Ադրբեջանում պետական մակարդակով խրախուսվում է հայատյացությունը

ԼԼիլիթ Ասատրյան

Տարոն Հովհաննիսյան (Ադրբեջանի հարցերի փորձագետ) - Սա Սումգայիթի դպրոցներից մեկն է, որտեղ հավաքել են երեխաներին և ստիպում են կրկնել՝ «Հավատարմություն՝ ժողովրդին, ծառայություն՝ ազգին և ատելություն՝ թշնամու հանդեպ»:

Այս տեսանյութը օրեր առաջ ադրբեջանցի իրավապաշտպան Նիջաթ Իմրանն է հրապարակել Թվիթերում, կից գրառմամբ:

Եվս մեկ տեսանյութ այն մասին, թե ինչպես են երեխաները մեծանում պատերազմի և ատելության ոգով: Հիշեցնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա Հիտլերյուգենդը:

Տարոն Հովհաննիսյան - Սա Ադրբեջանում առանձին հանդիպող դեպք չէ:

Ունենք բազմաթիվ տեսանյութեր մանկապարտեզից սկսած, որտեղ սովորեցնում են՝ ով է հայը, և պետք է ատել հային, սա դասական օրինակ է՝ ինչպես վարվում հակահայկական քարոզը:

Ադրբեջանն այսպիսի քարոզ անկախացումից սկսած է տանում՝ մանրամասնում է Հովհաննիսյանը, ընդգծում՝ վերջին տարիներին ուղղակի համացանցի տարածման արդյունքում դրանք դառնում են հասանելի:

Տարոն Հովհաննիսյան - Նաև կեղծ պատմագիտական թեզեր են տարածում, որ քոչվոր են հայերը, թափառական, իսկ իրենք բնիկ ժողովուրդ են, որոնք ենթարկվել են հայերի ագրեսիային դարերի ընթացքում, սա է ադրբեջանցին ստանում բոլոր տարիքային խմբերում:
Տարիներ շարունակվող ադրբեջանական վայրագություններն ու ռազմական հանցագործությունները հետևանքն են հենց այս քարոզի: 

Արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Սաֆարով, որ կկացնահարի քնած հայի, վառ օրինակները տեսել ենք 2016-ին, 20-ին և տեսել ենք սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ:

Արթուր Աթանեսյան (սոցիոլոգ) - Սումգայիթն ու Բաքուն չպետք է մոռանալ:

Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանը շեշտում է՝ պատերազմները բոլոր հասարակություններում միշտ են կանոններ ունեցել:

Արթուր Աթանեսյան - Միջնադարում կռվողների ձեռքին երկու թուր կար՝ ուղիղ, որ գիտենք ֆիլմերից, և ատամիկներով, որը ցավ պատճառելով միանշանակ սպանում էր մարդուն: Երբ որ գերի էին բռնում, այդպիսի թրով պատերազմի տականքի, նրան սպանում էին, որովհետև պատերազմը միշտ է օրենքներ ունեցել և բարոյականություն մյուսների հետ վարվելու՝ միշտ առկա էր: Այսօր այդպիսի վեհ մոտեցում և բարձր արժեքներ ադրբեջանցիների կողմից չէինք տեսնում, իսկ ինչու ենք մտածում, որ պետք է տեսնենք, եթե դասագրքերից իրենց դա են սովորեցնում:

Հայատյացությամբ մեծացած հասարակության մեջ հային դաժանորեն սպանելը ընկալվում է բնական գործընթաց՝ կարծում են փորձագետները: Հայ զինծառայողների գնդակահարության վերջին տեսանյութը հենց այդ ամենի հետևանքն է:

Տարոն Հովհաննիսյան - Օրինակ եղել է նաև 90-ականներին, նաև 2016-ին պարգևատրվեցին անձամբ Ալիևի կողմից ռազմական հանցագործություն արած զինվորականները, նաև 2020-ին:

Արթուր Աթանեսյան - Հերոսացվեց Ռամիլ Սաֆարովն իր հանցագործության համար, իսկ ինչ դասեր մենք քաղեցինք՝ լինենք Սաֆարովի՞ նման, թե՞ Մարգարյանի, երրորդը չկա, որովհետև պատերազմ է:

Եթե պետական մակարդակով շարունակեն խրախուսել ռազմական հանցագործությունները, և այս դպրոցականների հոգեբանությամբ դաստիարակեն հասարակությանը, ապա խաղաղության օրակարգը բացառվում է՝ շեշտում են փորձագետները:

Քանի դեռ ադրբեջանական զինծառայողները անպատժելի են իրենց երկրում, Ադրբեջանն էլ՝ մյուս երկրների կողմից, ձեռագիրը չի փոխվի:

Տարոն Հովհաննիսյան - Կան հայտարարություններ, ու կան գործողություններ, եթե հայտարարությունները չեն ուղեկցվում գործողություններով, ամենահասցեական հայտարարություններն էլ արդյունք չեն տա Ադրբեջանի դեպքում: Այս ամենը նաև ժամանակին միջազգային արձագանք չունենալու հետևանքն է:

Հովհաննիսյանն ընդգծում է՝ խոշտանգումների մասին տեսանյութեր պարբերաբար են հայտնվում՝ պատահական չէ: Ադրբեջանի ղեկավարության ռազմավարության մասն է՝ հոգեբանորեն ճնշում են հայ զինվորներին ու հասարակությանը, զուգահեռ՝ ոգևորում իրենց զինվորներին ու հասարակությանը:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում