Հայաստանի ֆաունայից որոշ թռչուններ կարող են անհետանալ ու հայտնվել Կարմիր գրքում

ՄՄարիա Գաբրիելյան

Հայաստանի ֆաունայից որոշ թռչուններ կարող են անհետանալ ու հայտնվել Կարմիր գրքում: Հայաստանում գրանցված 376 թռչնատեսակ կա, որոնցից 241 են մեր երկրում մշտական բնակվում, մյուսների համար Հայաստանը չվելու ժամանակ տրանզիտ երկիր է. ժամանակավոր մնում են, երամներով՝ հեռանում:

Կարեն Աղաբաբյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու) - Այսօր մեր Կարմիր գրքում գրանցված է 100-ին մոտ տեսակ, երբ վերաթողարկենք Կարմիր գիրքը, կարծում եմ, որ այդ տեսակների թիվը կաճի մոտ մի 20-25 տոկոսով:

Թռչունների վերացման պատճառը մարդն է՝ անուղղակի և ուղղակի ազդեցություններով՝ կարծում է թռչնաբանը: Ուղղակի պատճառներից նա առանձնացրեց անօրինական որսը: Սակայն խնդիր է տեսնում նաև օրինական որսի դաշտում, քանի որ թռչուններին սխալ են հաշվարկում, ինչի հետևանքով օրինական որսի ավելի շատ թույլտվություն է տրվում:

Կարեն Աղաբաբյան - Ծանր արդյունաբերությունից ստացվող ծանր մետաղները, որոնք կուտակվում են բնության մեջ, հետո ազդում են՝ գիշատիչ թռչուններ ստանում են այդ ծանր մետաղները բարձր դոզայով, ինչն ազդում է նրանց բեղունության վրա:

Մեր երկիրը թռչունների մոնիտորինգ իրականացնում է 2003 թվականից: Անտառների ոչ կայուն կառավարման հետևանքով սև փայտփորի թիվը զգալիորեն նվազել է, վտանգված է նաև մոխրագույն կռունկը՝ արձանագրում է BirdsLink Armenia կազմակերպության նախագահ Կարեն Աղաբաբյանը:

Կարեն Աղաբաբյան - Թվաքանակը կրճատվել է, ի տարբերություն սև փայտփորի՝ սա բնադրվում է ճահճուտներում, մասնավորապես, Շիրակի և Լոռու բարձրավանդակներում գտնվող ճահճուտներում վերացնում են բնադրավայրը:

Կլիմայի փոփոխությունները մեր երկիր նաև նոր թռչուններ են բերել, որոնք հիմնականում անապատի բնակիչներ են: Օրինակ՝ 2000 թվականից Հայաստանում հայտնվել է անապատային կաքավը, մի քանի տարի առաջ էլ մեր ֆաունայում նկատվեց դիմակավոր շամպրուկը:

Կարեն Աղաբաբյան - Կա փոքր թռչուն է՝ մորուշահրիկը, որը բնորոշ է կիսաանապատներին, ու նկատում են, որ այս տեսակը սկսում է տարածվել ավելի բարձր գոտիներ՝ գիհու նոսր անտառ, լայնատերև անտառ ու լեռնային տափաստաններ: Մի կողմից՝ կարելի է ուրախանալ, մյուս կողմից՝ սա նշանակում է, որ անապատացման գործընթացը ներխուժում է միջավայրեր:

Միևնույն ժամանակ, Աղաբաբյանը փաստեց, որ Սևանա լճի մակարդակի բարձացմանը զուգահեռ մեր երկիր է վերադարձել մեծ ձկնկուլը, որը ջրի մակարդակի նվազման հետևանքով այլևս չէր բնադրում Հայաստանում: Նախարարության պաշտոնյան չի հերքում՝ թռչունների պահպանության հարցում մեր երկիրը լուրջ խնդիրներ ունի, բայց կարևորում է, որ խնդիրները չեն թաքցվում, ու փորձում են լուծումներ տալ:

Հեղինակ՝ Անի Օհանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում