9 ամսում հայրենադարձության հարցերով 7000-ից ավելի դիմում է ստացվել

ՌՌոզա Խաչատրյան

Տիգրանն ու Անդրանիկը հայրիկի հետ եկել են Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակ՝ Հայաստանում կացության իրավունքի և քաղաքացիություն ստանալու հարցերով:

Արամ Գրիգորյան - Այստեղ ընտանիքիս հետ արձակուրդում եմ, օգոստոսի կեսին եկանք և նախատեսում էինք վաղը մեկնել, բայց վախենալու է, ոչ այնքան զորահավաքի համար. հայտնի չէ՝ վաղը ինչ կլինի:

Խորհրդատվություններ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը վերջին շրջանում հաճախ է կազմակերպում: Հայտերն ու տեղեկություն ստանալ ցանկացողներն են շատ:

Հովհաննես Ալեքսանյան (Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայենադարձության հարցերի պատասխանատու) - Գաղտնիք չէ, որ վերջին ամիսներին խիստ ակտիվացել է Հայաստանում վերաբնակեցման գործընթացը հետսովետական երկրներից, մասնավորապես՝ ՌԴ-ից, Բելառուսից և Ուկրաինայից: Այս 9 ամսում ստացել ենք 7000-ից ավելի դիմումներ, որոնք վերաբերում են հայրենադարձության հարցերին:

Գրասենյակ հիմնականում դիմում են քաղաքացիության, կացության ակտերի ձեռքբերման, երեխաներին մանկապարտեզ-դպրոց տեղավորելու, Հայաստանում բիզնես սկսելու հարցերով: Մոսկվայից Հրանտը նույնպես դիմումատուներից է, արդեն մեկ տարի է՝ Հայաստանում է ապրում: Նրա խոսքով՝ այստեղ ավելի ազատ ու ապահով է զգում:

Հրանտ Խաչատուրյան - Ռուսաստանի քաղաքացի եմ, հայկական քաղաքացիություն կուզեմ ստանալ, 4 տարեկանից էնտեղ եմ ապրում: Մոսկվայից եմ, որոշել եմ վերադառնալ, որովհետև Ռուսաստանը հիմա շատ ահավոր վիճակում ա, ու ես ինձ էնտեղ ազատ չեմ զգում: Արդեն մի տարի էստեղ եմ:

Հայկական անձնագրի պահանջարկը կտրուկ աճել է՝ նշում է գրասենյակի՝ Հայրենադարձության հարցերով պատասխանատուն:

Հովհաննես Ալեքսանյան (Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայենադարձության հարցերի պատասխանատու) - Հայաստանը կարող է նրանց համար դառնալ տուն, հուսով ենք՝ շատերի համար՝ նաև մշտական:

Ազգությամբ հայերի՝ քաղաքացիություն ստանալու գործընթացը պարզեցված և արագացված կարգով է: Դիմումը տալուց հետո 90 աշխատանքային օրում արդեն հնարավոր է ստանալ ՀՀ քաղաքացիություն:

Հովհաննես Ալեքսանյան - Ազգությամբ հայ լինելը որոշելիս դիտարկվում են քույրը, եղբայրը, հայրը, մայրը, տատիկը, պապիկը: Այսինքն՝ այս շրջանակից որևէ պետության կողմից պաշտոնական փաստաթղթով հիմնավորված իրողությունն արդեն ազգությամբ հայ համարվելու հիմք է տալիս:

Ազգությամբ ոչ հայերն ունեն ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու ընթացակարգեր՝ ամուսնություն ՀՀ քաղաքացու հետ, վերջին 2 տարում 365 օր այստեղ ապրելը և օրինական հիմքով 3 և ավելի տարիներ բնակվելը:

Իվան Տյուրկան - Քաղաքացիություն՝ երևի չէ, բայց կացության իրավունք նախատեսում եմ ստանալ: Հենց դրա համար էլ այսօր մասնակցում եմ այս միջոցառմանը, որ ստանամ ինձ հետաքրքրող հարցերի պատասխանները: Աշխատում եմ էքսկուրսավար Սարյանի թանգարանում:

Իվանը Մոսկվայից է, մի քանի ամիս է՝ Հայաստանում է, և դեռ առաջիկա ամիսներին կմնա մեր երկրում:

Իվան Տյուրկան - Կես տարի է՝ եղբորս հետ այստեղ ենք, որովհետև համաձայն չէինք այն ամենի հետ, ինչ կատարվում էր Ռուսաստանում: Ինձ համար ցավալի է և վիրավորական, թե ինչի է վերածվում իմ երկիրը, և ես շատ շնորհակալ եմ հայերին, որոնք մեզ այստեղ ջերմ ու գրկաբաց ընդունեցին:

Աշխատանքի փնտրտուքը Կոնստանտինը կսկսի արդեն վաղը. նոր է Հայաստան հասել: Դեռ ինչքան է մտադիր մնալ՝ չգիտի: Մեր երկիրը ընտրել է մի քանի պատճառով:

Կոնստանտին Զաբալոտնի - Իմ ընկերների և ծանոթների մեծ մասն այստեղ է տեղափոխվել դեռ մարտից: Ձեր երկրի մասին տպավորությունները միայն դրական էին: Իհարկե, տարբերակները շատ էին՝ Ղազախստան, Վրաստան, Մոնղոլիա, բայց ընտրեցի Հայաստանը: Վերադառնալ դեռ չեմ պատրաստվում:

Արխանգելսկից Մոսկվա, Մոսկվայից Երևան չվերթով է եկել, ասում է՝ ինքնաթիռի տոմսի արժեքով կարող էր լավ մեքենա գնել: Քաղաքացիության համար դեռ շուտ է, բայց կացության իրավունքը պետք կգա:

Ովքեր չեն հասցրել մասնակցել՝ այսպիսի հանդիպումներ հայրենադարձների և Հայաստան ժամանած ՌԴ քաղաքացիների հետ հաճախ կլինեն՝ նշում են գրասենյակից: Ցանկացողների համար նաև հայոց լեզվի եռամսյա դասընթացներ են սկսել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում