեղորոշել է միջադեպի հստակ վայրը, այն է՝ Սև լճից ոչ հեռու Իշխանասար լեռան վրա գտնվող դիրքը: Նա նաև անդրադարձել է զինծառայողների հանդերձանքին և սպառազինությանը՝ փաստեր ներկայացնելով, որ դրանք պատկանում են Ադրբեջանի ԶՈՒ-ին:

Գոնսալեսը նաև հերքել է ադրբեջանական կողմի պնդումները, թե նշված տեսանյութերը մոնտաժված են և չեն համապատասխանում իրականությանը:

ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ Է ՀՈՂԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԵԼ

Նախիջևանի Փառակա գյուղում 10-20-րդ դարերի հայկական գերեզմանատան ավելի քան 800 տապանաքարեր, խաչքարեր և խոյաձև քանդակներ, որոնցից մոտ 70-ի վրա հայերեն արձանագրություններ են եղել, 1997-2009 թվականների ընթացքում բուլդոզերով ավերվել են: Տարածքը հողին է հավասարեցվել, գերեզմանատան տարածքում 13 նոր տուն է կառուցվել՝ ահազանգում է Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը:

Կառույցի տվյալով՝ գերեզմանատունը գտնվել է Փառակա գյուղի հյուսիսում և մեծ տարածք զբաղեցրել։ 1933 թվականի խորհրդային քարտեզներում այն հիշատակվում է որպես քրիստոնեական գերեզմանատուն:

ՌԴ ՍԱՀՄԱՆԸ ՀԱՏՈՂՆԵՐԻ ՀՈՍՔԸ ՆՎԱԶԵԼ Է

«Վերին Լարս» և «Նիժնի Զարամագ» անցակետերում հոկտեմբերի 22-ից կհանվեն շարժական զինկոմիսարիատները, որոնք տեղադրվել էին Ռուսաստանում մասնակի զորահավաք հայտարարվելուց հետո՝ տեղեկացրել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ սահմանը հատողների հոսքը նվազել է, վիճակը կայունացել է:

«Սահմանապահներն արդեն հստակեցրել են այն քաղաքացիների ցուցակները, որոնց արգելված է հեռանալ երկրից»,- հավելել է Մենյայլոն։

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՇՈՅԳՈՒ-ՕՍԹԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ

Տեղի է ունեցել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարների հեռախոսազրույցը: Սերգեյ Շոյգուն և Լլոյդ Օսթինը քննարկել են միջազգային անվտանգության հետ կապված մի շարք հարցեր, անդրադարձել Ուկրաինայի շուրջ զարգացումներին՝ ասված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ:

Պենտագոնի հաղորդագրության համաձայն՝ Լլոյդ Օսթինն ընդգծել է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիների պահպանման կարևորությունը։ Սա ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից ի վեր նախարարների երկրորդ հեռախոսազրույցն է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում