2022-ի հունվար-սեպտեմբերին փախստականի կարգավիճակ է տրամադրվել 240 օտարերկրացու

ՆՆարե Ոսկանյան

Հայաստանը վերջին 9 ամիսներին 627 օտարերկրացուց ապաստանի հայց է ստացել: Ավելի քան 300-ը՝ Ուկրաինայի քաղաքացիներից:

Նելլի Դավթյան (ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու) - Մնացած պոպուլյար երկրներից ցանկը կարծես ընդհանուր առմամբ չի փոխվել, դրանք են՝ Իրանը՝ մոտ 70 հայց, Իրաքը՝ կրկին մոտ 70 հայց, Կուբան՝ ավելի քան 40 հայց և 12-ական Ռուսաստան և Սիրիա:

Ապաստանի հայցով օտարերկրացին դիմում է փախստականի կարգավիճակ ստանալու համար: Հայցի քննումը տևում է շուրջ 3 ամիս, որոշ դեպքերում՝ մինչև 6:

Նելլի Դավթյան - Կարգավիճակ տրամադրվել է հենց Ուկրաինայի քաղաքացիներին, էստեղ կարող եմ ընդգծել, որ ճիշտ է՝ Ուկրաինայի քաղաքացիներ են, բայց մեր ապաստան հայցողների գերակշիռ մեծամասնությունը ազգությամբ հայեր են:

Միգրացիոն ծառայությունը 9 ամսում 627 հայցից բավարարել է 240-ը: Փախստականի կարգավիճակ ստացած անձանց տրամադրվում է հատուկ անձնագիր: Ուկրաինայից Եկատերինան մոտ օրերս կստանա փախստականի կարգավիճակ: Իրենց երկրում վերջին իրադարձություններով պայմանավորված, որդու ու դստեր հետ ապրիլից Հայաստանում է:

Եկատերինա Գնունյան - Մեզ Հայաստանը շատ է դուր գալիս, հայերը շատ բարի ու կամեցող են, ամեն պահի պատրաստ են օգնելու:

Ամուսինն ազգությամբ հայ է, նա էլ շուտով այստեղ կլինի, չի բացառում՝ Հայաստանում ապրեն: Որդին արդեն առաջին դասարանում է:

Եկատերինա Գնունյան - Ես էլ եմ հաճախում հայերենի դասերի, որ և՛ որդուս օգնեմ, և՛ ինքս հեշտ ինտեգրվեմ:

Չէր մտածում, որ սիրելի հոբբին՝ նկարչությունը, այստեղ ապրուստի միջոց կդառնա: Նկարում է ու սոցցանցերի միջոցով վաճառում:

Եկատերինա Գնունյան - Պետք է միշտ ձգտել ինքնուրույն ինչ-որ բանի հասնել՝ անկախ կյանքի դժվարություններից: Աշխատանքով կկարողանանք ոտքի կանգնել:

Միգրացիոն ծառայությունը, ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունն ու գործընկեր կազմակերպությունները տարբեր ծրագրերով օգնում են փախստականներին ինտեգրվելու հասարակությանը:

Անահիտ Հայրապետյան (ՄԱԿ-ի Փախստականների գործակալության արտաքին կապերի պատասխանատու)  - Առաջին ձեռք մենելուց մինչև բնակարան գտնել, տեղավորվել, ֆինանսական աջակցություն, լեզվի ուսուցում:  Oգնել տան անդամներին գտնել իրենց նոր միջավայրում՝ լինի դպրոց, մանկապարտեզ, համալսարան, ամենակարևորը, որպեսզի թղթաբանությունը լինի ճիշտ, պատշաճ փաստաթղթավորում, պատշաճ իրավական կացություն:

Փախստականի կարգավիճակ ստանալուց հետո 9 ամիս անձը կարող է օգտվել կացարանի վարձի փոխհատուցման ծրագրից: Ամսական տրամադրվում է 60 հազար դրամ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում