Հայաստանում մոտ 236.000 երեխա ընդգրկված չէ նախադպրոցական կրթական ծառայությունում

ՄՄարիա Գաբրիելյան

Հայաստանում մոտ 236.000 երեխա ընդգրկված չէ նախադպրոցական ծառայությունում: 0-5 տարեկանների նախադպրոցական կրթության ներգրավվածությունը բարձրացնելու համար ներկայում մեծ թափով իրականացվում է Կառավարության նախաձեռնած մինչև 2026 թվականը 500 մանկապարտեզ կառուցելու ծրագիրը:

Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Միայն այս պահին ավելի քան 92 մանկապարտեզներում մենք ունենք ընթացիկ աշխատանքներ, դրանք և՛ նոր մանկապարտեզներ են, և՛ գոյություն ունեցող, սակայն իրենց վատ պայմանների պատճառով փաստացի չգործած մանկապարտեզներ են, նախակրթարաններ են: Մենք ունենք հնարավորություն էապես ընդլայնել այս ցուցանիշները:

Այն բնակավայրերում, որտեղ երեխաների թիվը փոքր է, և նախադպրոցական ծառայություն չկա, գործարկվում է նախադպրոցական կրթության այլընտրանքային ծառայությունների մոդելը: Համայնքներին պետական բյուջեից տրամադրվում են դրամաշնորհներ՝ այդպիսի ծառայություններ բացելու համար:

Ժաննա Անդրեասյան - Կան ավելի քան 10 համայնքներ, որտեղ գործում են նման մոդելով ծառայությունները, և այս տարվա ընթացքում էլ մի քանի նման բնակավայրերում մենք բացեցինք այս ծառայությունները:

Նախորդ տարի 10 բնակավայրերին տրամադրվել է մինչև 8 մլն դրամ, որը հիմնականում օգտագործվել է տարածքի վերանորոգման, անհրաժեշտ պայմանների ապահովման, գույքով հագեցման համար, իսկ պահպանման ծախսերը, դաստիարակի աշխատավարձը համայնքն իր վրա է վերցնում:

Ժաննա Անդրեասյան - Այս տարի նույնպես մի քանի փուլով մրցույթ է հայտարարված, որը մենք այս մոտակա օրերին կամփոփենք և առաջիկայում կունենանք նաև նոր համայնքներ, որոնք կօգտվեն ծրագրից:

Նախադպրոցական կրթության զարգացման կարևոր բաղադրիչներից մեկն էլ մասնագետների վերապատրաստումն է, որը «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի հստակ պահանջն է: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ մշակվել են վերապատրաստման կարգերը, ծրագիրը, չափորոշիչը, և արդեն մեկնարկել է մանկավարժական աշխատողների վերապատրաստման նպատակով կազմակերպությունների երաշխավորման գործընթացը: Մինչև տարեվերջ պետության ֆինանսավորմամբ կվերապատրաստվի ավելի քան 1000 աշխատող:

Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում